Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանի ինքնավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինչև 19-րդ դարի սկիզբը Երևանը որպես վարչական կենտրոն կառավարվում էր խանական օրենքներով, որոնք ապահովում էին կատարյալ ենթակայություն խանի ինքնակամ որոշումներին: Քաղաքը առանձին վարչական միավոր էր և չէր մտնում որևէ մահալի մեջ (Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալների): Երևանը կառավարում էր խանի կողմից նշանակված ոստիկանապետը: Նրան օգնում էին հարյուրապետները և տասնապետները: Քաղաքի կառավարմանը մասնակցում էին նաև թաղային ավագները: Հայկական թաղերի ավագներ՝ մելիքներ, նշանակվում էին, հիմնականում, հայ ժառանգական ազնվականներից:

Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո Երևանն Արևելյան Հայաստանի տարածքի վրա ձևավորված Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի վարչական կենտրոնն էր: Փոխվեց քաղաքի կառավարման ձևը. սկզբնական շրջանում՝ 1830-1870թթ., ուներ պարզ կառուցվածք: Կառավարման ապարատը՝ քաղաքային վարչությունը, բաժանված էր երկու մասի՝ ոստիկանական և դատական: Կարևոր էր նաև գանձապետի պաշտոնը: Թաղերի ավագները պահպանվեցին:

1870թ. հունիսի 16-ին Ալեքսանդր 2-րդը հաստատեց քաղաքային բարեփոխումների կանոնադրությունը, որը ներքին ինքնավարություն էր տալիս մեծ քաղաքներին: 1874թ. հոկտեմբերի 28-ի հրամանագրով վերոհիշյալ կանոնադրությունը տարածվեց նաև Անդրկովկասի քաղաքների վրա: Այս որոշումներից հետո Երևանի կառավարման համակարգը էականորեն փոխվեց. քաղաքը ստացավ ներքին ինքնավարություն[1]:

Քաղաքային կանոնադրությունը Երևանում կիրառելու համար նահանգապետի հրամանով ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ Բարսեղ Գեղամյանի գլխավորությամբ: Այն պետք է նախապատրաստեր համապատասխան կառույցների՝ քաղաքային ընտրական ժողովների, քաղաքային դումայի և քաղաքային վարչության ընտրությունները: Ընտրական ժողովները գումարվում էին չորս տարին մեկ անգամ՝ քաղաքային դումա ընտրելու նպատակով: Դրանց մասնակցել կարող էին 25 տարեկանից բարձր այն քաղաքացիները, ովքեր ռուսահպատակ էին, ունեին որոշակի գույք, որի համար հարկ էին տալիս քաղաքին: Քաղաքային դուման օրենսդիր մարմին էր: Նրա անդամները կոչվում էին ձայնավորներ, որոնց թիվը կախված էր ընտրողների թվից և հասնում էր առավելագույնը՝ 72-ի: Քաղաքային դուման էլ իր հերթին՝ փակ քվեարկությամբ, ընտրում էր քաղաքային վարչություն: Վերջինս գործադիր մարմին էր՝ կազմված նախագահից, երկու անդամներից և քարտուղարից: Վարչության նախագահը քաղաքագլուխն էր:

Քաղաքային ինքնավարության մարմինների առաջին ընտրությունները տեղի ունեցան 1879 թ. աշնանը: Հոկտեմբերի 1-ին հանդիսավոր պայմաններում բացվեց Երևանի առաջին դուման՝ 66 ձայնավորներով: Քաղաքագլուխ ընտրվեց թեմական դպրոցի ուսուցիչ Հովհաննես Ղորղանյանը:

Քաղաքային ինքնավարության մարմինների պարտականությունները ընդգրկում էին վարչաֆինանսական և տնտեսական ոլորտները, որոնց հսկողությունն իրականացնում էր քաղաքապետը:

1870թ. քաղաքային կանոնադրությունը գործեց մինչև 1892 թվականը: Ալեքսանդր 3-րդի նոր կանոնադրությամբ կրճատվեցին քաղաքային ինքնավարության մարմինների իրավունքներն ու գործառույթները: Ուժեղացվեց պետական հսկողությունը նրանց վրա: Քաղաքագլուխը և վարչության անդամները դարձան պետական պաշտոնյաներ: Այնուամենայնիվ, կատարված փոփոխությունների շնորհիվ քաղաքային վարչությունն ավելի անկախ դարձավ, քաղաքագլուխը իրավունք ստացավ ինքնուրույն որոշելու ցանկացած հարց: 1892թ. քաղաքային կանոնադրությունը գործեց մինչև 1917թ.[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թ.Խ. Հակոբյան, «Երևանի պատմությունը», մաս 3-րդ, Երևան, 1959թ.