Jump to content

Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանի բերդի պատմությունից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

--Գևորգյան Աննա (քննարկում) 11:00, 16 Հունիսի 2018 (UTC)Երևանի բերդի պատմությունից[reply]

Երևանի բերդը գտնվել է Հրազդան գետի ձախափնյա ձորեզրի բարձրադիր հարթավայրի վրա: Բերդի մասին առաջին գրավոր տեղեկությունը հաղորդել է 7-րդ դարի պատմագիր Սեբեոսը «Պատմություն» աշխատության մեջ:

Երևանի բերդը ավելի հաճախ հիշատակվում է 16-17-րդ դարերում՝ կապված թուրք-պարսկական պատերազմների հետ: Հակառակորդներից յուրաքանչյուրը, քանդելով հայկական եկեղեցիները, քարն ու ավազն օգտագործում էր բերդի պարիսպները վերակառուցելու և նոր աշտարակներ կառուցելու համար: 1639թ. պայմանագրով Հայաստանի արևելյան մասն անցավ Պարսկաստանին: Երևանը դարձավ համանուն խանության վարչական կենտրոնը, իսկ բերդը՝ խանի և սարդարի նստավայրը: 1679թ. ավերիչ երկրաշարժի ժամանակ բերդը վերածվեց ավերակների: Զալ խանը, Պարսկաստանից լրացուցիչ միջոցներ ստանալով, կարճ ժամանակում վերականգնեց այն: [1]

Երևանի բերդը 1724թ. գրավեցին թուրքերը: 1735թ. պարսիկների վերագրավելուց հետո մինչև 19-րդ դարի սկիզբը բերդը խանի նստավայրն էր: Վերջին՝ Հուսեին Ղուլի խանի օրոք այստեղ կառուցվեցին շքեղ պալատ, հարեմ, բաղնիքներ, վառոդարան, մզկիթ: Ընդարձակ հրապարակում գտնվող արհեստանոցները և խանութները պատկանում էին հայերին: Աշխատանքն ավարտելով՝ երեկոյան նրանք վերադառնում էին քաղաք: Բերդում ապրում էին միայն պարսիկներ:

Ռուս-պարսկական 1804-1813թթ. և 1826-1828թթ. պատերազմների ընթացքում ռուսական զորքերը երեք անգամ պաշարեցին Երևանի բերդը: Վերջին պաշարման պլանի հեղինակը դեկաբրիստ Մ. Պուշչինն էր: Ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները գեներալ Ի. Պասկևիչի հրամանատարությամբ 1827թ. հոկտեմբերի 1-ին գրավեցին Երևանի բերդը: Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Երևանի գրավման տոնակատարությունը: Կատարվեց երևանցիների երազանքը. քաղաքը թոթափեց պարսկական լուծը: Կամավորական ջոկատների կազմավորման և, ընդհանրապես, Արևելյան Հայաստանի ազատագրման գործում մեծ է հայ ազգային գործիչների՝ Ն. Աշտարակեցու, Հ. Ալամդարյանի, Լազարյան եղբայրների և այլոց ավանդը: Բերդի գրավման ժամանակ զոհվեց Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հերոս, կամավորական ջոկատի զինվոր Աղասին:[1]

Ռուսաստանին միանալուց հետո Երևանի բերդը դարձավ Հայկական մարզի կառավարչի նստավայրը: Վերջինս նստում էր խանի պալատում, որի հայելապատ դահլիճում բերդի կայազորի (հրամանատար՝ գեներալ Ա. Կրասովսկի) զինվորների մասնակցությամբ 1827թ. դեկտեմբերին բեմադրվեց ռուս գրող, դիվանագետ Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:

Երևանի բերդը չի պահպանվել: Ցարական կառավարության կողմից նրա լուծարման որոշումը կայացվել էր դեռևս 1864թ. (հեռահար հրետանու հայտնագործումից հետո նմանատիպ բերդերը կորցրին իրենց ռազմավարական նշանակությունը), սակայն կիսաքանդ վիճակում հասավ մինչև 20-րդ դարի սկիզբը: Հայաստանի խորհրդայնացումից հետո բերդի լուծարումը շարունակվեց: Անվանի մտավորականների կողմից բերդի մնացորդները պահպանելու բոլոր փորձերը ձախողվեցին: [1]

Երևանի բերդի զբաղեցրած 7 հա տարածքի վրա այսօր վեր են խոյանում «Նոյ» գինու գործարանը, բնակելի և հասարակական շենքեր:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ.Խ., Երևանի պատմությունը, մաս 3-րդ, Երևան, 1959թ.