Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանը աշխարհի հնագույն քարտեզներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանը աշխարհի հնարգույն քարտեզներում[խմբագրել կոդը]

Երևանը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Մարդն այստեղ ապրել է հազարամյակներ շարունակ: Հնագիտական պեղումներից հայտնաբերված հնագույն բնակավայրը Շենգավիթն է, որը թվագրվում է մ.թ.ա. IV-II հազարամյակներով: Նրան հաջորդում են Ծիծեռնակաբերդը, Կայարանամերձ հրապարակը, Ավան, Զեյթուն թաղամասերը /մ.թ.ա. II հազ. I կես. /, Կարմիր Բերդը / II հազ. վերջ/, Էրեբունին /մ.թ.ա. VIII դար /, Թեյշեբաինին /մ.թ.ա. VII դար/, Ավան-Առինջը /մ.թ.ա. II-I դդ./ և այլն: Մ.թ. I-II դարերում Երևանի զարգացումն ընթացել է դեպի Կայարանամերձ հրապարակ /Մուխաննաթ թափա/ և Կոնդ: IV-V դարերում քաղաքի կենտրոնն են դառնում Կոնդը և Հին Երևանը /Շահար/:

Այդ են վկայում Երևանի տարածքում կատարված հնագիտական պեղումների ժամանակ, ինչպես նաև պատահաբար հայտնաբերված նյութերը:

Էրեբունի-Երևանի մասին առաջին գրավոր հիշատակությունը մ.թ.ա. 782 թ. Արգիշտի Ա-ի /մ.թ.ա.786-764/ արձանագրությունն է Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին: Արարատ-Ուրարտու պետության անկումից հետո, Երվանդունիների ծամանակ պարսից Դարեհ Ա թագավորը /մ.թ.ա. 522-485/ նվաճում է հարևան շատ երկրներ, այդ թվում Հայաստանը: Հեշտ կառավարելու համար իր տերության տարածքը բաժանում է 20 մարզերի` սատրապությունների: Ըստ Հերոդոտոսի Հայաստանը մտնում է 13-րդ և 18-րդ սատրապությունների մեջ: Ենթադրվում է, որ 13-րդ սատրապության կենտրոնը Վանն էր, իսկ 18-րդինը` Էրեբունի-Երևանը /ՀԺՊ, 1975, էջ 90/: Ինչպես տեսնում ենք Էրեբունին պահպանում է իր կարևոր դերը Արարատյան դաշտում: Կարևոր բնակավայր լինելու դերը Էրեբունի-Երևանը պահպանում է նաև հետագա դարերում: Այդ են վկայում Ավան-Առինջում և քաղաքի այլ մասերում կատարված հնագիտական պեղումները և պատահական հայտնաբերումները, որոնց ժամանակ հայտնաբերվում են նոր բնակավայրերի հետքեր, մշակութային արժեքներ, դամբարաններ և այլն:

Երևանի մասին հաջորդ գրավոր հիշատակությանը հանդիպում ենք հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի /II դար/ ութ հատորանոց «Աշխարհագրություն» աշխատության մեջ /ենթադրվում է, որ հատորնեին կից եղել են քարտեզներ, որոնք չեն հասել մեր օրերը/: Հայաստանին վերաբերող տեքստը հինգերորդ բաժնում է և բաժանվում է երկու մասի: Մեծ Հայքի մասին գրված է «Ասիայի երրորդ քարտեզում» /85 տեղանուն/, իսկ Փոքր Հայքի մասին` «Ասիայի առաջին քարտեզում» /79 տեղանուն/: Մեծ Հայքի հայտնի բնակավայրերի շարքում նշվում է նաև Terva կամ Terua բնակավայրը 78. 41 կոորդինատներով, որը շատ ուսումնասիրողներ նույնացնում են Երևանի /446. 40 կոորդինատներ/ հետ: Պտղոմեոսի աշխատության մեջ յուրաքանչյուր երկրի նկարագրություն իրենից ներկայացնում է անունների ցանկ /մոտ 8000 անուն/, որոնց մեծ մասը ունի կոորդինատներ /ավելի ուշ ուսումնասիրողները պարզել են, որ բնակավայրերի կոորդինատները մոտավոր են/: Անունների ցանկի ու թվարկումների հիման վրա մասնագետները կազմել են առանձին երկրների կամ աշխարհի քարտեզներ, որի դեպքում, էլ ավելի է արժևորվում Պտղոմեոսի աշխատանքը, քանի որ անունները սկսում են գործել իրենց միջավայրում: Պտղոմեոսի աշխատանքը, չնայած թերություններին /սխալ են կոորդինատները, սխալ են որոշ բնակավայրերի, լճերի, ծովերի, գետերի անունները, օրինակ. Գողթնը գրված է Կոլտենե, Բաղաբերդը` Բալիսբիգա, Թավրիզը` Գաբրես…/, շատ կարևոր աշխատանք է: Այդ է պատճառը, որ դեռևս միջնադարում ցանկի անունները տեղադրել ու գծագրել են մագաղաթի, այնուհետև` թղթի վրա, կազմելով քարտեզներ: Քարտեզները բազմաթիվ անգամներ հրատարակվել ու վերահրատարակվել են: Կազմված բոլոր քարտեզներում Մեծ Հայքի շատ բնակավայրերի շարքում միշտ նշվում է Terva կամ Terua բնակավայրը:

Անդրադառնանք մի շարք քարտեզների:

Իտալացի Բոնոնիի կողմից մագաղաթի վրա պատկերվել է Պտղոմեոսի «Աշխարհագրության» ատլասը, որը տպագրվել է 1482 թ. Հռոմում: Ատլասի պայմանական անուն կրող «Քարտեզ 17-ում» ներկայացված են Մեծ Հայքի և Փոքր Հայքի Պտղոմեոսի աշխատության մեջ նշված բնակավայրերը, ընդ որում Մեծ և Փոքր Հայքերը նշված են միասին, մեկ էջի վրա /քարտեզ 1, քարտեզներն ըստ Ռ. Գալչեանի, «Հայաստանը համաշխարային քարտեզագրության մեջ» աշխատության, Երևան, 2005/, ինչը չենք տեսնում այլ քարտեզներում: Քարտեզում նշված են հայոց Տուշպա /Վան/, Տիգրանակերտ, Արտաշատ, Արմավիր, Արտամետ, Նաքսուանա /Նախիջևան/, Մելիտենա /Մալաթիա/ և այլ բնակավայրեր, որոնց թվում նաև Terva բնակավայրը:

Մարտին Վալդսեմյուլլերը Պտղոմեոսի աշխատության հիման վրա պատրաստում և1513 թ. Լոթարինգիայում հրատարակում է Tercia Asiae Tabula (Հայաստանը և այլ երկրներ) քարտեզը /ավելի ուշ հրատարակվում են նաև այլ տարածաշրջանների քարտեզներ/: Քարտեզում Սև և Կասպից ծովերի միջև պատկերված են այդ տարածաշրջանի երկրները: Հայաստանը /Մեծ Հայքը/ պատկերված է կենտրոնում: Քարտեզում նշվել են մի շարք քաղաքներ ու բնակավայրեր, այդ թվում Terva բնակավայրը /Քարտեզ 2/:

1578 թ. տպագրվել է Ջ. Մերկատորի կողմից պատրաստված «Մեծ Հայքի, Իբերիայի, Կողքիսի և Ալբանիայի» քարտեզը: Ինչպես նախորդ դեպքում, այստեղ էլ Հայաստանի շատ բնակավայրերի շարքում նշված է Terua բնակավայրը /քարտեզ 3/:

Հաջորդ քարտեզը 1597-98 թթ. Վենետիկում Ջ. Մաջջինիի հրատարակած «Ասիայի III Աղիւսակ» քարտեզն է /քարտեզ 4/: Կարևորագույն քաղաքների շարքում, դարձյալ նշված է Terua բնակավայրը:

1605 թ. հրատարակված ու 1698 թ. վերահրատարակված Յ. Հոնդրիուսի կողմից կազմած «Մեծ Հայքի, Իբերիայի, Կողքիսի և Ալբանիայի քարտեզում», որն իրականում Ջ. Մերկատորի քարտեզի վերահրատարակությունն էր փոքր փոփոխություններով, Մեծ Հայքի բնակավայրերի շարքում նշված է Terua-ն /քարտեզ 5/:

1653 թ. Ֆիլիպ Դը Լա Ռուի պատրաստած «Հայաստանի քարտեզում» ներկայացված են Հայաստանի չորս նահանգները` Մեծ Հայքը, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքերը: Մեծ Հայքի կազմում նշված է Terua բնակավայրը /քարտեզ 6/:

1658 թ. դարձյալ Պտղոմեոսի «Աշխարհագրության» հիման վրա ֆրանսիացի քարտեզագիր Ն. Սանսոնը պատրաստել ու տպագրել է Ատլաս, որի մեջ ներկայացրել է նաև «Հայաստանի, Իբերիայի, Կողքիսի ու Ալբանիայի» քարտեզը: Հայաստանի բնակավայրերի շարքում նշված է Terua-ն /քարտեզ 7/ : Այս քարտեզում ևս շատ սխալներ կան, հատկապես անունների մեջ:

Ինչպես տեսնում ենք, Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատության հիման վրա պատրաստված բոլոր քարտեզներում, նաև մեկ այլ, ոչ պտղոմեոսյան ցանկի հիման վրա պատրաստված Ֆիլիպ Դը Լա Ռուի քարտեզում, Արարատյան դաշտում միշտ նշվում է Terva կամ Terua բնակավայրը, իսկ նրա հարևանությամբ նշվում են Արտաշատը, Արմավիրը, Նաքսուանան /Նախիջևանը/ և այլն:

Ուսումնասիրողները Պտղոմեոսի հիշատակած Terva-ն կամ Terua-ն նույնացնում են Երևանի հետ: Առաջիններից մեկը, որի կարծիքով Terva-ն Երևանն է, ֆրանսիացի հայտնի ճանապարհորդ Ժան Շարդենն էր /Ժ. Շարդեն, The Travels into Persia, L., 1686, հ.1, էջ 244, Ռ. Գալչեան, 2005, էջ 19/: Ենթադրվում է, որ Պտղոմեոսի հունարեն ձեռագիր օրինակներում շփոթմունք է եղել /անփույթ գրվելու կամ չիմացության պատճառով/ և հունարեն Ι տառը արտագրելու ժամանակ նրա հորիզոնական վերին գիծը երկարացվել է ու արդյունքում ստացվել է T տառը: Այս մասին անգլիացի ՈՒ. Աուզլեյը գրում է. «Այս դեպքում զորավոր նմանություն է ստացվում Irva-ի և Terva-ի միջև, ինչպես մի շարք հին ու նոր անունների միջև, որոնց քննությունը երբեք վեճի առարկա չէ եղած՚ /Հ. Հակոբյան, Աղբյուրներ Հայաստանի և Անդրկովկասի պատմության, Ուղեգրություններ, հ. Զ, Երևան, 1934, էջ 454/: Այն բանում, որ Ιrvan-ը դարձել է Tervan, համոզված են շատ մասնագետներ: Հետագա հեղինակները և քարտեզագիրները հետևելով մեկը մյուսին Մեծ Հայքի կենտրոնում, Արարատյան դաշտում նշում էին Terva կամ Terua բնակավայրը: Աուզլեյը նշում է նաև, որ աշխարհագրական դիրքով զուգադիպությունը գրեթե կատարյալ է . Պտղոմեոսը Terva-ն նկարագրում է 78 – 0 երկարության, 41-50 լայնության վրա: Ժան Շարդենը Երևանի համար նշում է 78-20 երկարություն, 41-50 լայնություն:

Անդրադառնանք նաև հայ մատենագրության մեջ Երևան անվան հնագույն հիշատակումներին և տեսնենք Պտղոմեոսին համեմատաբար մոտ ժամանակներով թվագրվող հայ մատենագիրների աշխատություններում ինչ տեղեկություններ կան Երևանի մասին:

Երևան անունը /«յերեւան» ձևով/ հայ մատենագրության մեջ առաջին անգամ հանդիպում է V դարի հնագույն մի հիշատակարանում` «Հնոց ու նորոց պատմութիւն Դավթի և Մովսէսի Խորենացւոյ»: Հիշատակարանում գրված է, որ Մովսես Խորենացին և Դավիթ Անհաղթը, տեսնելով իրենց երկրի ավերումը Հազկերտի կողմից, մեծ վիշտ են ապրում և փորձում մեկուսանալ տարբեր տեղերում, Խորենացին` Էջմիածնին մոտ մի գյուղում, Դ. Անհաղթը` Հայոց աշխարհից դուրս, «Իսկ Դավիթը, Մամբրեն, Պողոսը և Աբրահամը` Մովսեսի ընկերները, մնացին Երևանում /յերեւանում/: Եվ այդ ժամանակ հայոց կաթողիկոսը Մովսեսի աշակերտ տեր Գյուտն էր»/ «Հնոց և նորոց պատմութիւն վասն Դավթի և Մովսէսի Խորենացւոց, թուղթ Դիոնէսիոսի», Կ. Պոլիս, 1874/:

Երևանի մասին հաջորդ հիշատակությունը «Գիրք թղթոց, մատենագիտությիւն նախնեաց» ձեռագիր մատյանում է: Ձեռագրում գրված է, որ Դվինում Աբրահամ կաթողիկոսի կողմից 607 թ. հրավիրված հակաքաղկեդոնական եկեղեցական ժողովին մասնակցել են նշանավոր կրոնապետներ, որոնց թվում Դավիթ Երեցը և Ջոջիկ անունով վանականը Երևանից /«Գիրք Թղթոց» մատենագրութիւն նախնեաց, 1901/: Այս կարևոր եկեղեցական ժողովին երևանցի եկեղեցականների մասնակցությունը վկայում է, որ V- VII դարերում Երևանը ճանաչված ու կարևոր բնակավայր էր: Նշենք, որ այդ ժամանակաշրջանի Երևանի մասին յուրատեսակ վկայություններ ու «հիշատակություններ» են նաև քաղաքի հնագույն եկեղեցիները` Պողոս Պետրոսը / V- VI դդ./ և Ավանի սբ. Հովհաննես եկեղեցին / VI- VII դդ./: Արաբական արշավանքների նախօրեին Երևանը հավանաբար եղել է բավական ստվար բնակչություն և ամուր բերդ ունեցող բնակավայր: Այդ են վկայում VII դարի պատմիչ Սեբեոսի տեղեկությունները /Ղ. Ալիշանի վկայությամբ/ կապված արաբական արշավանքների հետ: Պատմիչի տեղեկություններով 642-643թթ. արաբները արյունահեղ մարտեր են մղել Երևանի մոտ, բերդում ապաստանած քաղաքի պաշտպանները ուժեղ դիմադրություն են ցույց տվել թշնամուն և արաբները չեն կարողացել գրավել բերդը. «մարտեա ընդ բերդին և ոչ կարացին առնուլ» / Սեբէոս, Պատմութիւնք, 1672 թ., Ձեռագիր մատյան, 2639/: 660-663 թթ. արաբները երկրորդ անգամ են պաշարել Երևանը /բերդը/ ու այս անգամ արդեն հավանաբար գրավել են քաղաքը, Երևանի բերդը դարձնելով արաբական նստավայրերից մեկը: Հովհ. Դրասխանակերտցին /IX-X դդ., Պատմութիւն Հայոց/, Ս. Անեցին /XII դար, «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»/, Ստ. Օրբելյանը /XIII դար/ և այլ մատենագիրներ ևս իրենց աշխատություններում գրում են Երևանի մասին: Ինչպես նկատում ենք, Երևանի կրոնապետերը մասնակցում են կաթողիկոսի կողմից Դվինում գումարված կրոնական ժողովին, ուժեղ դիմադրություն են ցույց տալիս արաբներին և այլն: Իսկ սա նշանակում է, որ Երևանը վաղ միջնադարում էլ պահպանում էր իր նախկին` դեռևս արարատ-ուրարտական շրջանից հայտնի կարևոր բնակավայր լինելու դերն ու նշանակությունը: Դա երևում է նաև հետագայում` 17-րդ դարի կեսերից պատրաստված քարտեզներից, որոնց վրա ևս միշտ նշված է Երևանը: Իսկ այդ քարտեզների համար հիմք են հանդիսացել եվրոպացի և այլ ճանապարհորդների, դեսպանների, առևտրականների տեղեկություններն ու տվյալները:

Անդրադառնանք մի քանի այդպիսի քարտեզների:

Աշխարհագրագետ Ֆիլիպ Դիվ Վալի կողմից 1676 թ. պատրաստված քարտեզում, որի համար հիմք են հանդիսացել արաբ պատմաբան և աշխարհագրագետ Իսմայիլ Աբուլֆեդայի /1273-1332 թթ./ տեղեկությունները: Հայաստանի քաղաքների շարքում նշված է Erivan բնակավայրը /քարտեզ 8/:

Eiruan ձևով Երևանը նշված է Ալեն Մալլետի «Տիեզերքի բացատրությունը» հինգ հատորանոց գրքի երրորդ հատորի Ասիային նվիրված գրքի քարտեզում, որի ֆրանսերեն օրինակը տպագրվել է 1683 թ., իսկ գերմաներեն թարգմանությունը` 1719 թ.: Երևանը համարվում է Հայաստանի կարևոր քաղաքներից մեկը և նշված է Կարսի ու Էրզրումի հետ /քարտեզ 9/: Հետաքրքիր է, որ պատկերված է նաև տեսարան Երևանից, Արարատ սարով ու Նոյան տապանով, իսկ սարից վեր, ամպերի վրա գրված է Erivan /քարտեզ 10/:

Անգլիացի Ռ. Մորդենի պատրաստած «Սրբագրված աշխարհագրություն» ատլասը տպագրվել է 1680 թ., 1686 թ., 1688թ. և 1770 թ.: 1688 թ. տպագրված քարտեզում պատկերված են Հայաստանը, Վրաստանը և հարևան երկրները: Նշված բնակավայրերի շարքում հիշատակվում է Ervan-ը /քարտեզ 11/:

Երևան անունը Irivan /իրանական տարբերակ/ ձևով է օգտագործում ֆրանսիացի Ժ. Շարդենը, որը 1664-1667 թթ. ճանապարհորդել է Արևելքում, եղել նաև Հայաստանում, Իրանում, Թուրքիայում և այլ երկրներում: 1686 թ. Լոնդոնում հրատարակվել է նրա «Ճանապարհորդություն դեպի Պարսկաստան և Արևելյան Հնդկաստան, Սև ծովի և Կողքիսի միջով» գիրքը, որտեղ Հայաստանին նվիրված մասում ներկայացված է նաև Երևանի հատակագիծը: Քարտեզի վերևում, ինչպես Մալլետի քարտեզի դեպքում է, գրված է Irivan /գրված է նաև պարսկերեն, քարտեզ 12/:

Եվրոպացի քարտեզագիր և փորագրիչ Ի. Բ. Հոֆմանի (1664-1724) հատակագիծ- քարտեզը: Քարտեզի վերևում գրված է. Erivan Հայաստանի գլխավոր քաղաք:

Մոտավորապես 1710 թ. Հոլանդիայի Լեյդեն քաղաքում տպագրված «Նոր և հետաքրքիր ատլասում» Հայաստանի այլ քաղաքների շարքում նշված է Erivan-ը /քարտեզ 14/: Քարտեզը պատրաստել է Վան դեր Աան:

Հոլանդացի Հ. Մոլլի կողմից Լոնդոնում 1729 թ. հրատարակված քարտեզում ևս նշված է Երևանը Erivan ձևով / քարտեզ 15/:

Օսմանցի առաջին աշխարհագիր Ք. Չելեբիի /1609-1657/ «Աշխարհացույց» աշխատության հիման վրա 1732-35 թթ. հրատարակված քարտեզում /օսմաներեն/ Երևանը հիշատակվում է Revan անունով /Ռ. Գալչեան, 2005, էջ 201/: Մ. Խորենացու «Հայոց պատմություն» և Ա. Շիրակացու «Աշխարհացույց» աշխատությունների համատեղ հրատարակությունների համար եղբայրներ Ուիստոնների կողմից 1736 թ. Լոնդոնում տպագրած Միջնադարյան Հայաստանի քարտեզում /լատիներեն, հայերեն/ նշված է նաև Երևանը Erivanum ձևով /քարտեզ 16/:

Հետաքրքիր է ֆրանսիացի քարտեզագիր Ռ. Վուգոնդիի 1762 թ. հրատարակած «Միջնադարյան Աշխարհի քարտեզը»: Հիշատակված քիչ բնակավայրերից նշվում է Erivan-ը /քարտեզ 17/:

Հայ միջնադարյան աշխարհագրագիտական պատմության մեջ կարևոր տեղ ունի VII դարի գիտնական` տիեզերագետ ու մաթեմատիկոս Ա. Շիրակացու «Աշխարհացույցը» /այն նախկինում վերագրվել է Մ. Խորենացուն/: Հայ գիտնականների մանրամասն ուսումնասիրությունները և փաստերը վկայում են, որ «Աշխարհացույցը» գրվել է ամենաուշը մինչև 608- 610 թթ.: «Աշխարհացույցում» Մեծ Հայքը ցույց է տրված 37-387 թթ. սահմաններում /Ս. Երեմյան, Հայաստանն ըստ «Աշխարհացույցի», Երևան, 1963, էջ 66/: Հայտնի է, որ մ.թ.ա. 37 թ. Հռոմեական կայսրության ու Պարթևական թագավորության միջև կնքված դաշնագրով Մեծ Հայքից անջատվում ու Պարթևական թագավորությանն են կցվում Հայոց Միջագետքը` Ծավդեքը /Տուր Աբդին/ և Արվաստանը` Մծբին քաղաքով /27600 քառ. կմ տարածք/: Զգացվում է, որ «Աշխարհացույցի» հեղինակը ծանոթ է եղել Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատությանը: Ի տարբերություն Պտղոմեոսի, նա բնականաբար շատ ավելի մանրամասն ու ճիշտ է նկարագրել հատկապես Մեծ Հայքը, Վիրքը, Կողքիսը, Աղվանքը և հարևան այլ երկրներ: Ավելի ճիշտ են դասավորվել Կասպից ծովի արևմտյան մասի երկրները:

«Աշխարհացույցի» հիման վրա Ս. Երեմյանը կազմել է Հայաստանի և հարևան երկրների քարտեզը: Քարտեզը կազմելիս Ս. Երեմյանն օգտվել է նաև 387 թ. Հայաստանի առաջին բաժանումից մինչև 591 թ. Հայաստանի երկրորդ բաժանումը գրավոր աղբյուրներում /պայմանագրեր, հիշատակումներ/ վկայված բնակավայրերի, գետերի, լճերի անվանումներից, ինչպես նաև «Աշխարհացույցից» առաջ ու նրան ժամանակակից պատմիչների, այդ թվում Եղիշեի, Խորենացու, Ագաթանգեղոսի, Բուզանդի, Սեբեոսի և այլ հեղինակների աշխատություններից:

«Աշխարհացույցում» Արարատյան դաշտավայրի այլ բնակավայրերի շարքում հիշատակվում է Երևանը /Երևանի բերդը/: Իսկ Terva կամ Terua անունով բնակավայր այլևս չկա: Ինչպես նախորդ համարյա բոլոր դեպքերում «Աշխարհացույցի» տեղեկությունների հիման վրա Երեմյանի կազմած քարտեզում ևս նշված է Երևանը: Սակայն ավելի վաղ Երեմյանի վերականգնած «Ասիայի երրորդ քարտեզում» /ըստ Պտղոմեոսի տեղեկությունների/ Terua-ն նշված է Մեծ Հայքի կազմում, Արմավիրից, Արտաշատից և Արաքս գետից հարավ: Այդ բնակավայրը Ս. Երեմյանը համադրում է Դարոյնքի հետ և տեղադրում Արաքսից հարավ- արևմուտք /ՀՍՀ, հ. IX, էջ 418-419/:

Ինչպես նկատում ենք «Աշխարհացույցի» տեղեկությունների հիման վրա կազմված քարտեզում Terva կամ Terua անունով բնակավայր չկա, բայց կա Երևան անունով բնակավայր: Terva կամ Terua անունով բնակավայր չկա, որովհետև Հայաստանում այդ անունով բնակավայր չի եղել և «Աշխարհացույցի» հեղինակը` Շիրակացին, հավանաբար առաջիններից մեկն է եղել, որ հասկացել է հույն արտագրող ՙգրիչների՚ սխալը, այն է. Terva կամ Terua անունով բնակավայրը Երևանն է, ինչն ընդունում և հավանական են համարում ավելի ուշ ժամանակաշրջանի շատ ուսումնասիրողներ:

Երևանի պատմությունը, նրա հնագույն բնակավայր լինելը, մշտապես բնակեցված լինելը, Արարատյան դաշտավայրում կարևոր տեղ ու դեր ունենալը, ինչն ապացուցվում է հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մարդկային պատմության զարգացման բոլոր ժամանակաշրջաններն ընդգրկող մշակութային արժեքներով ու գրավոր աղբյուրներով, թույլ է տալիս ասելու, որ Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատության մեջ հիշատակված Terva-ն հայոց հնագույն բնակավայր Երևանն է, այսօրվա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:

Այսպիսով հայոց Արարատ-Ուրարտու պետության թագավոր Արգիշտի Ա-ի արձանագրության մեջ Erebuni անունով հիշատակվելուց հետո, Երևանն աշխարհի հնագույն քարտեզներում հանդես է գալիս Terva, Terua, Erivan, Eiruan, Erivan, Ervan, Irivan, Revan, Erivanum և այլ անուններով, իսկ հայ միջնադարյան մատենագրության մեջ հիշատակվում է Յերեւան /«յերեւան»/, Էրիւան, Արիւան, Էրւան, Իրվան և այլ ձևերով:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Անժելա Ավետիսի Տերյան, Երևան-2, Գիտական հոդվածների ժողովածու, 2009 թ.