Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՍԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ (1996-2001թ.թ.)

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելու 1700 ամյակի առիթով 1989թ. հուլիսի 14-ին մայր աթոռ Ս.Էջմիածնի, Գերագույն հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվում է ՙ…մայրաքաղաք Երևանում կառուցել եկեղեցի՚: 1990թ. Երևանի քաղաքապետարանը Մայր եկեղեցու կառուցման համար Օղակաձև զբոսայգում, Երվանդ Քոչարի փողոցի հարևանությամբ, հատկացնում է 1,5հա տարածք: 1990թ. ապրիլին հայտարարվում է Մայր եկեղեցու նախագծի մրցույթ, ներկայացվում է 33 նախագիծ` Հայաստանի հանրապետությունից և Սփյուռքից: 1991թ. փետրվարին մրցույթային հանձնաժողովի մրցանակին է արժանանում Ստ. Քյուրքչյանի և Ա. Ղուլյանի (Հ. Ասատրյանի մասնակցությամբ) նախագծերը: 1992թ. հոկտեմբերի 8-ին մրցույթային հանձնաժողովը,Վազգեն Ա կաթողիկոսի մասնակցությամբ և հովանավորությամբ, ընտրում է Ստ.Քյուրքչյանի նախագիծը: 1996թ. փետրվարի 29-ին սկսվում են շինարարական նախնական աշխատանքները: 1997թ. ապրիլի 7-ին կատարվում է հիմնարկեքը` Գարեգին Ա կաթողիկոսի առաջնորդությամբ: [1]

2000թ. հունիսի 26-ին կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծում է եկեղեցու խաչերը, 2001թ. սեպտեմբերի 23-ին` եկեղեցին և մատուցում առաջին պատարագը: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին երեք տարբեր կառույցների համալիր է, երեսապատված է Անիի տուֆով: Գլխավոր` Մայր եկեղեցու հս-արմ կողմում սբ Տրդատ, իսկ հս-արմ կողմում` սբ Աշխեն մատուռներն են, արմ կողմում կցակառուցված են գավիթն ու զանգակատունը: Եկեղեցին կենտրոնագմբեթ է, ամենախոշորը հայկական կրոնական կառույցների շարքում` 58 x 58մ արտաքին չափերով, բարձրությունը մինչև խաչի տակ` 56մ: Հատակագծում խաչաձև է, ծածկը` երկու զույգ փոխհատվող, երկաթբետոնե կամարների համակարգով, կամարների թռիչքը` 38մ, հեռավորությունը` 16մ, որի կենտրոնում բարձրանում է ութանիստ թմբուկով, հովանոցաձև վեղարով գմբեթը. այս հնարքի շնորհիվ ներսի տարածքը զերծ է պահվել ավելորդ սյուներից և հենարաններից: Աղոթասրահը` 1800 մ2 տարածքով , կարող է տեղավորել 3000 մարդ, որից 1700` նստելատեղով : Ավագ խորանի` 180 քառ,մ մակերեսով, երկու կողմերում տեղադրված են խոշոր ավանդատները: Աղոթասրահի արմ կողմում երգչախմբի և երգեհոնի համար նախատեսված վերնահարկն է: Եկեղեցու տակ` ողջ մակերեսով, 4 մ բարձրությամբ կառուցված է ներքնահարկ, որտեղ գտնվում են սբ Գրիգոր Ա Լուսավորչի հուշահամալիրը, գրադարանը, դահլիճները` հանդեսների և դասախոսությունների համար: Սրանք հատակագծում նույնպես խաչաձև են, հովանոցաձև վեղար ունեցող ութանիստ թմբուկով գմբեթով` բարձրությունը մինչև խաչի տակ` 29մ, ունեն եկեղեցիներին բնորոշ բաղադրամասեր: Եկեղեցու և մատուռների միջև տեղադրված է գավիթը` ութանիստ սրահ, որից մուտքեր կան դեպի եկեղեցու աղոթասրահ, վերնահարկ և ներքնահարկ, զույգ մատուռներ: Գավթում պահվում են 2000 թվին Նեապոլի Սբ Գրիգոր եկեղեցուց` Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսի բերած Գրիգոր Լուսավորչի մասունքները: Գավթին արևմուտքից կից է քառակուսի հատակագծով զանգակատունը` 22մ բարձրությամբ մի աշտարակ, որը պսակված է 5մ բարձրությամբ քարե թևավոր խաչով: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին որևէ միջնադարյան եկեղեցու նմանակը չէ, կառուցված է արդի հայ ճարտարապետության ոճով և սկզբունքներով: Եկեղեցու կառուցումը իրականացել է հայ բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների, նրանց զավակներ Ռիչարդ և Լուիզ Սիմոն Մանուկյանների նյութական մասնակցությամբ, մատուռները կառուցվել են Նազար և Արտեմիս Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների, զանգակատունը` Էդուարդո Էռնեքյանի նվիրատվություններով: [1]

Կառուցվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելու 1700 ամյակի կապակցությամբ` Ստ Քյուրքչյանի նախագծով: Հիմնարկեքը կատարվել է 1997թ. ապրիլի 7-ին` Գարեգին Ա կաթողիկոսի առաջնորդությամբ, 2000թ. հունիսի 26-ին Գարեգին Բ կաթողիկոսն օրհնել է եկեղեցու խաչերը և 2001թ. սեպտեմբերի 23-ին մատուցել առաջին պատարագը: Սբ Գրիգոր Լուսավորիչը եկեղեցական համալիր է` Մայր եկեղեցի, սբ Տրդատ, սբ Աշխեն մատուռներ, գավիթ և զանգակատուն:[1]

Գավթում են պահվում 2000թ. Նեապոլի սբ Գրիգոր եկեղեցուց Գարեգին Բ Ներսիսյան ամենայն հայոց կաթողիկոսի բերած Գրիգոր Լուսավորչի մասունքները:[1]

Եկեղեցու շինարարությունն իրականացվել է Ալեք և Մարի, Ռիչարդ և Լուիզ Մանուկյանների, Նազար և Արտեմիս Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների, Էդուարդո Էռնեքյանի ֆինանսական աջակցությամբ: [1]

Լուսանկարներ[խմբագրել կոդը]

  1. http://commons.wikimedia.org/wiki/File:Gregory_the_Illuminator_Cathedral1.tif
  2. https://commons.wikimedia.org/wiki/File:Gregory_the_Illuminator_Cathedral2.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Քրիստոնյա Հայաստան, Հանրագիտարան, Երևան 2002