Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Արարատյան դաշտը՝ գինու հնագույն կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերեն[խմբագրել կոդը]

Հայաստանը խաղողագործության ու դրանից պատրաստված սրբազան ըմպելիքի` գինու պատրաստման հնագույն երկրներից է: Հայերը խաղողագործությամբ ու գինեգործությամբ զբաղվել են շատ վաղուց, հազարամյակներ առաջ: Այդ մասին են վկայում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված խաղողի կորիզները, չանչերը, գինու հետքերով սափորներն ու կարասները: Այդ են վկայում նաև «Բիբլիան» և հայոց մեջ տարածված ավանդազրույցները: «Բիբլիայում» նշվում է, որ Համաշխարհային ջրհեղեղից փրկված ու Արարատի ստորոտում ապաստանած Նոյը տնկել է խաղողի վազ /որթ/, այնուհետև ստացված բերքից գինի քամել ու ըմպել, որից հետո գինովացել ու քնել է /Ծննդոց, Թ, 20-24, Ա.Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969 թ, 157, 169, 336/: Այս տեղեկությունը գրավոր վկայված հնագույն վկայություններից մեկն է, որը Արարատյան դաշտը ներկայացնում է որպես խաղողի մշակման ու նրանից գինի պատրաստելու հնագույն կենտրոն: Սակայն միջագետքյան գրավոր աղբյուրներում /շումերական/ էլ ավելի հին տեղեկություն կա Արարատյան դաշտը խաղողի մշակման ու նրանից գինի պատրաստելու հնագույն կենտրոն լինելու մասին:

Շումերական հնագույն դյուցազնավեպում` <Գիլգամեշում> երկրային դրախտը` <Աստվածների այգին> տեղադրվում է Արարատյան դաշտում: Այսպես. դյուցազնավեպի հերոսը` Գիլգամեշը անմահություն ձեռք բերելու համար գալիս է աստվածների երկիր` Հայաստան` Մաշու /Մասիս/ լեռներից այն կողմ, որպեսզի հանդիպի աստվածների կողմից անմահություն ստացած Ուտնապիշտիին /Նոյի նախատիպը/: Բազում տառապանքներից հետո հերոսը հասնում է Մաշու լեռներից այն կողմ` <աստվածների երկիր>, երբ <խավարում լույս է երևում>: Այնուհետև Գիլգամեշը տեսնում է աստվածների այգին, սարդիոնե ծառն իր պտուղներով: Որթատունկերը պատել էին այն և կախված էին խաղողի ողկույզները` տեսքով հաճելի /Հին Արևելքի պոեզիա, Ե., 1982, էջ 146/: Աստվածների այգին ուներ նաև տնտեսուհի Սիդուրի անունով, որը խմիչք էր մատուցում աստվածներին: Ինչպես նկատում ենք և´ <Բիբլիան> /Նոյի կողմից խաղողի որթ տնկելը, գինի քամելը/, և´ <Գիլգամեշ> դյուցազնավեպը <աստվածների այգին> տեղադրում են Արարատյան դաշտում, իսկ խաղողը համարում են այդ այգու <հաճելի տեսքով> պտուղը, որից պատրաստված <սրբազան հեղուկը>` գինին վայելում էին աստվածները ու նրանց կողմից աստվածների շարքը դասված մարդիկ /Նոյը/: Նշենք, որ հայկական միջնադարյան տաղերից մեկում նույնպես խաղողի վազը համարել է «դրախտաբոյս տունկ» /Կ. Կոստանեանց, Նոր ժողովածու. Միջնադարեան հայոց տաղեր եւ ոտանաւորներ, պրակ Ա, Թիֆլիս, 1892, էջ 39/:

Մեծամորից հայտնաբերված երկարավիզ սափորները /մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակ/, որոնք օգտագործվել են ծիսական արարողությունների ժամանակ գինի հեղելու համար, նույնպես վկայում են, որ Արարատյան դաշտը խաղողի մշակման ու գինու ստացման հնագույն կենտրոն էր:

Շատ վաղուց հայերի գինեգործությամբ զբաղվելու մասին են վկայում Հայկական լեռնաշխարհում, մասնավորապես Արարատյան դաշտում ու շրջակա տարածքներում կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գինու կարասները, սափորները, խոշոր շտեմարանները, ինչպես նաև զանազան հնագիտական իրեր, որոնք զարդանախշված են խաղողի վազի /որթի/, ողկույզների ու տերևների պատկերներով: Արարատյան դաշտավայրին մոտ գտնվող Վայոց ձորի Արենի գյուղի մոտակա քարայրի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված հնձանը, խաղողի կորիզները, Ճզմված խաղողի մնացորդները, չորացած ողկույզները, սափորները, գավաթները և այլ իրեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակով /6000 տարի առաջ/, նույնպես վկայությունն են այն իրողության, որ խաղողի մշակումն ու գինու պատրաստումը մեծ տարածում է ունեցել Հայաստանում:

Խաղողագործության` խաղողի ու գինու պաշտամունքի հետ է կապվում խուրրի /հայ/-խեթական Տարքու-Տորք աստծո պաշտամունքը: Նրան ներկայացնող պատկերներից մեկում այս աստվածությունը զարդարված է խաղողի ողկույզներով, իսկ վեր պարզած ձեռքում պահել է գինու գավ /նկար 1/: Մյուս՝ ձախ ձեռքում պահել է ցորենի հասկի փունջ:

Հայերը ոչ միայն խաղողից են խմիչք ու ըմպելիք պատրաստել, այլև հացաբույսերից: Այդ մասին նշում է հույն պատմիչ Քսենոփոնը /մ.թ.ա. 5-4-րդ դդ./ իր «Անաբասիս» աշխատության մեջ: Նա գրում է. «...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կավե անոթների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. անոթների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»: /Քսենքֆոն, Անաբասիս, գիրք IV, գլուխ B, 25-31/: Ընդունված է, որ այդ խմիչքը գարեջուրն էր: Կեսարիայից /Մոխրաբլուր/ հայտնաբերված մի պատկեր թույլ է տալիս տեսնել, թե ինչպես էին խմիչք ըմպում մեր նախնիները: Անոթների մեջ լցված հեղուկը ըմպում էին երկար եղեգների օգնությամբ /նկար 2/: Նույն կերպ էին գարեջուրը ըմպում շումերները /նկար 3/, որոնք սերտ կապեր ունեին հայկական հնագույն Արատտա պետության հետ, և որոնց նախնական բնակության վայրը համարվում է Հայկական լեռնաշխարհի հարավային մասը:

Նշենք նաև, որ հայոց հնագույն Միտանի պետության /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1-ին կես/ արքաների գրավոր արձանագրություններում հիշատակվում է haluli /խալուլի/ անունով պտուղ // È. Äüÿêîíîâ, ßçûêè äðåâíåé Ïåðåäíåé Àçèè, Ì., 1967, ñ. 133/ որը հավանաբար հենց խաղողն էր: Բաբելոնը և Հին Եգիպտոսը նույնպես ունեցել են զարգացած գինեգործություն: Սակայն այդ երկրներում վայրի խաղողի տեսակներ չեն հայտնաբերվել, հետևաբար խաղողի որթը նրանք ձեռք են բերել այլ երկրից և իրենց երկրներում զարգացրել խաղողագործությունը: Իսկ այդ երկիրը ամենայն հավանականությամբ հենց Հայաստանն էր, խաղողի ու խաղողագործության հնագույն երկիրը, որտեղ այսօր էլ հանդիպում են վայրի խաղողի տեսակներ Լոռի-Փամբակի ու Մեղրու կիրճերում /Հայկական սովետական հանրագիտարան, հ. V, Երևան, 1979, էջ 5; Սարգիս Պետրոսյան, <Արարատյան դրախտը> սեպագիր աղբյուրներում, ՊԲՀ, 2009, թիվ 2-3, էջ 255/: Խաղողագործության ու գինեգործության զարգացման հարցերով զբաղվել են հայոց արքաները: Հայտնաբերվել են Արարատ-Ուրարտու պետության Մենուա /810-786/, Արգիշտի 1-ն /786-764/, Սարդուրի 2-դ /764-735/, Ռուսա 1-ն /735-713/ և այլ արքաների արձանագրությունները ջրանցքներ, խաղողուտներ, ցորենի արտեր ու անտառներ հիմնելու մասին:

Խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանում միշտ զարգացած են եղել, սակայն փաստերի առատությամբ` արձանագրություններով ու հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերով /սափորներ, կարասներ, շտեմարաններ/ հատկապես աչքի է ընկնում հենց ուրարտական ժամանակաշրջանը /մ.թ.ա. 9-6-րդ դդ/: Հետաքրքիր է, որ Արարատ-Ուրարտուի արքաները քաղաք, ամրոց ու ջրանցք կառուցելուց հետո հիմնում էին նաև անտառ ու տնկում խաղողի վազեր: Այդպես է վարվում Մենուան, որի հիմնած խաղողուտը հենց իր անունով կոչվում է «Մենուայի խաղողուտ» /ÓÊÍ, 65/: Արգիշտի 1-ը ևս քաղաքներ ու ամրոցներ /Արգիշտիխինիլի, Էրեբունի/ հիմնելուց հետո, կառուցում է նաև ջրանցքներ ու հիմնում անտառ, խաղողուտ և այգիներ /ÓÊÍ,137/: Արգիշտի 1-ը Վանի քարաժայռի վրա փորագրված Խորխոռյան տարեգրության մեջ խոսելով Արգիշտիխինիլի /Արմավիր/ քաղաքի հիմնադրման մասին /մ.թ.ա. 776 թ./, գրում է նաև, որ Ազա երկրում ջրանցք է կառուցել /ՀԺՊՔ, 1981, էջ 64/: Ուսումնասիրողներն այն տեսակետն են առաջ քաշում, որ Ազա /ընթերցվում է նաև Վազա, Յազա, Ուազա/ երկիրը համապատասխանում է Արարատյան դաշտին: Երկրանունը Ն. Հարությունյանը ընթերցում է Վազա ձևով , կապելով այն խաղողի վազի հետ, իսկ երկիրը հասկանալով որպես «խաղողի վազերի (երկիր)» / Н. В. А р у т ю н я н. Новые урартские надписи Кармир Блура. Ереван, 1966, с. 91, пр. 43/: Հաշվի առնելով վերոհիշյալ միջագետքյան հնագույն գրավոր աղբյուրները /<Գիլգամեշ>, <Բիբլիա>/ այս տեսակետը ընդունելի տեսակետ է, քանի որ անունը լիովին համապատասխանում է բովանդակությանը, այն է. Ազա երկիրը /Արարատյան դաշտը/ խաղողի վազի երկիր իմաստն ունի:

Հայոց արքաները ոչ միայն խաղողուտներ, այգիներ ու անտառներ էին հիմնում, այլև մտահոգվում դրանք խնամելու և պահպանելու հարցերով; Այսպես. Արգիշտի 1-ի որդի` Սարդուրի 2-ը հիմնելով խաղողուտ, հրամայում է այն պահպանել և տուգանք է սահմանում այն զանցառուների համար, ովքեր կգողանան կամ ձի կվարեն այնտեղ: Իսկ որպես տուգանք պետք է տային մեկ կանգուն /51,8 սմ/ մորթի կամ ձիու սանձը /ÓÊÍ, 167/: Հատկանշական է այն փաստը, որ հնում արքաները ծառեր ու խաղողի որթեր տնկելուց առաջ նախ կառուցում էին ջրանցքներ, որպեսզի իրենց աշխատանքը իզուր չանցնի և երկիրն ու ժողովրդը բերք ու բարիքով ապահովեին դարեր շարունակ: Այդպես են վարվել Մենուան, Ռուսա 1-ը և մյուսները: Ռուսա 1-ը Վանից արևելք կառուցել է արհեստական մեծ ջրամբար և անվանել Ռուսայի ծով: Այնուհետև ջրանցք է կառուցել /գոյություն ունի մինչ օրս/ մինչև Ռուսախինիլի /Տուշպայի արվարձան/ և խաղողուտ, անտառ ու ցորենի արտ հիմնել /ÓÊÍ, 268/: Ռուսա 1-ը ջրանցք է կառուցել նաև Արարատյան դաշտում: Նա Իլդարունի /Հրազդան/ գետից ջրանցք է անցկացրել դեպի Կուարլինի կամ իր անունով կոչվող Ռուսայի դաշտ /այժմ Էջմիածնի դաշտ, գործում է մինչ օրս/ և հիմնել խաղողուտ, ցորենի արտ ու անտառ /ÓÊÍ, 281/:

Ինչպես վերևում նշվեց, Հայաստանում խաղողի որթ տնկելը, խաղողուտ հիմնելը և գինի ստանալու մշակույթը ունեցել են հնագույն ավանդույթներ: Այդ են վկայում Մեծամորից, Էջմիածնից, Էրեբունի-Երևանից, Թեյշեբաինիից /Կարմիր բլուր/ ու այլ վայրերից հայտնաբերված երկարավիզ, կանթով ու առանց կանթի սափորների առատությունը /նկար 4, Կարմիր բլուր, մ.թ.ա. 7-րդ դ., նկար 5, Կարմիր բերդ, մ.թ.ա.11-9-դդ./, որոնք օգտագործվել են ծիսական արարողությունների ժամանակ: Քրմերը այդ արարողությունների ժամանակ գինի են հեղել սրբազան աստվածներին, ակնկալելով բարիք երկրի ու ժողովրդի համար: Հայտնաբերվել են նաև գինու խոշոր կարասներ ու շտեմարաններ: Այսպես. Թեյշեբաինի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել է շտեմարան 480 խոշոր կարասներով և 37.000 դալ ընդհանուր տարողությամբ /նկար 6, 7/: Հայտնաբերվել է նաև մոտ 1000 լիտրանոց 200 կարաս Էրեբունիի, Կարմիր բլուրի, Հայկաբերդի /Թոփրակ-կալե/ և Մանազկերտի պեղված մոտ 10 պահեստներից: Արարատ-Ուրարտուի արքաները Արդինի-Մուսասիրի Խալդիին նվիրված տաճարի առջև գտնվող բրոնզե կաթսաների մեջ այդ աստծուն նվիրված արարողությունների ժամանակ լցնում էին հեղման գինի /ՀԺՊ, Եր., 1971, էջ 379/:

Որքան մեծ էր հայոց արքաների ու շինականների սերն ու ցանկությունը երկիրը շենացնելու, կառուցելու, վար ու ցանք կատաարելու, խաղողի վազ ու ծառ տնկելու համար, նույնքան մեծ էր թշնամիների ատելությունը նրա ստեղծածի, հիմնած արտի, այգու ու խաղողուտի հանդեպ: Ասորեստանի թագավոր Սարգոն 2-ը /721-705/ դեպի Արմարիլի կամ Արմարիալի երկիր /Վանա և Ուրմիա լճերի միջև/ կատարած արշավանքի ժամանակ չբավարարվելով դաժան կոտորածներով, թալանով ու ավերածություններով, իր արձանագրությունների մեջ գրում է. «Նրանց այգիները հատեցի, նրանց անտառները կտրեցի, նրանց խաղողի վազերը կույտերի վերածեցի և կրակով այրեցի» /ՀԺՊՔ, էջ 31/: Սարգոն 2-ը նույն կերպ է վարվում Վանա լճի հարավում գտնվող Այադու երկրի հետ: Այդտեղ նույնպես կոտորածից, ավերից ու թալանից հետո հատում է այգիներն ու անտառները, իսկ խաղողի վազերը հավաքում ու կրակով այրում է /ՀԺՊՔ, էջ 32/:

Ինչպես տեսնում ենք Հայաստանում ցորենի ու հացի հետ լայնորեն տարածված էր նաև խաղողի մշակումը: Եվ ինչպես հացն է սրբազան համարվել ու պաշտվել հայոց մեջ, այնպես էլ խաղողից պատրաստված գինին է սրբազան համարվել ու պաշտվել իբրև աստվածների սրբազան ըմպելիք: Երկուսն էլ` և´ հացը, և´ գինին սրբացվել են ու դարձել պաշտամունքի առարկաներ: Աղոթքի ու երդման նման է հնչում Սասնա հերոսների «Հացն ու գինին, Տեր Կենդանին» արտահայտությունը:

Հայաստանում գինեգործության զարգացման բարձր մակարդակի ու մեծ ծավալների մասին են վկայում հույն /Հերոդոտոս, Ստրաբոն, Քսենոփոն/, հայ և այլ հեղինակների աշխատություններում եղած տեղեկությունները: Հույն պատմիչները վկայում են, որ Մալաթիայի դաշտի խաղողը ոչ միայն զորքեր է կերակրել, այլև տակառներով տարվել է մինչև Բաբելոն: Հերոդոտը վկայում է. «Փչովի նավակներով Տիգրիս գետի հոսանքով Հայաստանից առևտրականները արմավենու փայտից պատրաստված տակառներով գինի էին տանում Բաբելոն» /Հերոդոտոս, Պատմություն, 1, 194: Ազգագրական Հանդես, XXII գիրք, 1912, 1, էջ 219/:

Արևմտյան Հայաստանի և Կապադովկիայի տեր ու թագավոր Տիրիբազի /մ.թ.ա. 5-րդ դարի վերջ/ ժամանակ հատված որոշ դրամների վրա պատկերված են խաղողի ողկույզներ /նկար 8/: Ենթադրվում է, որ դրամները հատվել են Կիլիկիայի Սոլլի քաղաքում կամ Մալաթիայում:

Դրամներից մեկի մի երեսին պատկերված է աստվածուհի /ենթադրվում է Անահիտ աստվածուհին/, որի մազերը ամփոփված են փետրազարդ սաղավարտի մեջ /նկար 9/: Իսկ մյուս երեսին պատկերված է գահին նստած աստված /ենթադրվում է Արամազդը/, որը ձեռքին բռնել է գավազան: Առջևում պատկերված է խաղողի ողկույզ և ցորենի հասկ: Գահի տակ նշմարվում է T տառը, որը կապվում է Հայաստանին տրվող «Թորգոմա տուն» անվան հետ: Հետաքրքիր է Նեմրութ լեռան վրա գտնվող Անահիտ աստվածուհու արձանը, որի գլուխը զարդարված է պտուղներով, այդ թվում` խաղողի ողկույզով /նկար 10/:

Հայաստանում խաղողի ու գինու պաշտամունքը պահպանվել է նաև քրիստոնեությունից /301 թ./ հետո: Խաղողի որթ ու ողկույզ են պատկերված ոչ միայն մինչքրիստոնեական, այլև քրիստոնեության ժամանակ կառուցված ճարտարապետական հուշարձանների` տաճարների, եկեղեցիների, խաչքարերի և այլ հուշարձանների վրա: Նախիջևանի Գողթն գավառում, որտեղ խաղողի ու գինու մեծ պաշտամունք է եղել, նույնիսկ ավան է անվանակոչվել գինու անունով. Գինեւետ:

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Հին Հայաստանում հերոսներին մեծարել են ճակատը զարդարելով խաղողի տերևներից պատրաստված պսակով: Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն Հին Հունաստանի, ուր նման դեպքերում օգտագործել են դափնու տերևներից պատրաստված պսակ, Հայաստանում օգտագործել են խաղողի տերևներից պատրաստված պսակ: Խաղողի տերևներից պատրաստված ոսկե պսակներ են հայտնաբերվել Արտաշատում /մ.թ.ա. 1-ին դար, նկար 11 / և Սիսիանում /մ.թ.ա. 1-ին դար, նկար 12/ կատարված պեղումների ժամանակ:

Նշենք, որ առաջին դեպքում /Արտաշատ/ պսակը բաղկացած է խաղողի 14 ու դափնու 4 տերևներից, իսկ երկրորդ դեպքում`/Սիսիան/ խաղողի 11 ու դարձյալ դափնու 4 տերևներից: Անիից հայտնաբերված խաղողի ողկույզի նմանությամբ պատրաստված Վակխի բրոնզե դիմակը, որի գլուխը պսակված է տերևներով ու մրգերով /10-րդ դար, նկար 13/ վկայում է, որ հայոց մեջ շարունակվում էր խաղողի ու գինու պաշտամունքը նաև միջնադարում և ավելի ուշ:

Այսպիսով հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված խաղողի կորիզները, երկարավիզ սափորները, կարասները, շտեմարանները, գրավոր աղբյուրները, այդ թվում շումերական <Գիլգամեշ> դյուցազնավեպը, «Բիբլիան», պահպանվող ավանդույթները և այլ փաստեր վկայում են, որ Հայկական լեռնաշխարհը, այդ թվում Արարատյան դաշտը խաղողի մշակման ու նրանից պատրաստված աստվածային սրբազան ըմպելիքի` գինու հնագույն հայրենիքն են:

Ծանոթագրություն[խմբագրել կոդը]

  1. Անժելա Ավետիսի Տերյան, Երևան-3, գիտաժողովի նյութեր, 2011 թ.