Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Եղիշե Չարենցի տուն-թանգարան/Մոմե ծաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոմե ծաղիկը[խմբագրել կոդը]

Ռուբեն Զարյանը իր հուշերում գրում է. «Կոմիտասի թաղումն էր: Դագաղը դրված էր Կուլտուրայի տան դահլիճում: Ահահգին բազմություն էր հավաքվել հրաժեշտ տալու: Ներս եկողը չէր հեռանում: Լավ հիշում եմ, այնտեղ էին Կոմիտասի ընկերները, հայ գեղարվեստական ինտելիգենցիայի այն ներկայացուցիչները, որոնք Կոմիտասի հետ բարեկամություն էին արել, հետը գործել. Կանգնած էր Մանուկ Աբեղյանը, ինչպես մի խոժոռ ժայռաբեկոր, դեմքը խիստ էր, ոնց որ միշտ, և դժվար էր հասկանալ, թե այդ պահին ինչ էր մտքին: Այստեղ էր Փանոս Թերլեմեզյանը, որը, հակառակ Աբեղյանին, չէր կարողանում լուռ ու անխոս մնալ, և այդ օրը նրա ձեռքն ավելի էր դողում: Շատերը կային: Հանկարծ դռան մոտ եղած հասարակությունը ճեղքվեց՝ մեկին ճանապարհ տալու համար: Չարենցն էր: Տխուր էր, մորուսած, դեմքը գունատ: Բարձրացավ պատվանդանին, գլուխը կախ կանգնեց, տրտում հայացքը դագաղի ապակյա դիմաշրջանին, որի տակից երևում էր Կոմիտասը:

Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս: Անմիջապես ճանապարհ տվին: Գնում էր գլուխը կախ, ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը:

Երեկոյան մոտն էի: Հետաքրքրվեց հուղարկավորության մանրամասնություններով: Ասացի, որ Հայկանուշ Դանիելյանը երգեց. Պատմեցի, թե ինչպես, վերջում, Կոմիտասի հողաթումբը շրջապատելով՝ կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն», իսկ այդ պահին մայր մտնող արևն իր վերջին շողերն էր արձակել, և միաժամանակ անձրև էր գալիս: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես երկինքը լալիս էր, արցունք թափում:

Չարենցը հուզվեց: Փորձեց ինքն իրեն տիրապետել, չկարողացավ: Տեղիցը վեր կացավ: Անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց… լալիս էր: Քիչ հետո մոտեցավ գրասեղանին, վերցրեց մի թերթիկ, ուզեց կարդալ, բայց, հազիվ շշնջաց միայն վերնագիրը, հիշում եմ՝ «Վերադարձի երգ», և այլևս չշարունակեց: Ես ոչ մի ձայն չհանեցի: Եվ կարիք կա՞ր արդյոք, որ մի բան ասեի:

Մի փոքր հետո խոսեց.

-Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես: Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան: Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը: Քիչ անց ասաց.

-Լսի՛ր ինձ ու հավատա: Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն: Դամբան կկառուցեն նրա համար: Թող պառկի այնտեղ և բոլորը գան ի տես: Նա արժանի է դրան, բոլորից ավելի, գուցե միայն նա: Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահելը»:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին, Երևան, 1961, էջ 371-372: