Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ/Հյուսիսային պողոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հյուսիսային պողոտա[խմբագրել կոդը]

Այս վեպը մեր օրերի Երևանի և երևանցիների մասին է: Հերոսները ճարտարապետներ են, շինարարներ են, արվեստագետներ, որոնք մտահոգված են պահպանել մայրաքաղաքի ազգային նկարագիրը, չկորցնել այն, ինչ գալիս է դարերի խորքից, ինչ ստեղծագործաբար յուրացրել և սրունդներին է փոխանցել Ալեքսանդր Թամանյանը: Դեռևս ավարտին չհասած Հյուսիսիային պողոտան նրա մտահղացումն է, նրա երեզանքներից մեկը:

Կից ներկայցված են մեջբերումներ վերոհիշյալ գրքից, նշված են նաև այն էջերը, որոնցից որ եղել են մեջբերումները:

-էջ 31-32 Երևաննախագիծ ինստիտուտում քննարկվում էր Հյուսիսիայի պողոտայի կառուցման նախագիծը և առաջարկվող նախագծային տարբերակները: Քննարկումներին մասնակցում էին մի շարք ճարտարապետներ, ինչպիսիք օրինակ Գնել Իզմիրյանը, Վասակ Սուրմելյանը (հերոսների անունները հորինված են): Երիտասարդ ճարտարապետ Վիկտոր Մադոյանը (հերոսների անունները հորինված են) թատրոնի մի շենք էր ուզում կանգնեցնել ճիշտ այնտեղ, որտեղով պիտի անցներ ապագա Հյուսիսային պողոտան: Իզմիրյանն, իհարկե, նորից կպնդի, որ թատրոնի այդ շենքը կարող է կանգնեցվել այնպիսի մի թաղամասում, որտեղ խորթ չի հնչի, քանի որ նորաոճ է, նորատիպ, տեխնիկայի վերջին խոսքով ստեղծված: Աբովյան փողոցը, մայրաքաղաքի սիրտը լինելով, պետք է պահպանել անցողիկ ու թափառական նորամուծություններից: Ի վերջո, Երևանը պետք է ունենա՞ գոնե մի անաղարտ փողոց, ուր մտնելիս մարդիկ ճանաչեն նրա ազգային պատկերը: Մի՞թե այդտեղ հավաքավածներից չկա մեկը, որ վստահորեն ասի. այո՛, եթե ոչ այսօր, վաղն անպայման կբացվի ճարտարապետի երազած այն պողոտան, որ ձգվելու է քաղաքի հյուսիսից հարավ: Հենց այդ հատվածն առայժմ պետք է անձեռնմխելի մնա...

էջ 33 ...Հենց այն հանգամանքը, որ նա այդ վիթխարի շենքը ուզում է դնել Աբովյան փողոցի նման հավաք, ավելորդ տարածություն չունեցող, միաոճ մի տեղում, խոսում է երիտասարդի համարձակության մասին, որը ոչ թե ստեղծագործողի ներշնչանքի, այլ չափից ավելի ինքնավստահության մասին է խոսում:

... - Մի՞թե մեր երիտասարդն այնքան միամիտ է կամ անտեղյակ այն նախագծին, որ դեռևս 1924 թվականից է դրվել քաղաքի գլխավոր հատակագծում: Ներեցե՛ք իմ անկեղծությունը, բայց մի՞թե այստեղ հավաքավծները չեն տեսնում, որ այդ կառույցը խախտելու է ամբողջ հատվածի միասնությունը, նրա դասական նկարագիրը:

-Իսկ Անի՞ հյուրանոցը, - ակամա դուրս թռավ Մադոյանի բերանից:

... –Անին ոչ թե Աբովյանին, այլ Սայաթ-Նովային է նայում, բարեկամս:

- էջ 35-36 Շենքը մարդ է, սիրելիս, և շատ նման հեղինակին: Հատուկ ուշադրություն եմ դարձրել այդ բանին. գաճաճ, ճղճիմ, մանր հոգու տեր ճարտարապետի կառույցներն էլ իր նման են:

- ... – Իհարկե, խոշոր, ծավալուն շենքեր էլ են լինում, որոնք կապ չունեն մոնումենտալության հետ: Իրենց խոշորությամբ հանդերձ այդպիսի շենքերը չեն իշխում և խորթ են մնում իրենց միջավայրին: Դու հասկանում ես, իհարկե, որ խոսքոս ոչ թե ծավալի, այլ նրա բովանդակության, դերի, իմաստի մասին է: Շենքը պետք է մոնումենտալ խստություն ունենա և պոետիկ թեթևություն, ինչպես Կառավարական տունն է:-Կանգ առավ, լցրեց ծխամորճը, վառեց ու շարունակեց ընթացքը:- Դժվար է որոշել այն վնասի չափը, որ կրեցինք՝ քանդելով մեր քաղաքի եկեղեցիները: Ա՛յ, եթե Երևանում պահպանվեն «Պողոս-Պետրոսն» ու «Աստվածածինը», թերևս ուրիշ լինեին մեր կառույցների մակարդակն ու մասշտաբը: Ինձ թվում է, երբ ճարտարապետը նախագծում էր Ժողտունը կամ Կառավարական տունը, մասշտաբ էր ընդունում Արարատ լեռը: Իսկ եթե ոմանց համար Արարատը շատ է մեծ ու շատ է հեռու, պետք է վերցնեն այն բարձրունքները, որոնցով շրջապատված է Երևանը:

- էջ 37 – Գարունը բացվելուն պես մեղուներն առնում-գնում եմ Հայասատն աշխարհի ծաղկոտ լեռներն ու արոտները: Պարտեզիս անունն էլ Այգեստան է: Այդպես Երևանն է, չէ՞, մի թաղը կոչվում է Զեյթուն, մյուսը՝ Կիլիկիա, Նոր-Արեշ, Արաբկիր, ու դարձել բուն Հայաստանի մանրակերտը: - Խոսում է Իզմիրյանը՝ հյուրին ուղեկցելով առավել խորը, որ հարյուր մետրից հազիվ թե այն կողմ ընկներ: - Մեր հողն այնքան շատ չէ, որ անփութորեն վարվենք հետը: Ոսկերչի նման պիտի մշակել յուրաքանչյուր թիզը: Իսկ մենք բարբարոսաբար շենքեր, գործարաններ ենք կառուցում հատ ու կենտ այգիների տեղը...

- էջ 61 ... մենք այն ժողովուրդն ենք, որ մայրաքաղաքներ շատ է ունեցել: Եվ դրա մեջ է մեր ժողովրդի դարավոր ողբերգության արտահայտություններից մեկը: Թող այսուհետև մեր ազգային կյանքն ընթանա այնպես, որ մենք այլևս չունենաք նոր մայրաքաղաք, որ Երևանը լինի և մնա վերջին մայաքաղաքը՝ սրբացած Արարատի հայացքի ներքո, Այրարատյան աշխարհի կենտրոնում՝ Թեյշեբանիի, Արմավիրի, Արտաշատի, Վաղարշապատի, Դվինի՝ մեր նախկին մայաքաղաքների հարևանությամբ:

- էջ 64-65 Այսօրվա մեր նիստը որոշելու է Հյուսիսային պողոտան գործող հատակագծում վերականգնելու հարցը: - Նա ցուցափայտի ծայրը տարավ ամբողջ երկարությամբ: - Բոլորիդ է հայտնի, որ այս պողոտան հանվել է ո՛չ ճարտարապետի կամքով: Բայց սա հենց այն մայրուղին է, որ որոշելու է Երևանի կենտրոնական մասի էսթետիկական ձևավորումը: Բացի դրանից, այս պողոտան է, որ միմյանց է կապելու երկու այնպիսի մոնումենտալ կառույցներ, որոնք պատիվ կարող են բերել ուզած մայրաքաղաքին. դրանք են Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի շենքը: Այս պողոտան է, որ կենտրոնը հատելով թեքությամբ դեպի հյուսիս՝ ավարտվելու է Հյուսիսային կայարանով, դեպի հարավ՝ Հոկտեմբերյան պողոտան ընգրկելով հասնելու է երկաթուղու կայարան՝ հայացքը պահելով Արարատին:

- ... Այդ պողոտան հյուսիսից շարունակվելու է դեպի անվերջություն, հարավային կայարանից դարձյալ դեպի անվերջություն:

- ... – Միանգամայն ճշմարիտ է, քանի որ մեր պողոտաներն այնքան երկար չեն, որ մեզ թույլ տանք արհեստականորեն կրճատելու դրանք, - ... Եվ կրճատում են մի անճաշակ, մեր հոգուն խորթ, ոչինչ չասող շենքերով: ... Եթե պողոտան ձգվի դեպի անտառ կամ դեպի ծով, այդ դեպքում, իհարկե, հանցագործություն կլինի փակել այդ պողոտան: ... Մեր փոթորկված ծովը մեր քարացած լեռներն են, մեր անտառները Արարատյան դաշտն է:

- էջ 66-67 – Շենքը դադարում է մի մարդու ստեղծագործություն լինելուց. նա դառնում է հավաքական ստեղծագործություն, հավաքական կամքով թելադրված, հավաքական կամքն արտահայտող: Քարը միտքը է: Այն քարը, որ տեղափոխվում է և գնում է մի այլ քարի մոտ, միտք է: Շենքը մտածող արարած է: Շենքը հարկադրում է մտածել: Տվեք ինձ որևէ կառավարական տուն և ես կասեմ, թե ով է դրա ժողովուրդը: Մեր սովորական շենքերն անգամ կառուցվում են այն քարից, որով կառուցված է Կառավարական տունը: ... Կառավարական տունն իր հզոր ցոլքն է գցում բոլոր տների վրա, որոնք կարող են թվալ հեռու, ինքնուրույն: Կառավարական տունն իշխում է բոլոր պողոտաների վրա, բոլոր ուղղությունների: Առանց մտածելու անգամ օտարը պետք է հասկանա, որ բոլոր տների մեջ այն միակ տունը, որտեղ գտնվում է կառավարությունը, ահա նա՛ է: Քաղաքի հայացքն ուղղված է Կառավարական տանը, քաղաքը գտվում է Կառավարական տան հայացքի տակ: Ես պիտի մոտենա՛մ նրան, ոչ թե ընկնեմ նրա վրա, ոչ թե ճակատս հպեմ նրա պատին, հաստատ իմանալով գնալիք ճանապարհս: Ես պիտի նրանից հեռանամ հանգիստ, առանց պոկվելու նրա հայացքից, միշտ մնալով նրա հայացքի տակ,- Սուրմելյանը դժվարությամբ էր անջատում մտածածն ասածից: - Հյուսիսային պողոտան Կառավարական տուն բերող ճանապարն է, ճանապարհներից այն միակը, որտեղ մենք գտնվում ենք Կառավարական տան հսկողության տակ: Այսպիսի համալիր ունենալու դեպքում մայրաքաղաքի մեծությունը նշանակությունի չունի: Եթե շենքն իշխեց իր հարևան շենքերի վրա, նա արդեն իշխել է ամբողջ քաղաքի վրա: Պետք է բացել ճանապարհը դեպի այդ տունը, և ա՛յն ճանապարհը բացել, որը չի կարելի այլ բանով լցնել: Այսինքն, դա ոչ թե սոսկ զբոսավայր է լինելու, այլև խորելու տեղ...

- էջ 67-68 ... Խոսելով Հյուսիսային պողոտան բացելու մասին՝ չենք կարող անտեսել այն դերը, որ ունի այդ պողոտան երկու խոշորագույն կառույցներ միմյանց կապելու հարցում: Հայտնի բան է, որ ճարտարապետի նախագծով Օպերայի շենքը պետք է գրավեր թատերա-թանգարանային թաղամասի կենտրոնը, իսկ Կառավարական տունը՝ կառավարա-վարչական կենտրոնը, որոնք միմյանց կապված պետք է լինեն նախապես նախագծված Հյուսիսային պողոտայով: Նշանակում է՝ այս շենքերը նախագծելիս ճարտարապետը հատուկ ուշադրություն է դարձրել նրանց քաղաքաշինական ֆունկցիային, որ օրինակ պետք է հանդիսանար Երևանի քաղաքային այս գլխավոր կենտրոնների ճարտարապետական ձևավորման վրա: Այսօրվա քննարկվող հարցը չափազանց կարևոր է և պետք է ողջունել միայն: Հարկավոր է վերջապես ակնածանքով ու սրտի դողով մոտենալ այն խնդիրներին, որոնք քաղաքին են վերաբերվում, որովհետև տարազ չէ, որ ուզած պահին շպրտվի կամ փոխանակվի մեկ ուրիշով: Ես հիշում եմ, թե ճարտարապետն (խոսքը Ալ.Թամանյանի մասին է) ինչպես էր ապրում, ինչպես էր հուզվում, երբ աշխատում էր հրապարակի վրա: Լենինի անունը կրող հրապարակի բոլոր շենքերը պետք է գեղեցիկ լինեն, - ասում էր նա, - և միևնույն ոճով կառուցված: Իսկ եթե նախագծողները կդժվարանան լուծել այդ խնդիրը, ես հանձն եմ առնում անվճար անել այդ, միայն թե չտուժի հրապարակի ընդհանուր ոճն ու տեսքը: Բայց ի՞նչ դուրս եկավ, ընկերներ, ստեղծեցինք ճարտարապետի երազանքի պատրանքը միայն: Իհարկե, օտար, ոչ մասնագետ աչքը հիացումով է նայում հրապարակին, բայց մենք, նրա աշակերտները հո լավ գիտնեք, թե ինչ է արվել... Մեր սխալները դաս պետք է լինեն ինչպես մեր, այնպես էլ գալիք սերունդների համար: Երբեմն ետ նայել անհրաժեշտ է գնալիք ճանապարհին ճիշտ կողմնորոշվելու համար: Այո՛, ես ևս պնդում եմ. անպայմա՛ն պետք է բացել Հյուսիսային պողոտան:

- էջ 73 Եկող սերունդները մի օր էլ կառուցողների տունն են այնպես քանդելու, ինչպես այսօր Երևանի կավածեփ տներն են քանդում:

- էջ 88-90 – Դուք ճիշտ եք, երիտասարդ, ես ոչ թե չեմ ցանկանում, այլ ներքուստ, որպես ստեղծագործող-քաղաքաշինարար, դեմ եմ այդ պողոտային: Տարիների մտորումներից եմ այդ եզրակացության եկել: Դեմ եմ հիմա՛, այսօ՛ր: Առավել ևս դեմ կլինեմ վա՛ղը: Հետագայում այդ պողոտան բնավ չի հնչելու ընդհանուր անսամբլի հետ և անսամբլի մեջ: Չէ՞ որ ճարտարապետն այն նախագծել է ի՛ր պատկերացրած Երևանի համար, Երևան, որից շատ-շատ ենք հեռացել: Հենց այդ երևակայական պողոտան ինքը մասնատվել է արդեն, կորցրել իր ամբողջությունը: ... Այո՛, բարեկամս, քաղաքն այնքան է փոխվել, որ այդ պողոտան նույնիսկ կարկատանի տպավորություն կարող է թողնել: ... Պատկերացրեք, ես չեմ հավատում, որ դուք այդքան ջանք թափելով կկարողանաք ճարտարապետի պատկերացրած քաղաքը վերականգնել, մի խնդիր, որ վաղուց դատապարտված է անհաջողության: Դուք բոլորդ նրա թեզերն ու սկզբունքները պաշտպանելով ու թարմացնելով՝ ձգտում եք անուն ու համակրանք շահել: Ներեցե՛ք, ես էլ որոշեցի անկեղծ լինել: Նրա անվան հետ խաղալով՝ աշխատում եք պաշտպանվել նրա հեղինակությամբ: Ճգնում ենք փրկել հավերժորեն կորցրածը: ... Հյուսիսային պողոտան իմաստ ունի Նրա նախագծում, Նրա Երևանի համար, ոչ այսօրվա: Նա ճիշտ էր, դու՛ք եք սխալ, երիտասարդ, դու՛ք, մեծ մտքեր որոճացողներդ, դու՛ք, որ սովոր եք ուրիշների հովի տակ պատսպարվել: Ո՜չ, ճարտարապետը չի փոխվել, քաղա՛քն է փոխվել և փոխվել է ո՛չ նրա ցանկությամբ, այլ նրա ցանկության հակառակ, փոխվել է ո՛չ իմ կամքով, այլ իմ կամքին հակառակ: Փոխել է ժամանակը, փոխել է զորավոր տեխնիկան և անիծյալ տեխնիկան, մեր օգնականն ու մեր թշնամին միաժամանակ: Այդ է, որ դուք չեք հասկանում, հարգելի երիտասարդ:

- էջ 94 Կյանքը կարճատև է, արվեստի ճանապարհը՝ երկար, հարմար առիթը՝ արագընթաց, փորձը՝ խաբուսիկ, դատողությունը՝ դժվար:

- էջ 143 ... Գնելը մտովի, մի քանի րոպե ի մի էր բերում մամռոտած քարերն ու ցանկանում էր այդ մեկն էլ ինքը վերաշինել: Եթե բոլոր քարերը գտնի, կավարտի գործը և կստացվի մեկն այն մատուռներից, որոնք ասես ժայռերից ու հողից իրենք իրենց են ծնվել, այսինքն՝ անձեռակերտ են, ստեղծված ժայթքումից, այլապես այդքան չէին ներդաշնակի բնությանը, չէին լրացնի բնությանը: Ահա այդպես էլ մի օր ճարտարապետն է միտքն առել ու դրել, խոսել է, համաձայնվել բնության հետ ու բնության ստեղծած խամ տաշված որձաքարից կառուցել Երգէսը: Այդպես է արդեն. մեծահոգի, լայնախոհ բնությունը վստահում է մարդուն, իրեն երբեմն հանձնում է նրա ճաշակին: Երանի՜ այն ժողովրդին, որն արդարցրել և արդարցնում է այդ վստահությունը:

- էջ 144 ... Դեռևս 11-րդ դարում Հովհաննես Սարկավագն է ասել, թե բոլոր արվեստներն ստեղծվում են հորենականից, այսինքն՝ հայրենականից եկող սկզբունքով: Դա նշանակում է՝ սկսել բնությունից, բնության նմանողությամբ, բնության հետ համախոսելով: ... Բնության հետ խորհրդածելով է, որ Անիում երեք-չորս հարկանի շենքներ են կառուցել, որովհետև շրջապատը սարեր ու ձորեր են եղել: Այդպիսի շինություններ են ստեղծվել նաև Համբերդում, որովհետև աչքի առջև է եղել Արագածը:

- էջ 144 ... Երևանը շրջապատված է լեռներով, իսկ դիմացն էլ Արարատն է, որը և կառույցի համար մետր է ծառայում, չափանիշ, համեմատություն: Բանն այն է, որ Երևանում, հատկապես նրա բարձրադիր լեռնափեշերին պիտի բազմահարկ շենքեր դրվեն՝ պահպանելու համար այն գոգավորությունը, այն ամֆիթատրոնը, ինչով Երևանը տարբերվում է ուրիշ քաղաքներից:

- էջ 168-169 ... շինարարության հերն էն օրն անիծեցին, երբ բանվորը վարձատրվեց մետրով, երբ մեջտեղ եկան էս կաթնակերները, էն էլ ստաժի համար ու երբ պատմություն դարձան ուստա Սամսոնը, Խանամիրը, Գրիգոր Կանդելյանը: ... Քարին չպիտի՛ ծեծես, տղա ջան, նրան պիտի սիրես, համբերությամբ հարմարացնես: Քարի համբերություն պիտի ունենաս սրա հետ աշխատելիս: ... էդ վարպետները ուստա Անտիկի ու հյուսն Արդար Մանուկի նախաձեռնությամբ, շաբաթը մեկ անգամ գառն ու գինին դնում էին ֆայտոնն ու քշում դեպի Անի: Արևածագից մինչև արևամուտ նստում էին Մայր տաճարի առջև, ուտում խմում էին և ուշիմ նայում կառույցին: Հետո, Գյումրի վերադառնալով, շաբաթվա վեց օրը կառուցում էին Ամենափրկիչ եկեղեցին ճիշտ ու ճիշտ Մայր տաճարի օրինակով: Լսի՛ր, տղաս, նրանց ձեռքին ոչ նախագիծ կար, ոչ մեքենաներ ու ոչ էլ ճարտարապետ կար գլխներին կանգնած: Իրենք էին, իրենց ձեռքերն ու վարպետի պատիվը:

- էջ 212 – Քաղաքի ընդարձակումը հնարավոր չէ կանգնեցնել, ինչպես չի կարելի կանգնեցնել առողջ երեխայի բնական աճը: Հայտնի բան է, որ այսօրվա քաղաքաբնակների աճին նպաստում են հատկապես արդյունաբերական օբյեկտներ, գիտահետազոտական ինստիտուտներ ստեղծելը: Սրանք էլ իրենց հետ բերում են նոր թաղամասեր, նոր շրջաններ, ավաններ, միկրոքաղաքներ, որոնք շատ ավելի են տարողունակ, քան մոտ քառասուն տարի առաջ որևէ խոշոր քաղաք:

- էջ 213 Մի՞թե երեխայի փարթամությունը խանգարում է պահպանելու ժառանգականությունը: Ի վերջո, մի՞թե ճարտարապետությունից քիչ բան է կախված: Այո՛, նույնիսկ տեխնիկայի այս տիրապետության պայմաններում հնարավոր է հավատարիմ մնալ ազգային ճարտարապետության ավանդույթներին: Ձեր ժամանակ, հայրիկ, քարը վարպետի խոնարհ ծառան էր. նրա միջոցով էիք ձեր խոհերն ու երազանքները, ձեր միտքն ու ասելիքը հասցնում կառույցին, կառույցը՝ մարդուն: Ենթարկվողն այսօր, այն էլ ստրկաբար, երկաթն է: Երկաթն այսօր մոմ է մեր ձեռքերում: Նա դառնում է, այն ինչ թելադրում ենք:

- էջ 301 Անուն-ազգանունով արձաններ ունենք, իհարկե, բայց արվեստի գործեր քիչ կան: Հագուստը փչացրեց քանդակը, դարձրեց ստանդարտ, չբացահայտեց քանդակագործին: Գիտես, հիմա այնքան էլ չեն հարգում նրան, ով պահպանում է ազգային մի շարք ավանդույթներ, որքան էլ առաջադիմական լինեն էությամբ: Ավանդապահ պիտակն են կպցնում ճակատին և վերջ: Միքելանջելոն էլ չկրկնեց անտիկ արձանագործությունը, և ի՞նչ արեց. կյանք ու շունչ տվեց իր քանդակներին, մարդայնացրեց: Իսկ մենք հագուստի վրա գլուխ ենք դնում իր քարային արտահայտությամբ:

- էջ 312 Քաղաքը ետ-ետ գնալով՝ պիտի ելնի բարձրունքները՝ հայացքը միշտ պահելով Արարատի վրա: Բայց ի՞նչ արեցինք, աչքներիս առաջ մի վիթխարի շենք դրեցին, որը փակեց հրապարակին նայող այն կամարը, որտեղից գոնե տեսնում էինք Արարատը, մեր ճարտարապետության մետրը:

- էջ 344 Յուրաքանչյուր իր արժեք է ստանում իր վրա նետված հայացքի գնահատմամբ: ... Տառապանքը հավանորեն նրա համար է, որպեսզի մարդիկ նորից զգան կյանքի քաղցրությունը:

- էջ 353 Ինչպես գիտեք, Հյուսիսային պողոտան մի հատված է միայն այն ամբողջական կառուցվածքի, որը պիտի լիներ ողջ քաղաքի կոմպոզիցիոն ողնաշարը, որը դրված է Երևանի նախագծի հիմքում ճարտարապետի կողմից, ինչը ամենաարժեքավորն է և որը չունեն շատ ու շատ այլ քաղաքներ: Այսօր մենք ձեռքի տակ ունենք ոչ միայն ճարտարապետի կազմած կենտրոնի հատակագիծը, որի նկատմամբ չպետք է լինել առնվազն անուշադիր, այլև ունենք նրա նախագծերից շատերի իրականացումը, որն արդեն ոչ թե ճարտարապետի սեփականությունն է, այլ՝ մեր, որի նկատմամբ չենք կարող անտարբեր լինել:

- էջ 359 Ես կարծում եմ, որ այստեղ ոչ թե անունն է կարևոր, այլ՝ բնույթը, դերը, նշանակությունը: Ի վերջո, մեր նպատական է միմյանց կապել ու հարազատացնել երկու կառույցները, իսկ դա կարելի է նաև հրապարակների շղթայով անել:

- էջ 408 Այս ժամանակահատվածում մենք այնքան ենք կառուցել, որ 19-րդ դարի վերջին կառույցները վաղուց իրենց դերը կատարել են, վաղուց են իրենց սպառել: Այսօր դրանց հետ հաշվի նստել, ինչպես ստիպված էր այդ անել ճարտարապետը, մենք չենք կարող: Հիմա մենք պիտի կազմենք այն նախագիծը, որը, ըստ երևույթին, ցանկացել է կազմել ճարտարապետը, բայց նրան խանգարել է իրադրությունը և ժամանակը:

- էջ 408 Եթե առաջ ծավալային լուծումներով միայն պիտի արտահայտվեր այդ պողոտան, այսօր տարածականորեն նոր սահմաններ պիտի ընդգրկի նա, ըստ որում, ոչ թե անկազմակերպ, ինչպես այդ ստացվել էր խարխուլ հյուղակների վերացումով, այլ ինչպես միտքն է շողարձակվում:

- էջ 405 Պատմության թանգարանից սկսվող մասում երկու կողմերի պուրակներն ավելի փոքր էին, իսկ դրանց շեմին արձանների փոխարեն հարթ խաչքարեր էին դրված, որոնց վրա նոտաներ էին փորագրված, որ տողերն էին Կոմիտասի երգերի: Ինչքան մոտենում էինք օպերային, որոշակի տարածության վրա կրկնվում էին պուրակները՝ իրենց արդեն արձանախմբերով, չափային տեսակետից փոխվելով, զարգանալով՝ դրանք նոր տեսք ու բովանդակություն էին առնում՝ չկորցնելով Հայհամերգը օպերայի հրապարակին կապող կարմիր թելը: Եթե պողոտայի հարավային՝ նեղ մասում, եզրագծերին խաչքարեր էին դրված, ապա առաջանալով, դրանք փոխվում էին նախ մեր արվեստի ականավոր գործիչների կիսանդրիներով, ապա արձաններով, որոնք ոչ միայն չէին կորչում, այլև կարդացվում էին Սպենդիարյանի և Թումանյանի արաձանների հետ համահնչյուն, նույնիսկ սրանց շարունակությունն էին կազմում:

- էջ 409-410 Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի հրապարակը, որը չորս անցում ունի, դարձել էր միայն հետիոտնի համար, շատացել էր կանաչը, քանի որ ստորգետնյա երկհարկանի ճանապարհ էր բացվել մեքենանների համար: Ու այնքա՜ն խաղաղ, զով ու մաքուր էր քաղաքի այդ հատվածը... Երևանն ամենից շատ կանաչի և օդի կարիք ունի: ... Հյուսիսային պողոտան մյուսների նման չէր պատնեշված չորս-հինգ հարկանի շենքերով: Ո՜չ, նա իր պուրակներով ձուլված էր հարևան փողոցներին ու պողոտային, և օպերայի շենքն իր արձաններով և լճով միշտ մնում էր դեպի գնացողի տեսադաշտում: Մի խոսքով, այդ պողոտան դարձել էր պուրակ- հանգստավայր, բայց ոչ փողոց-անցում: Ահա սրա կարիքն ունի մեր մայրաքաղաքը: ... Տերյան փողոցի ու նախկին Կամոյի փակուղու խաչմերուկում անկյունավոր բանկելի շենքը, որ մնում է պուրակ- պողոտայի մեջ, արդեն ապրել է իր ժամանակը և հանգիստ խղճով առաջիկայում կարելի է հեռացնել:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Անահիտ Սեկոյան, «Հյուսիսային պողոտա» վեպ, Երևան, 1981թ.