Վեհը (գեղագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեհը, գեղագիտական կատեգորիա, որը բնութագրում է առարկաների և երևույթների ներքին նշանակալիությունը, երբ այդ առարկաների ու երևույթների իդեալական բովանդակությունն անհամեմատելի է նրանց արտահայտման իրական ձևերի հետ։ Անտիկ գեղագիտության մեջ վեհը դիտարկվել է հռետորության սահմաններում։ Որպես ինքնուրույն գեղագիտական հասկացություն մշակել է անգլիացի գեղագետ է․ Բյորքը (1729-1797)՝ այն կապելով մարդուն բնորոշ ինքնապահպանման զգացման հետ։ Ի․ Կանտը վեհը հակադրել է գեղեցիկին և նրանից վեր դասել, եթե գեղեցիկին հատուկ է որոշակի ձև և սահմանափակություն, ապա վեհը անսահմանափակ է, անվերջ մեծ և մարդկային հայեցողության ու երևակայության հետ անհամեմատելի։ Վեհը բացահայտում է մարդու երկակի էությունը՝ այն զսպում է մարդուն որպես ֆիզիկական էակի, հարկադրում գիտակցել իր վերջավոր և սահմանափակ լինելը, բայց միաժամանակ վեհացնում որպես հոգևոր էակի, արթնացնում բանականության գաղափարներ և բարոյական գերազանցության գիտակցություն անգամ իրեն ճնշող բնության նկատմամբ։ Շիլլերը զարգացրել է Կանտի գաղափարները, վեհը տեսել նաև պատմության մեջ, վեհը և գեղեցիկը միավորող իդեալական գեղեցիկի հասկացությունը մուծելով հաղթահարել դրանց հակադրումը։ Գերմանական գեղագիտության հետագա զարգացման ընթացքում (Ֆ. Շելինգ, Կ․ Զոլգեր, Հեգել) վեհի ըմբռնման հիմնական շեշտը վեհի ընկալումից փոխադրվել է գաղափարի և ձևի, արտահայտվողի և արտահայտման հարաբերակցության վրա։ Մարքսիստական գեղագիտությունը չի հակադրում վեհը գեղեցիկին և վեհի։ Դիտում է հերոսականության, մարդու, ժողովրդի պայքարի ու ստեղծագործական գործունեության պաթոսի հետ սերտորեն կապված։ Վեհն անբաժանելի է մարդու վսեմության և արժանապատվության գաղափարից, դրանով այն մերձենում է ողբերգականին, որը վեհպաթետիկականի յուրահատուկ ձևն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 363