Վարինկի վեչերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարինկի վեչերը
ՀեղինակԳաբրիել Սունդուկյան
Կերպար(ներ)

Մակակո, ամուսնիը Ալեքո

Վարինկա
Ստեղծման տարեթիվ1877
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1934

Վարինկի վեչեր, հայ մեծ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի արձակ գործերից է՝ գրված 1877 թվականին։ Հեղինակը ինչպես բծախնդիր էր իր թատերգության երկերը շարադրելիս, նույնքան էլ պատասխանատվության բարձր զգացումով է մշակել իր արձակ գրվածքները, և դրա պերճախոս վկայությունը «Վարինկի վեչեր» պատմվածքն է[1]։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Սունդուկյանը շատ արձակ գործերի հեղինակ է, ինչպես՝«Համալի մասլահաթնիրը», «Հադիդի մասլահաթնիրը», «Կտակը», սակայն «Վարինկի վեչերն» է Սունդուկյանի միակ իսկական գեղարվեստական արձակ ստեղծագործությունը։ Հետաքրքրական է հեղիանկի վերաբերմունքը իր միակ պատմվածքի հետագա ճակատագրի նկատմմաբ։ Հեղինակը, ով այդքան ուշադիր էր իր ստեղծագործությունների նկատմմաբ, մի տարօրինակ անտարբերություն է դրսևորել «Վարինկի վեչեր» պատմվածքի նկատմամբ։ 1877 թվականին այն տպագրել է «Մշակում» և դրանից հետո ոչ մի անգամ անդրադարձ չի կատարել այդ գործին։ Մահվանից ամիսներ առաջ կարծեք հիշում է պատմվածքի մասին, և 1911 թվականին ծրագրում է այն վերահրատարակել առանձին գրքով։ Հեղիանկը ցանկանում էր վերահրատարակել, սակայն չի հասցնում և վախճանվում է։ Նրա մահվանից հետո երկար տարիներ այդ պատմվածքը մնաց թերթերի էջերում։ 1934 թվականին այդ պատմվածքը վերատպվեց գրողի երկերի լիակատար ժողովածուի մեջ[2]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վարինկի վեչերը» Թիֆլիսի հետամնաց թաղերից մեկի բնակիչ, կարուհի Մակակոյի կյանքի մեկօրյա պատմությունն է։ Մակակոն «մե խիղճ մարթու կնիկ էր»։ Կարուհի է, իսկ ամուսինը «մե խեղճ փեշաքար», և միասին հազիվ կարողանում են հոգալ ընտանիքի ապրուստը։ Մակակոյի ամուսնու եղբայրը՝ Ալեքոն, յուրացրել է հոր ամբողջ հարստությունը և նրա տունը քաղաքի ամենագեղեցիկ տներից մեկն է։ Այս վատ արարքը խզել էր եղբայրների կապը։ Մակակոն և իր ամուսինը իրենց քրտինքով պահում էին տունը և ոչ մեկից ոչինչ չէին սպասում։ Տարիներ անց Ալեքոյի կինը՝ Վարինկեն, փորձում է հաշտություն հաստատել եղբայրների միջև։ Այդ նպատակով «վեչերի» է հրավիրում Մակակոյին։ Մակակոն շոյվում է այդ քայլից։ Նա իրեն համարում է արժանի այդ բարձր հասարակության մեջ։ Սակայն նա ուներ ընդամենը 3 ռուբլի, որը շատ քիչ էր մասնակցելու համար նման խնջույքի։ Տխրում է։ «Ինչի՞ է ինքը խեղճ ու ուրիշը չեն… ինչի պիտի ձալոն կարծի, թե լոտոյի փող չուներ ու էնդուր չգնաց»։ Հրավերի գայթակղությունը գրավում և հաղթում է։ Նա գրավ է դնում իր միակ թանկարժեք զարդը և գնում «վեչերի»։ Մակակոն ներքին արժանապատվությամբ ելնում է տանից և հասնում Սոլոլակ թաղամաս։ Ապշահար է հարուստների թաղամասի շքեղությունից։ Մտածում է, որ այդ ամենը ունեն Աստծուն դուրեկան լինելու պատճառով, իսկ ոչինչ չունեցողները մեղավորներ են։ Իր դժբախտությունը տեսնում է Սեյիբաթի թաղում ծնված լինելու մեջ, մտածելով՝ ուրիշ թաղամասում եթե ծնվեր, մի գուցե հարուստ լիներ։ Մտնում է Ալեքոյի ապարանքը և զարմանքից քար կտրում։ Փառավոր սենյակներ են, ոսկեզօծ պատեր, մեծադիր հայելիներ, գույնզգույն վարագույրներ, ընտիր կահույք՝ իսկական դրախտ է թվում նրա աչքին։ Իրեն տանջող հարցը մեկն է. եթե բախտը այցելում է արդարներին, ապա ինչով արդար չեն ինքը և իր ամուսինը։

Սկսվում է լոտոյի խաղը և դրա հետ մեկտեղ նաև բամբասանքի ալիքը։ Տեղի էր ունեցել սարսափելին։ Բարձրաշխարհիկ տիկնանց ականջին էր հասել Մակակոյի կատարած քայլը, որ խնջույքին մասնակցելու համար ոսկին գրավ էր դրել։ Նրանք նայելով Մակակոյին ծիծաղում և ծաղրում էին։ Արժե՞ր արդյոք զարդը միայն բարձր աշխարհում երևալու համար ծախել… Մակակոն սարսափելի ճնշվում էր այդ խոսքերից։ Տիկնանց (դամաների) պատմածները լսող Մակակոյի մազերը բիզ-բիզ էին կանգնում։ Նա իր մեջ մտածում է, որ հիրավի դժբախտ է նա, ով կընկնի սրանց ճանկը։ Եթե ժամեր առաջ մեծ ոգևորությամբ էր պատրաստվել և գնացել վեչերին, հիմա արդեն մտածում է ժամ առաջ ազատվել դամաների ներկայությունից։ Մակակոն ոչ մի կերպ չէր կարող պատկերացնել, որ «վեչերը», որի հրավերից այդքան հուզվել ու ոգևորվել էր, այդքան վատ ավարտ կունենա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գաբրիել, Սունդուկյան (1984). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջ 19.
  2. Գաբրիել, Սունդուկյան. «Գաբրիել Սունդուկյանի միակ պատմվածքը».