Վառելանյութի ջերմարար ունակություն
Վառելանյութի ջերմարար ունակություն կամ վառելիքի այրման ջերմունակություն, պինդ, հեղուկ կամ գազային վառելիքի լիայրման ժամանակ անջատվող ջերմության քանակը։ Չափվում է ջոուլով կամ կալով։ Վառելիքի զանգվածի կամ ծավալի միավորին վերագրվող վառելանյութի ջերմարար ունակությունը կոչվում է տեսակարար վառելանյութի ջերմարար ունակություն (կջ/կգ, կկալ/կգ կամ կջ/մ3)։ Վառելանյութի ջերմարար ունակությունը որոշում են կալորաչափության եղանակներով։ Եթե վառելիքի ջրածնի այրումից առաջացող և վառելիքում պարունակվող ջուրը գտնվում է հեղուկ վիճակում, ապա անջատվող ջերմության քանակը կոչվում է բարձրագույն վառելանյութի ջերմարար ունակություն, իսկ եթե ջուրը գտնվում է գոլորշու վիճակում, վառելանյութի ջերմարար ունակությունը կոչվում է ցածրագույն։ Համեմատական հաշվարկների համար օգտագործվում է պայմանական վառելիքը, որի տեսակարար վառելանյութի ջերմարար ունակությունը հավասար է 29308 կջ/կգ-ի (7000 կկալ/կգ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 286)։ |