Վանի և Վասպուրականի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանի և Վասպուրականի հայկական տպագրություն, հայերեն գրքերի ու պարբերականների հրատարակումը Վանում և Վասպուրականում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը 1857 թվականին Վարագա վանքում Խրիմյան Հայրիկի հիմնադրած «Արծիվ Վասպուրականի» տպարանն է (1855-1856 թվականներին գործել է Կ. Պոլսում)՝ Ժառանգավորաց վարժարանին կից։ Տպագրել է Տ. Գալփակճյանի «Աբգար Արշակունի՝ նախահաւատ դիւցազն հայոց» (1858) գիրքը, Մ. Արտամետյանի «Գաղթականութիւն ի Վասպուրականէ Սենեքէրիմայ արքային Արծրունւոյ» (1858) ողբերգությունը, «Նկարագիր վարուց սրբոյն Յովհաննու Մկրտչին Քրիստոսի» (1862) գրքույկը, Խրիմյան Հայրիկի «Ձայն բարբառոյ յանապատի» (1862) բարոյախրատական երկը, Տ. Ամիճանյանի «Ողբերգութիւն Մեծին Վարդանայ եւ Տրդատայ» (1862), «Մրմունջք» (1873) և «Ուսեալ պանդուխտ» (1873) թատրերգությունները, Ս. Բարսեղյանի «Քերականութիւն դիւր ուսանելւոյ ի պէտս վարժարանաց» (1865), Խ. Խրիմյանի «Վան քաղաք եւ իւր շրջակայք...», «Վասպուրական նահանգ....» և «Հայաստան աշխարհ...» (երեքն էլ՝ 1883), «Առաջին գիրք տղայոց կամ Հրահանգ ընթերցանութեան...» (1862, թարգմ.՝ ֆրանս-ից), «Հայրենեաց երգեր...» (1865), «Ընթերցարան կամ Դպրոց մանկանց» (1876), «Նոր այբբենարան ցարդ եղածներէն տարբեր եւ դիւրուսոյց ոճով շինուած» (1876), «Բարոյական պատմութիւն մանուկներու համար» (1881, 1883, թարգմ.՝ գերմաներենից) դասագրքերը և այլն։

«Արծուի Վասպուրական»

1892 թվականին կառավարությունը բռնագրավել է տպարանը, տարել Վան, 1908 թվականին՝ օսմանյան սահմանադրության ընդունումից հետո, վերադարձվել է։ 1858-1864 թվականներին այնտեղ է տպագրվել «Արծուի Վասպուրական» ամսաթերթը, 1908-1809 թվականներին՝ Ժառանգավորաց վարժարանի ուսուցիչների «Արծուիկ» խմորատիպ երկշաբաթաթերթը, 1913 թվականին՝ Վարագա որբանոցի «Վարագ» պարբերականը։

Վան քաղաքում գործել են հայկական 6 ՝ «Աշխատանք» (1911 թվականից, տպագրել է ՀՅԴ «Աշխատանք» շաբաթաթերթը (1910-1915, խմբագիրներ՝ Արմենակ Մաքսապետյան, Իշխան, Հմայակ Մանուկյան, Բարունակ Կապուտիկյան, Օննիկ Մխիթարյան և ուրիշներ), Երիտասարդաց քրիստոնեական ընկերակցության (տպագրել է «Վան-Տոսպ» ամսաթերթը), «Տ. Մելքիսեդյան բարեսիրական-բարեսիրաց» (1912 թվականից, տպագրել է «Լոյս» ամսաթերթը, Խ. Խրիմյանի «Վան քաղաք եւ շրջականեր» (1913) դասագիրքը), «Ժամկոչյան» (1908 թվականից), «Բարսեղյան» (1910 թվականից), ««Վան-Տոսպի» և Հովնանյանի» (1911 թվականից) տպարանները։

Վանում լույս են տեսել նաև «Ամոքիչ» (1895), «Երկունք» (1906–07), «Նոր սերունդ» (1906–09), «Կոչնակ» (1907–09), «Հայեացք» (1907), «Զարթիր» (1908) խմորատիպ, Վանի ամերիկյան վարժարանի «Ե. Ք. Ընկերակցութիւն» (1909-1910, պատասխանատու խմբագիր՝ Սպիրիդոն Ժամկոչյան) պարբերականները, «Ովասիս» (1909–10) ամսաթերթը և այլն։

Շատախում տպագրվել են ՀՅԴ «Անկախ Տիգրիս» (1907-1909, վերջում՝ «Կոհակ»), «Տիգրիս» (1907-1909, վերջում՝ «Ժայռ») խմորատիպ ամսաթերթերը, Աղթամար կղզում՝ ՀՅԴ «Արեան ձայն» (1905), աշակերտ. «Աղթամար» (1908), երգիծական «Կոտոշ» (1908-1909), ՀՅԴ աշակերտական «Կռիւ» (1908) և «Ծովակ» (1909) խմորատիպ պարբերականները, Գավաշում՝ «Ծովակ» (1908-1909, համանուն մշակութային միության և ՀՅԴ հրատարակություն, խմբագիրներ՝ Բարունակ Կապուտիկյան, Դավիթ Փափազյան, Արամ Սաֆրաստյան) խմորատիպ կիսամսյա պարբերականը, Ռշտունիքում՝ «Հօտաղական միութիւն» (1913-1914, համանուն միության հրատարակություն, խմբագիր՝ Օհան Կարո) ձեռագիր թերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։