Վաղարշապատի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաղարշապատի թատրոն, 1868 թ. Վաղարշապատում, Վ․Շահխաթունյանի նախաձեռնությամբ, տեղի թատերասերների և Երևանի թատերախմբի ուժերով կազմակերպվել են ներկայացումներ։ Բեմադրություններ են տրվել նաև Գևորգյան ճեմարանում, ուր կանանց դերերը կատարել են տղամարդիկ։ Վաղարշապատի թատրոնի զարգացմանը նպաստել են Ա․ Սագինյանը, Փ․ Նավասարդյանը իրենց ներկայացումներով (Փուղինյանի «Դալալ Ղաղո», Գալֆայանի «Արշակ Երկրորդ», Սունդուկյանի «Պեպո» ևն)։ Հիշարժան են Շիլլերի «Ավազակներ», Շեքսպիրի «Օթելլո» (երկուսն էլ՝ 1894), Լ․ Մանվելյանի (նաև՝ Ֆրանց Մոորի և Օթելլոյի դերակատարը) ղեկավարությամբ տրված բեմադրությունները։ 20-րդ դարի սկզբին ճեմարանում ներկայացվել են Կոմիտասի «Քաղաքավարության վնասները» օպերետը, Մոլիերի «Սկապենի արարքները» (ճեմարանի թատրոնի բացման առթիվ, 1907) ևն։ Վաղարշապատում հանդես են եկել Հ․ Աբելյանի, Սիրանույշի ղեկավարած և այլ թատերախմբեր։ Սովետական կարգերի հաստատումից հետո Վաղարշապատում ավելի ակտիվ գործունեություն է ունեցել տպագրիչ բանվորների թատերախումբը։ 1937 թ. կազմակերպվել է պետական թատրոն՝ Ա․ Խոսրովի ղեկավարությամբ (բացվել է Սունդուկյանի «Պեպո» ներկայացումով), խաղացանկում՝ Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Լ․Միքայելյանի «Գոշ», Ջաբարլիի «Սևիլ», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շիրվանզադեի «Պատվի համար», Սիմոնովի «Ռուս մարդիկ», Սունդուկյանի «Խաթաբալա», Վաղարշյանի «Վանքաձոր» ևն։ Թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են Ե․ Յուզբաշյանը, Ա․ Վաչյանը, Ռ․ Վանյանը, Լ․ Զանյանը, Խ․ Ներսիսյանը, Խ․ Զաքարյանը, Տ․ Խաչատրյանը, Հ․ Հարությունյանը, Բ․ Բժիկյանը, Ա․ Վրույրը, Գ․ Ստամբոլցյանը, Ա․ Բարսեղյանը, Ց․ Սողոմոնյանը և ուրիշներ։ 1949 թ. Վաղարշապատի և Ա․ Խարազյանի անվան թատրոնները միավորվել և անվանվել է էջմիածնի Ա․ Խարազյանի անվ․ պետ․ թատրոն։tԹատերախումբը համալրվել է նոր ուժերով՝ Ամո և Աշխեն Խարազյաններ, Գ․ Զանրյան, Վ․ Փանոյան, Հ․ Մանվելյան, Վ․ Բեգիջանյան և ուրիշներ։ Խաղացանկում նկատելի տեղ են գրավել սովետական դրամատուրգների (Ն․ Զարյանի «Աղբյուրի մոտ», Կոռնեյչուկի «Մակար Դուբրավա» ևն) և դասականների (Շիրվանզադեի «Չար ոգի», Գորկու «Վասսա ժելեզնովա» ևն) երկերը։ Թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Վ․ Փափազյանը, Հ․ Ներսիսյանը, Ա․ Ավետիսյանը, Ա․ Ոսկանյանը, Գ․ Ջանիբեկյանը, Մ․ Մանվելյանը և ուրիշներ։ Թատրոնը փակվել է 1951 թ.։ 1959 թ. էջմիածնի Մշակույթի տանը կից գործում է ժողովրդական թատրոն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 251