Վահրամ Փափազյան թատերախումբ (Լիբանան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Վահրամ Փափազյան թատերախումբ», ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության թատերախումբ։ Կազմավորվել է 1959 թվականին, Վ. Փափազյանի անունով կոչվել է 1960 թվականին։ Թատերախմբի գործունեության առաջին փուլը կապված է դերասան և ռեժիսոր Պերճ Ֆազլյանի անվան հետ, որը 1959 թվականին բեմադրել է Լևոն Շանթի «Հին աստվածներ», Մ. Քոչարյանի «Մուսա լեռան քառասուն օրը», Մոլիերի «Ժորժ Դանդեն», «Տարտյուֆ», Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ» և այլ պիեսներ։ Այնուհետև թատրոնը ղեկավարել է դերասան և ռեժիսոր Գրիգոր Սաթամյանը։ Նրա բեմադրություններից են Ժ. Ֆեյդոյի «Կասկածը կնոջ մտքին մեջ», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Կամսարականի «Վարժապետին աղջիկը», Շեքսպիրի «Բազում աղմուկ վասն ոչնչի» և այլն։ 1972 թվականին թատերախումբը ելույթներ է ունեցել Հայաստանում։ Մինչև Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկիզբը (1975) թատերախումբն իր ներկայացումներն արել է Հովակիմյան-Մանուկյան վարժարանի «Գալուստ Կյուլպենկյան» 650-տեղանոց սրահում։ 1975 թվականին, Սաթամյանի ԱՄՆ գաղթելուց հետո, թատրոնի բեմադրիչներ եղել են Վաչե Աւորունին (բեմադրել է Գ. Պսաֆասի «Ստախոս կուզվի», 1978), Թորոս Սարգիսյանն ու Զավեն Գալուսայանը (բեմադրել են Կ. Գոլդոնիի «Ստախոսը», 1986), Վաչե Տոներյանը (1988-1990 թվականներին, բեմադրել է Պ. Շենոնի «Ժառանգորդը» և Ժ. Ֆեյդոյի «Հավատարմություն» պիեսները), Հարություն Գնդունին (1991-1992 թվականներին) բեմադրել է Պրիսալիի «Ակամա խոստովանություն», Մոլիերի «Երևակայական հիվանդը» և Ն. Սայմոնի «Տարօրինակ ժամադրություններ» պիեսները), Վիգեն Ստեփանյանը (1994-1995 թվականներին բեմադրել է Լա Մարեի «Ա՞խ կիներ, կիներ» և իր հեղինակած «Պարոն լրտեսին վերջին գործը» պիեսները), Պ. Ֆազլյանը (բեմադրել է Մոլիերի «Ագահը», 1996), Արտաշես Հովհաննիսյանը (բեմադրել է Հակոբ Աթալյանի «Աղվեսն ու Աղասին», 1998) և Գրիգոր Տեկիրմենճյանը (բեմադրել է Մ. Հեննըքենի «Կիները բնավ սուտ չեն խոսիր», 1999)։ Ե. Ղազանչյանը 2001-2003 թվականներին բեմադրել է Թ. Ուիլյամսի «Մենակության վերջին կանգառը», է. դե Ֆիլիպոյի «Երեխաները կմնան երեխաներ» և Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսները։ Թատերախմբի գործունեությանը իրենց երկարամյա ու բեղմնավոր աշխատանքով նպաստել են Լ. Գույումճյանը, Զ. Ներսեսյանը, Զ. Գալոատյանը, Թ. Սարգիսյանը, Գ. Սողոմոնյանը, Հ. Տաւոուրյանը, Հ. Թումյանը, Վ. Ցուրնեշլյանը, Հ. Վարդիվառյանը, Լ. Մելքոնյանը, Պ. Տեր-Սահակյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։