Սպառման հասարակական ֆոնդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպառման հասարակական ֆոնդեր (ռուս.՝ Общественные фонды потребления), ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, սպառման ֆոնդի մի մասը, որն օգտագործվում է հասարակության անդամների՝ սահմանված պահանջմունքների բավարարման համար՝ ըստ աշխատանքի բաշխման ֆոնդից դուրս։ Բարիքների սոցիալիստական բաշխման հիմնական ձևերից է, որի միջոցով պետությունը պլանաչափորեն ներգործում է բնակչության եկամուտների և սպառման կառուցվածքի վրա՝ մարդկանց, սոցիալական խմբերի, խավերի և դասակարգերի սոցիալ-տնտեսական դրությունն աստիճանաբար մերձեցնելու և հավասարեցնելու նպատակով[փա՞ստ]։

Նյութական արտադրության աշխատողների և նրանց ընտանիքների չաշխատող անդամների անձնական պահանջմունքների բավարարմանը գնացող Սպառման հասարակական ֆոնդերի նյութական հիմքն անհրաժեշտ արդյունքն է, իսկ ոչ նյութական արտադրության ոլորտի աշխատողներինն ու նրանց ընտանիքների չաշխատող անդամներինը՝ հավեւյաչ արդյունքը։ Ընդ որում, նրանք, ովքեր իրենց ծառայություններն իրացնում են նյութական արտադրության աշխատողներին, փոխարենը ստանում են վերջիններիս անհրաժեշտ արդյունքի մի մասը։ Սպառման հասարակական ֆոնդերի հիմնական մասը (մոտ 70%) գոյանում է պետ․ բյուջեի (տես Բյուջե պետական) միջոցներից, ինչպես նաև պետ․ ձեռնարկությունների և կազմակերպությունների շահույթից (ստեղծում են սոցիալ-կուլտուրական միջոցառումների ու բնակարանային շինարարության ևն ֆոնդեր), կոլտնտեսությունների զուտ եկամտից (ստեղծում են կոլտնտեսականների կուլտուր-կենցաղային միջոցառումների, սոցիալ-ապահովության և նյութական օգնության ֆոնդեր)։ Սպառման հասարակական ֆոնդերի հաշվին ապահովվում են անվճար ուսուցումն ու կրթությունը, ներառյալ բարձրագույնը, վճարվում է կրթաթոշակ, ցույց է տրվում անվճար բուժօգնություն և արտոնյալ առողջարանային-կուրորտային սպասարկում, վճարվում են պետ․ թոշակներ անաշխատունակներին, հղիության և ծննդաբերության նպաստներ, կազմակերպվում բանվոր-ծառայողների և կոլտնտեսականների հանգիստը, ապահովվում ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականությունը, վճարվում են տարեկան արձակուրդները,․ պահպանվում մանկական նախադպրոցական հիմնարկությունները ևն։ Ֆոնդերի մի մասն աշխատավորներին է անցնում անկախ նրանց աշխատանքային ներդրումից (հոգևոր, կրթության, առողջության պահպանման ևն պահանջմունքների բավարարում), մյուս մասը՝ աշխատանքային ներդրումը հաշվի առնելով (թոշակներ, նպաստներ ևն)։ Սպառման հասարակական ֆոնդերից տրամադրվում են (անվճար կամ արտոնյալ ձևով) նյութական բարիքներ ու ծառայություններ և կատարվում դրամական վճարումներ (1982-ին դրանց ծավալը մոտավորապես հավասար էր)։ Սպառման հասարակական ֆոնդերից վճարումների և արտոնությունների ծավալը որոշվում է արտադրության զարգացման մակարդակով ու տեմպերով, ինչպես նաև սոցիալիստական պետության սոցիալական քաղաքականությամբ։