Jump to content

Սպանություն թարթելով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սպանություն թարթելով» (անգլ.՝ Wink murder), դերային և սալոնային խաղ, որտեղ գաղտնի ընտրված խաղացողը կարող է «սպանել» ուրիշներին՝ աչքով տալով նրանց, իսկ կենդանի մնացած խաղացողները փորձում են բացահայտել մարդասպանին։

Խաղը հայտնի է նաև այլ անվանումներով՝ «Սպանություն՝ աչքով տալով», «Սպանություն մթության մեջ», «Միայնակ ուրվական»[1] և «Մարդասպան, մարդասպան»։ Խաղացողների նվազագույն քանակը չորսն է, սակայն խաղը ավելի հետաքրքիր է դառնում վեց և ավելի խաղացողների դեպքում։

Խաղի յուրաքանչյուր փուլում գաղտնի ընտրվում է մեկ «մարդասպան»։ Ընտրությունը հիմնականում կատարվում է խաղաքարտերի միջոցով։ Մարդասպանը կարող է մյուսներին սպանել։ Դրա համար պետք է նա նայի ինչ-որ մեկի աչքերի մեջ և աչքով տա։ Եթե խաղացողին աչքով են տալիս, նա պետք է մտքում հաշվի մինչև հինգը և հայտնի իր «հանկարծակի մահվան» մասին, պառկի իր մահվան վայրում կամ էլ լքի խաղասրահը[2]։

Եթե խաղացողը կարծում է, որ գիտի մարդասպանի ինքնությունը, նա կարող է բարձրացնել իր ձեռքը և ասել՝ «Ես մեղադրում եմ», առանց իր կասկածյալին կոչելու։ Այդ պահին խաղը դադարեցվում է, և մեղադրողը խնդրում է ինչ-որ մեկին աջակցել իր մեղադրանքին՝ նորից կասկածյալին չբացահայտելով։ Այդ երկու խաղացողները պետք է միաժամանակ ցույց տան իրենց կասկածյալին։ Եթե նրանք միաժամանակ ցույց են տալիս մարդասպանին, ապա նա դուրս է գալիս խաղից, և խաղն ավարտվում է։ Եթե ցույց են տալիս տարբեր մարդկանց կամ սխալ մարդու, ապա նրանք խաղից դուրս են գալիս։ Խաղացողներին արգելվում է միմյանց հետ քննարկել, թե ով կարող է լինել մարդասպանը։ Բացի մարդասպանից մնացած խաղացողներին արգելվում է աչքով անել[2]։

Մարդասպանի խնդիրն է առանց բացահայտվելու հնարավորինս շատ խաղացողի «սպանել»[2]։

Խաղի մեկ այլ տարբերակում, որը երբեմն խաղում են տարրական դասարանի երեխաները դասապրոցեսին, կա ևս մեկ դեր՝ «խուզարկու» անվամբ, որը մարդասպանին չի ճանաչում։ Բոլոր խաղացողները նստում են խուզարկուի շուրջը, վերջինիս նպատակն է ճիշտ բացահայտել և մեղադրել մարդասպանին՝ նվազագույնի հասցնելով զոհերի թիվը։ Երբեմն մեղադրանքների համար դրվում են սահմանափակումներ, որոնք առաջադրում է խուզարկուն։ Խաղի այս տարբերակում բացի մարդասպանից ու խուզարկուից մնացած խաղացողները, բացի մահահանալուց, խաղում ուրիշ դեր չունեն։

Հարպո Մարքսը իր «Խոսում է Հարպոն» (անգլ.՝ Harpo Speaks) գրքում Ալեքսանդր Վուլքոթի տանը նկարագրում է այս խաղի տարբերակներից մեկը, որը կոչվում է «Սպանություն»։ Սկզբում ընտրում են խուզարկուին և մարդասպանին (նրանց դերերը մնում են գաղտնի)։ Խուզարկուն լքում է տունը, և սոցիալական երեկույթը ընթանում է նորմալ։ Երբ մարդասպանը ինչ-որ մեկի հետ մնում է մենակ, խաղացողին ասում է․ «Դու մահացած ես»։ Զոհը հայտարարում է իր մահվան մասին և կանչում խուզարկուին։ Խուզարկուն բոլոր կասկածյալներին հավաքում և հարցաքննում է։ Այնուհետև խուզարկուն դեդուկտիվ դատողություններով փորձում է լուծել խնդիրը։ Մարքսն ասել է, որ մի անգամ «Սպանություն» է խաղացել և «մահացու արտահայտությունը» գրել զուգարանի թղթի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «National Geographic – Lonely Ghost». Kids.nationalgeographic.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 Collard, Mark (2005). No Props: Great Games with No Equipment. Project Adventure, Inc. ISBN 9780934387057.