Սպահանի մանրանկարչության դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

16-17-րդ դարերը նշանավորվեցին իրանական մշակույթի նոր վերելքով։ 1597-98 թթ. Իրանի մայրաքաղաք է դառնում Սպահանը։ Արդեն 17-րդ դարի կեսին Սպահանը 600 հազար բնակչություն ունեցող քաղաք էր։ 1722 թ. քաղաքը գրավվում է աֆղանների կողմից, կողոպտվում։ Իսկ 18-րդ դարի վերջին, երբ մայրաքաղաք է հռչակվում Թեհրանը, Սպահանը երկար ժամանակ կորցնում է իր դերը։

16-րդ դարի վերջին մեծ վերելք է ապրում Սպահանի մանրանկարչությունը։ Վերջինիս բնորոշ էին գեղարվեստական նոր միջոցների ու սյուժեների փնտրտուքները։ Մանրանկարչությունն արդեն դուրս է գալիս զուտ գրքային նկարազարդման շրջանակներից և հաճախ արվում է ամբողջական էջի վրա՝ ներկայանալով որպես հաստոցային մանրանկարչության նմուշներ։ Այս շրջանի նկարչին սկսում է հետաքրքրել մարդու ներաշխարհը։ Զարգանում է նաև դիմանկարային մանրանկարչությունը՝ լրացվելով բնանկարային մանրամասներով։ Մանրանկարները կորցնում են իրենց բազմագունությունն ու գույների պայծառությունը, ինչի փոխարեն հատուկ կարևորություն է ստանում թեթև գունավորմամբ ուղեկցված գծայնությունը։ Հանդիպում ենք ոսկու օգտագործում։ Այս շրջանի իրանական մանրանկարչության վրա տեսնում ենք եվրոպական արվեստի ազդեցությունը. խոսքն առաջին հերթին վերաբերում է լուսաստվերի կիրառմանը, սյուժետային տեսարանների հանդես գալուն, ինչպես նաև մանրանկարների մեջ եվրոպական հագուստներով մարդկանց պատկերմանը։

Սպահանի մանրանկարչական դպրոցը պարսկական մանրանկարչության հիմնական դպրոցներից մեկն է, որը ձևավորվել է 16-17-րդ դարերի պալատական միջավայրում շահ Աբաս 1-ինի գահակալության տարիներին։ Այս դպրոցի առավել ակնառու դեմքերից են Ռեզա Աբասին, 17-րդ դարի երկրորդ կեսից՝ Ալի Կուլի բեկը, Ջաբադարը և Իտալիայում կրթություն ստացած Մուհամեդ Զամանը։ Պիտի նշել, որ վերջին երեք նկարիչները պատկանում էին մանրանկարչության «եվրոպականացված» ուղղությանը, որը Իրանում մեծ թափ էր ստացել 1670-ական թվականներից։

Սպահանի մանրանկարչական դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչը Ռեզա Աբասին է (շուրջ 1565-1635 թթ.), ով հատկապես հայտնի է երիտասարդների, ծերունիների դիմանկարներով։