Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Պլեթանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՊլեթանց
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Ստեփանոս, 1651 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Պլեթանց գյուղի հյուսիսային եզրին, հարավահայաց լեռնալանջին[1]։

Հորինվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ստեփանոս եկեղեցին հորինվածքով եռանավ, թաղակապ բազիլիկ կառույց է։ Շինության հատակագծի երկարությունը 17,2 մետր է, լայնությունը՝ 8,7 մետր։ Եկեղեցին կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ քարերով։ Սրբատաշ են միայն մուտքի, լուսամուտների, սյուների, կամարների և որմնակամարների անկյունաքարերը։ Մեծ չափերի կիսամշակ կրաքարեր են օգտագործվել պատերի ստորին շարվածքում։ Պատերն ամրացված են կրաշաղախով։ Զույգ կամարները սրահը բաժանում են նավերի։ Մկրտության ավազանը գտնվում է հյուսիսային ավանդատան մուտքին կից որմնախորշի մեջ։ Շինության արևելքում է գտնվում կիսաշրջան խորանը և նրան կից ուղղանկյուն ավանդատները։ Խորանի և ավանդատների պատերին առկա են տարբեր չափերի որմնախորշեր։

Եկեղեցու միակ մուտքը հարավային ճակատի կենտրոնից է։ Լուսավորվում է արևելքից՝ երեք, արևմուտքից մեկ և հարավից բացված երկու փոքր լուսամուտներով։ Արևմտյան ճակատից բացված լուսամուտն արտաքինից ունի խաչաձև շրջանակ։ Հարավայաց լանջին գտնվող սուրբ Ստեփանոսի հյուսիսային պատն արտաքուստ ձուլված է թեք լանջին և ծածկված է հողով։ Եկեղեցուց հարավ մուտքից դեպի արևելք գտնվում է 1854 թվականի ուղղանկյունաձև մի տապանաքար, իսկ եկեղեցու մոտ պահպանվել են 17-րդ դարին վերաբերվող երկու խաչքար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից

Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները վերաբերվում են 19-րդ դարին։ Մակար Բարխուդարյանը գրում է.

Պլեթանց (Պլըթան). հիմնուած է նոյն սարին (Արևասար) մի ձորի արևմտահայեաց լանջին վերայ. բնակիչք բնիկ, հողն արքունի, ունի նաև այգի, բոժոժ և պարտէզ, անվնաս օդն, կլիման և ջուրն. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից։ Ծուխ 20՝ ար. 90, իգ. 70
- Բարխուտարեանց 1895, 70

Եկեղեցին կառուցվել է 1651 թվականին։ Այդ մասին է վկայում մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրությունը (Թվ :ՌՃ:)։

Վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։ Արցախյան ազատամարտի տարիներին գյուղը մեծ վնասներ է կրել, սակայն եկեղեցին կանգուն է մնացել։

2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանը օկուպացրել է Հադրութի շրջանը և նրա կազմում գտնվող Պլեթանց գյուղը։ 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցու շենքը չի վնասվել։ Սակայն որևէ տեղեկություններ չտան եկեղեցու շուրջը պահպանված գերեզմանային հուշարձանների ներկա վիճակի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պլեթանցի սբ․ Ստեփանոս եկեղեցին». Monument Watch. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.