Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մեծավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ

Սուրբ Հովհաննես եկեղեցի, եկեղեցի Մեծավան գյուղի կենտրոնական մասում՝ միջնադարյան գերեզմանոցի տարածքում։ Ինչպես գերեզմանոցը, այնպես էլ եկեղեցին վերակառուցվել են, և սկզբնական շինությունից մնացել է միայն պատերի ստորին մասը, որից երևում է, որ եկեղեցին նախկինում եղել է միանավ թաղակապ դահլիճ (7․50×3․65 մ չափերով), արևելյան կողմում ունենալով կիսաշրջանաձև խորան[1]։

Երկայնական պատերից յուրաքանչյուրին կից եղել են երեքական որմնակամարներ, որոնցից պատերի հատման երեք անկյունում (բացի հարավարևելյանից) մնացել են քառակուսի կտրվածքով որմնամույթերը, իսկ հյուսիսային պատին կից՝ միայն կամարների բացվածքները։ Պահպանվել է խորանի հյուսիսային կողմի ճակատային որմնամույթի իմպոստը՝ գծային ոլորազարդերով։ Միակ մուտքը հարավից է, ունի մեծաչափ հեծանային ուղղանկյուն բարավոր, որի միջին մասում հարթաքանդակված է անհավասար թևերով խաչ, իսկ վերին ձախ անկյունում փորագրված է Ս(ՈՒՐ)Բ ՅՈՀԱՆՆԷՍ։ պահպանվել է արևելյան պատուհանի բարավորը՝ կիսաշրջանագծային եզրակալով, որի հորիզոնական թևերից պատկերված են խաչը և կենաց ծառի խորհրդանիշը ձեռքներին մեկական մարդկային ֆիգուրներ։

Եկեղեցու սկզբնական շինությունը եղել է դեղնավուն ֆելիզիտի մաքրատաշ խոշոր քարերով, իսկ վերակառուցված մասերը մուգ վարդագույն ֆելիզիտի մանր քարերով են։

Սկզբնական շինության մնացորդներից երևում է, որ այն իր հորինվածքով, հարդարանքով ընդհանրանում է Լոռվա տարածքի 13-րդ դարի նույնատիպ հուշարձանների (Սեդվի, Մանստև և այլն) հետ, որոնց և ժամանակակիցը կարելի է համարվել։

Եկեղեցու հարավարևելյան կողմում գտնվում է ուշագրավ զարդաքանդակներով և խաչապատկերնեով հարդարված տապանաքար՝ 1853 թ․ վախճանված Մխիթար վարդապետի գերեզմանի վրա։ Հորինվածքից պարրզ երևում է, որ այն բարավորի քար է տապանաքարի է վերածվել հետագայում։ Վրան փորագրված են վրացերեն երկու արձանագրություն, որոնք վերաբերում են 13-րդ դարի 30-40-ական թվականներին[2]։ Սբ Հովհաննեսից ոչ հեռու գտնվում է Սուրբ Գևորգ եկեղեցին, որը պարզ, ուղղանկյունաձև մեծ (24×10 մ չափերով) դահլիճ է՝ առանց խորանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Շախկյան, ԼՈՌԻ պատմության քարակերտ էջերը
  2. Մուրադյան, Պ․. Հայաստանի վրացերեն արձանագրությունները. էջեր 152–156.

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]