Սուրբ Խաչ եկեղեցի (Քարագլուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Վայոց Ձորի մարզ
Կազմված էԽաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական

Սբ. Խաչ եկեղեցի. գյուղամիջում մինչև այսօր կանգուն եռանավ բազիլիկ հորինվածքով եկեղեցու (ըստ՝ 1925 թվականի վկայության՝ «քարեա, հոյակապ») որմերում առկա ավելի հին շինությանը պատկանող պատմաճարտարապետական բեկորները հուշում են, որ այն հիմնվել է թերևս վերջինիս կառուցման պահին արդեն բավականաչափ ավերված եկեղեցու տեղում։ Մասնավորապես ուշադրություն է գրավում հին եկեղեցու գեղաքանդակ և խաչազարդ բարավորը, որը, որպես հնավանդ հիշատակ, ագուցվել է նորաշեն եկեղեցու արևմտյան ճակատում։

Նոր եկեղեցու կառուցման մասին շինարարները որևէ վկայություն չեն թողել, իսկ գրավոր հիշատակություններն ընդամենը հայտնում են 1920-ական թվականներին կատարված գողությունների մասին (նախ կողոպտվել է 1924 թվականի հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը, իսկ 1925 թվականի հուլիսի 3-ին Չանախչի գյուղի մոտ քրդերը թալանել էին Արարատյան թեմի հոգևոր խորհրդի եկեղեցուն ընծայված իրերը)։

Եկեղեցին ունի եռանավ թաղածածկ բազիլիկ հորինվածք (արտաքին չափսերը՝ 19,7×12,0 մետր)։ Երկլանջ ծածկի տակ առնված տանիքը ներքուստ պահում են երկու զույգ սյուներն ու չորս զույգ որմնասյուները։ Արևելյան ճակատին՝ կիսաշրջան եզրագծով ավագ խորանի երկու կողմերում, առկա է ուղղանկյուն հատակագծով մեկական ավանդատուն։ Լուսավորությունն իրականացված է վեց լուսամուտներով, որոնցից երեքը (նեղ) բացված են արևելյան, երկուսը (ավելի լայն)՝ հարավային, իսկ վերջինը (նույնպես լայն)՝ արևմտյան ճակատներից։ Եկեղեցու սյուները, որմնասյուները, թաղակիր կամարներն ու անկյունաքարերը կառուցված են սրբատաշ, իսկ մնացյալները՝ կիսակոփ կամ անմշակ քարով։ Կառույցը ներքուստ սվաղված է։ Կենտրոնական նավի թաղակիր զույգ կամարների սվաղի շերտին առկա են որմնանկար պարզ զարդագոտիներ։

Եկեղեցու որմերում ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ պատահական դիրքով ագուցված են ամբողջական կամ բեկորված մի քանի խաչքարեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կարապետյան, Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները, էջ 19-20։
  2. ՀԱԴ, ֆ. 48, ց. 1, գ. 289, թ. 47:
  3. ՀԱԴ, ֆ. 48, ց. 1, գ. 289, թ. 52:
  4. ՀԱԴ, ֆ. 48, ց. 1, գ. 289, թ. 17: