Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քյուրաթաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՔյուրաթաղ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին, 1683 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում[1]։

Հորինվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին հորինվածքով ուղղանկյուն հատակագծով բազիլիկ է, որը ներսից ունի եռանավ թաղակապ սրահ։ Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարերով։ Հարավային կողմից է բացվում միակ մուտքը, որն աչքի է ընկնում իր շքեղ զարդաքանդակներով։ Համաձայն մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1683 թվականին։ Խաչաքանդակի ձախ կողմի արձանագրությունը.

Շինեց[ա]ւ սբ եկեղեցիս թվ. ։ՌՃLԲ։ (1683 թ.) ի թ[ա]գ[աուորու]թի[ւ]ն Սուլիէմանին, կ[ա]թ[ո]ղ[ի]կ[ո]ս[ու]թի[ւն] Երեմիայի
Եկեղեցու մուտքի բարավորի խաչաքանդակը և արձանագրությունները

Շահ Սուլեյմանը թագավորել է 1666-1694 թվականներին, իսկ Երեմիա Բ Հասան Ջալալյանցի հայրապետության տարիներն են 1676-1700 թվականները։ Հետևաբար կասկած չի հարուցում վիմագրի մեջ նշված կառուցման թվականը։ Խաչաքանդակից դեպի աջ արձանագրությունը.

Մեք Խօրքյուրայթաղայ մեծ եւ փոքր, ժ[ո]ղո]վ[ու]րդս շինեցինք։ Տանուտէր դեղիս՝ Ղասումն։ Յ[ի]շ[ա]տ[ա]կ է ։1102
- 1653 թ.

Հավանական է, որ հետագայում է ավելացվել արաբատառ թվագրությունը։ Մուտքի ձախ կողմի արձանագրությունը.

Խաչկալս յիշատակ է խօջա Վարդանի կողակից Ղջլին, թվ. ։ՌՃՂԲ
- 1743 թ.

Եկեղեցու պատերին ագուցված են մի շարք խաչքարեր, որոնք ունեն հիշատակագրային բնույթի արձանագրություններ։ Դրանցից մեկը թվագրված է 1683 թվականով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մասին բացակայում են պատմական տեղեկությունները։ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը Քյուրաթաղ գյուղի նկարագրության մեջ հիշատակում է նաև եկեղեցին[2]։

Վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի պատերազմից և գյուղի օկուպացիայից հետո եկեղեցու մասին տվյալները բացակայում են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քյուրաթաղ գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին». Monument Watch. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. Բարխուդարյան, Մակար (1895). Արցախ. ԲԱԳՈՒ. ՏՊԱՐԱՆ «ԱՐՕՐ.