Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մատան)
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մատան)
| |
Մատանի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Ախմետայի շրջանի Մատան գյուղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ, սակայն վավերագրերում եկեղեցու մասին առաջին հիշատակությունը նշվում է 1818 թվականից։ Եկեղեցին բազմիցս հիշատակվել է նաև հետագա վավերագրերում՝ մինչև 20-րդ դարի սկիզբ։ Այն կառուցվել է հասարակության միջոցներով։ 1923 թվականին եկեղեցին փակվել է[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սբ. Աստվածածին եկեղեցին եղել է փայտածածկ։ 1988 թվականին այն եղել է կիսավեր վիճակում, կանգուն են եղել աղյուսով, անմշակ քարով ու կրաշաղախով կառուցված պատերը։ Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով է, արևելյան կողմում կա խորան և երկու ավանդատուն, հարավային արևմտյան կողմերից՝ մեկական մուտք, 9 լուսամուտ։ Եկեղեցու վրա չկա հարդարանք և արձանագրություն, այն միանավ շենք է։ Արևմտյան ճակտոնի գագաթին կանգնած է զանգակատունը։ Շենքի արտաքին չափերն են՝ 12,78 x 7,55 մետր։
Վիճագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1818 թվականից պահվող բազմաթիվ իրերի շարքում եղել են նաև արձանագրված իրեր։ Դրանցից էին արծաթյա սկիհը և ձեռաց խաչը։
Սկիհի վրայի արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յիշատակ է սուրբ Դաւութբէկեանց Կարապետի դուստր Շուշան կուսին, իւր հոգևոր եւ մարմնաւոր ծնողացն և մասնակցած ձեռամբ ձրի շինօղաց, որ ընծայեցի Տէր Յոհաննէս քահանայի 1809, յունվարի 1[2]։
Ձեռաց խաչի վրայի արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յիշատակ Պէպանի[2]։
Քահանա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ վերոնշյալ սկիհի վրայի արձանագրության 1809 թվականին քահանա է եղել Տեր Հովհաննեսը, 1908-1910 թվականներին՝ Հովսեփ Տերտերյանցը, ով հովվել է նաև Խորխել և Քիսթաուր գյուղերին[3]։