Սուրբ Աստվածածին եկեղեցի (Լագոդեխ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Կախեթի մարզ և Լագոդեխ |
Լագոդեխի Սուրբ Աստվածածին եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Լագոդեխ քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1860-ական թվականների կեսին հայերը մտադրվել են Սուրբ Աստվածածին անվամբ եկեղեցի կառուցել Լագոդեխի բերդի ներսում[1]։ 6 տարի անց՝ 1866 թվականին սկսում են փայտաշեն եկեղեցու շինարարական աշխատանքները[2] և այն ավարտում 1867 թվականին[3][4]։ 1876 թվականի մի վավերագրում Լագոդեխի եկեղեցին հիշված է «նորաշեն»[5]։
1889 թվականին Նարինյաններ եղբայրները խոստացել են ու եկեղեցուն կից կառուցել մի զանգակատուն. «Լագօդաղու փոքրաթիւ, բայց եկեղեցասէր հայ հասարակութիւնը զգալով անհրաժէշտ հարկաւորութիւն եկեղեցու, իրենց ծախքով և մասամբ ուրիշների օժանդակութեամբ կառուցել են քարաշէն գեղեցիկ եկեղեցի, բայց առանց զանգակատան, որի փոխարէն շինուած արևմտեան պատին կից տախտակեայ ծածկը ծառայում է փոխանակ զանգակատուն և պէտք է ասած, որ բաւականին անձև և անշնորհք բան է։ Եղբայր Նարինեանցները տեսնելով զանգակատան կարևորութիւնը, իրենց յօժար կամքով խոստացան առաջիկայ գարնան կառուցանել զանգակատուն՝ համաձայն մակարդակի (պլանի)»[6]։
1891-1893 թվականների ընթացքում նույնպես կատարվել են շինարարական աշխատանքներ՝ «...ներկայ երեցփոխ պ. Ս. Մատինեանցն երկու տարուայ ընթացքում, բացի մի դրամագլուխ կազմելուց, որ մօտ 400 ր. չափ է, շինել է տուել տեղիս վաճառականների հաշուով նաև եկեղեցու կաթուղիկէն, առաստաղը, լուսամուտները և ամբողջ եկեղեցին էլ սուաղել է տուել...[7]։
19-րդ դարի վերջին Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջը գոյացել էր փոքրիկ գերեզմանատուն, ուր թաղվելու պատվին արժանանում էին միայն հասարակական ճանաչում ունեցող բարեգործ անձինք։ 1893 թվականի ապրիլի 15-ին եկեղեցու բակում է թաղվել նաև վաճառական Արտեմ Զուրաբյանը[8]։
1900 թվականին քահանա Բագրատ Սուքիասյանցի հրավերով ժողով է գումարվել՝ եկեղեցին նորոգելու մտահոգությամբ, որի ընթացքում ընտրվել էին տեղացի մի քանի անհատներ, որոնք պետք է ղեկավարեին նախատեսված աշխատանքները[9]։
Խանում Կալատուզյանցն իր հանգուցյալ ամուսնուն՝ Կոստանդին Մովսիսյան Կալատուզյանցին եկեղեցու գերեզմանում թաղելու թույլտվություն ստացել, փոխարենը 500 ռուբլի ծախսելով նորոգել էր եկեղեցու քայքայված մասերը՝ «Վերանորոգեցի զանգակատան տանիքը և եկեղեցու ներսի պատերը սուաղել և ներկել տուի ամբողջութեամբ...»[10]։ Կոստանդին Մովսիսյան Կալատուզյանցին սպանվել է 1910 թվականի մարտի 20-ին[11]։
1914 թվականի ապրիլի 26-ին գործակալ Բագրատ քահանա Սուքիասյանցը «Մշակ» լրագրի միջոցով իր շնորհակալությունն էր հայտնել՝ «Թիֆլիսի պատուաւոր քաղաքացի պպ. Արտաշես Համբարձումեան Էնֆիաճեանին, Սղնախաքաղաքացի Սարգիս Սիմէօնեան Սիմէօնեանցին, Ցղնայ գիւղացի Գրիգոր Գաբրիէլեանին, որոնցից առաջինը իւր հաշւով շինեց աւանիս Ս. Աստուածածին եկեղեցւոյ յատակը տոմիտ քարով, երկրորդն՝ վերնատունը ամբողջովին և երրորդը՝ բեմի վրայ եղած պատկերները. նաև աւանիս ու Ղօբախչ գիւղի այն բարեպաշտ նուիրատուներին, որոնք իրանց տուած լումաներով նպաստեցին եկեղեցուս վերանորոգութեանը»[12]։
Եկեղեցին գործել է մինչև 1923 թվականի օգոստոսի 30-ը[13]։ Մեկ այլ վավերագրի հմաձայն այն փակվել է նույն թվականի մարտին[14]։
Եկեղեցական իրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին եկեղեցին նոր իրեր է նվեր ստացել՝ «Ցղնա գիւղացի Վաճառական պ. Գրիգոր Գաբրիէլեանը, տեսնելով մեր եկեղեցու անշուք և չքաւոր դրութիւնը, ընծայեց տեղիս ս. Աստուածածին եկեղեցուն արծաթեայ ոսկեջրած աղաւնի 120 րուբ. արժողութեամբ»[15]։
1911 թվականին ծխական քահանա Բագրատ Սուքիասյանցն ու երեցփոխ Հովհաննես Հարությունյանը մամուլի միջոցով շնորհակալություն են հայտնել թիֆլիսեցի վաճառական Գևորգ Չիլինգարյանցին, որը Լագոդեխի եկեղեցու վարագույրի համար նվիրել է 67 ռուբլի 50 կոպեկ արժողությամբ 34,5 մետր արշին թավիշ[16]։
Քահանաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1900-1911 թվականներին եկեղեցում քահանայագործել է Բագրատ Սուքիասյանցը, որը կրոն և երգեցողություն է դասավանդել տեղի դպրոցում։ Եկեղեցու վերանորոգման գործում Բագրատ Սուքիասյանցն ունեցել է իր ներդրումը։
- Ղուկաս Տեր-Խաչատրյան՝ հիշվում է 1923 թվականից[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱԱ ֆ. 56, ց. 1, գ. 4065, թ. 14
- ↑ ՀԱԱ ֆ. 56, ց. 1, գ. 4065, թ. 8
- ↑ «Նոր-Դար», 1890, № 34, էջ 3
- ↑ «Նոր-Դար», 1899, № 34, էջ 3
- ↑ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 75-76
- ↑ «Նոր-Դար», 1889, № 215, էջ 2
- ↑ «Նոր-Դար», 1893, № 197, էջ 2
- ↑ «Նոր-Դար», 1893, № 74, էջ 2
- ↑ «Մշակ», 1900, № 22, էջ 3
- ↑ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3437, թ. 3
- ↑ «Մշակ», 1910, № 98
- ↑ ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 639, թ. 26
- ↑ ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3146, թ. 11
- ↑ 14,0 14,1 ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 463, թ. 58
- ↑ «Մշակ», 1908, № 20, էջ 3
- ↑ «Սուրհանդակ», 1911, № 5