Սովորական կիվիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային կիվիվ

Սովորական կիվիվ (Vanellus, vanellus), քարադրների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 28-31 սմ է, թևերի բացվածքը՝ 82-87 սմ։ Վառ նախշերով փուփուլավոր կիվիվ է։ Բնադրման շրջանում արուն և էգը սև փուփուլով ու կրծկալով են։ Մարմինը վերևից կանաչավուն փայլով է, արևի տակ՝ մանուշակագույն։ Կրծքի ստորին մասը և փորը սպիտակ են, թևերի ծայրերը՝ լայն, կլորավուն։ Արուի փուփուլն ավելի երկար է, փետրածածկը՝ ավելի վառ, գլուխը՝ ավելի մուգ։ Հետբնադրման շրջանում դիմային մասը դեղնավուն է, կզակը, կոկորդը՝ սպիտակ։ Երիտասարդը նման է հետբնադրման շրջանի հասունին, սակայն փուփուլն ավելի կարճ է, կուրծքը՝ դարչնավուն, թևերի ծածկողները և մեջքի փետուրները՝ բաց գույնի երիզված։

Հյուսիսային կիվիվը ուտում է անձրևորդ

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է ծանծաղուտներում, թաց մարգագետիններում, ոռոգվող դաշտերում։ Գարնանային հարսանեկան խաղերն ուղեկցվում են օդում բարդ պտույտներով ու հաճախակի կրկնվող ճիչերով։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով։

Հյուսիսային կիվիվ

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բնադրազույգերը կազմվում են ապրիլ-մայիսին։ Բույնը ոչ խորը փոսիկ է՝ ցանցառ ցամքարով, կամ հարթակ՝ չոր խոտերից։ Բնադրում է գետնին՝ առավելապես բաց տարածություններում, խոնավ, ճահճացած վայրերում, իսկ աղքատ բուսականության պայմաններում՝ ոչ մեծ բնական փոսիկներում կամ անասունների ու մարդկանց ոտնահետքերից առաջացած փոսերում, ճմաբույսերի վրա կամ գետնին։ Բնադրում են առանձին զույգերով նաև մեծ ու փոքր գաղութներով։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 3-րդ տասնօրյակից մայիսի ընթացքում, երբեմն՝ մինչև հունիսի սկիզբը։ Դնում է 47 մմ տրամագծով, բաց դարչնագույն՝ սև վրձնախազերով 4 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 24-29 օր, բարենպաստ պայմաններում՝ ավելի կարճատև։ Նորելուկ ձագերը մայիսի վերջ-հունիսին ձեռք են բերում հմուտ թռչելու ունակություն։ Ձգձգված բնադրման դեպքում ձագերը կարող են հայտնվել հուլիսի 2-րդ կեսին։ Աշնանը սովորական կիվիվները կազմում են մեծ երամներ (մինչև մի քանի հարյուր թռչուն) և հիմնականում ձմեռում են Արարատյան դաշտի խոնավ տարածքներում։ Որպես սիրողական և մարզական որսի թռչուն՝ ճանաչված է շատերի կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png