Սոլվատացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոլվատացում ( լատ․ solvo-լուծում եմ), լուծիչի մոլեկուլների և լուծված նյութի մոլեկուլների (իոնների) փոխազդեցությունը (կապվելը միմյանց)։ Սոլվատացված են նաև հեղուկում ուռչած պինդ նյութերը և բարձրդիսպերսված հեղուկ համակարգերում (զոլեր, էմուլսիաներ, լատեքսներ և այլն) մանրացված նյութերը։ Երբ լուծիչը ջուրն է, սոլվատացումը կոչվում է հիդրատացում։ Սոլվատացման հետևանքով առաջանում են հաստատուն կամ փոփոխական բաղադրության մոլեկուլային խմբեր կամ քիմիական միացություններ՝ սոլվատներ (ջրի դեպքում՝ հիդրատներ)։ Սոլվատացվող մոլեկուլների (իոնների) շուրջն ստեղծվում են լուծիչի մոլեկուլներից բաղկացած սոլվատային թաղանթներ։ Տարբերում են առաջնային և երկրորդային սոլվատացում։ Առաջնային սոլվատացումը նյութը մոլեկուլների (իոնների), լուծիչի և նրանց հարող մոլեկուլների փոխազդեցությունն է։ Առաջնային սոլվատացված մասնիկների փոխազդեցությունը լուծիչի ավելի հեռու գտնվող մասնիկների հետ կոչվում է երկրորդային սոլվատացում։ Լրիվ սոլվատացման ժամանակ լուծիչի բոլոր մոլեկուլները գտնվում են լուծված նյութի մոլեկուլների (իոնների) ուժային դաշտում, այսինքն ընդգրկված են սոլվատային թաղանթներում։ Սոլվատացումը փոխում է լուծույթի թերմոդինամիկական և այլ հատկությունները։ Սոլվատացմամբ են պայմանավորված լուծույթների և բարձրդիսպերսված հեղուկ համակարգերի կայունությունը, էլեկտրոլիտային դիսոցումը բևեռային լուծիչներում, բազմաթիվ քիմիական ռեակցիաների ընթացքում և այլն։ Երբեմն սոլվատացման հետևանքով տեղի է ունենում լուծված նյութի և լուծիչի դարձելի կամ ոչ դարձելի փոխանակային քայքայում, որը կոչվում է սոլվոլիզ (ջրի դեպքում՝ հիդրոլիզ)։ Սոլվատացում կարող է տեղի ունենալ նաև, երբ նյութը կլանում է հեղուկի գոլորշիներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 493