Սոլիկամսկ
Սոլիկամսկ, քաղաք, Ռուսաստանի Պերմի մարզի Սոլիկամսկի շրջանի կենտրոնը։ Նավահանգիստ է Կամայի ձախ ափին։ Կա երկաթուղային կայարան։ 104 հազար բնակիչ (1983)։ Հիմնադրվել է XV դարի երկրորդ քառորդում և կոչվել Սոլ-Կամսկայա, ապա՝ Ուսոլիե-Կամսկոյե։ 1472 թվականին Մեծ Պերմի հետ միացել է Մոսկովյան պետությանը։ XVI — XVIII դարերին եղել է Ռուսաստանի աղագործական խոշոր շրջան, XVII դար՝ առևտրական խոշոր կենտրոն, 1613 թվականից՝ վոյեվոդության նստավայր, 1719 թվականից՝ պրովինցիայի կենտրոն, 1796 թվականից՝ գավառական քաղաք։
Սովետական իշխանություն Սոլիկամսկում հաստատվել է 1918 թվականի հունվարի 31-ին (13 փետրվար)։ 1925 թվականին հայտնաբերվել է Վերին Կամայի կալիումական աղերի խոշոր հանքավայրը։ Կան կալիումական աղերի, թաղանթանյութի-թղթի կոմբինատներ, մագնեզիումի գործարան։ Ունի թաղանթա՚ւյութի-թղթի երեկոյան, ավտոճանապարհային տեխնիկումներ, բժշկական և մանկավարժական ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Պահպանվել են XVII — XVIII դարերում ճարտարապետական հուշարձաններ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 490)։ ![]() |