Սմերդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սմերդներ, ֆեոդալական կախման մեջ գտնվող գյուղացիների անվանումը Հին Ռուսիայում և սլավոնական մի քանի այլ երկրներում։ XI–XII դարերի աղբյուրներում սմերդները հիշատակված են Կիևյան Ռուսիայում, Լեհաստանում և պոլաբյան սլավոնների մոտ։ Ռուսիայում սմերդները ազատությունն աստիճանաբար կորցնող (մասամբ կամ լիովին) գյուղացիներ էին, որոնց առանձին խմբեր իրավական դրությամբ տարբերվել են։ Ի տարբերություն ստրուկների, սմերդները XI–XII դարերում ունեցել են իրենց գույքը, կատարած հանցանքի դիմաց վճարել տուգանք։ Իրավաբանորեն սմերդները լիիրավ չէին։ Սմերդների սպանությունը պատժվել է նույնպիսի տուգանքով, ինչպես խոլուցինը։ Անժառանգ սմերդների գույքը տնօրինել է իշխանը։ XII դարի սկզբից սմերդներովով բնակեցված հողերը տրվել են առանձին իշխանների՝ իբրև սեփականություն։ Ըստ XIV–XV դարերի աղբյուրների, Նովգորոդյան ու Պսկովյան երկրներում սմերդները եղել են սեփականատեր-գյուղացիներ, որոնք հողը տիրել են համայնաբար կամ անհատապես, իրավասու եղել՝ ազատորեն օտարելու իրենց հասանելի հողը։ Աակայն սմերդների անձնական ազատությունը եղել է սահմանափակ, արգելվել է սմերդների տեղափոխվելը այլ հողեր կամ ուրիշ իշխանի պատրոնության ներքո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png