Սղնախ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սղնախ (այլ կիրառումներ)
Coa Illustration Elements Building Castle.svg
Սղնախ ամրոց
Քեթիի կիկլոպյան ամրոց
Qeti Castle.jpg
Տեսակմշակութային արժեք և ամրոց
ՏեղագրությունՀայաստան Հայաստան
ՀասցեՇիրակի մարզի Քեթի գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք, բարձր լեռան վրա, նույնանուն սարին
Վարչական միավորՔեթի[1]
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
ԿառուցվածՔ.Ա. 3-րդ հազարամյակ
Բաց է հանրության համարայո
Qeti Castle.jpg

Կիկլոպյան ամրոց, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Քեթի գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Այն տեղադրված է Շիրակի լեռնաշղթայի «Սղնախներ» կոչվող երկու բարձունքների գագաթներին, որոնք շրջապատի նկատմամբ ունեն գերիշխող դիրք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավարևելյան ամրաշինությունը փոքր է, զբաղեցնում է 600 մ2 տարածություն և մյուսից բաժանվում է թամբաձև գոգավորությամբ։ Հյուսիս-արևմտյանը՝ միջնաբերդը, ավելի մեծ է և զբաղեցնում է 1.2 հեկտար տարածություն։ Այն պարսպապատված է և ունի բլրի եզրագծին համապատասխան հատակագիծ։ Գլխավոր մուտքի մոտ պարիսպը ամրացված է երկու քառանկյունի փոքր աշտարակներով։ Բարձունքի հյուսիսային և հյուսիս-արևելյան կողմերում կան չորս շարք ղարավանդապատեր, որոնք պաշտպանել են բարձունքի լանջերը։ Նման երկու շարք դարավանդապատեր նկատվում են և հարավ-արևմտյան լանջերին։ Հարավ-արևելյան ամրաշինության հյուսիսային կողմից սկսվող և նույն ուղղությամբ ձգվող պարիսպը միաշար է ու դրված է թեք լանջերին կառուցված հարթակների վրա։ Այն ունի մոտ 110 մետր երկարություն։ Չնայած այլ հատվածներում դրա մնացորդները չեն պահպանվել, սակայն, տեղանքից ելնելով, ամրոցը զբաղեցրել է շուրջ 7 հեկտար տարածություն, որի ներսում գտնվել են վերոհիշյալ երկու ամրաշինությունները։ Այս երկու ամրաշինությունները ներառված են եղել մի ընդհանուր համալիրում։

Միջնաբերդն առավել լավ պաշտպանված կառույց է։ Բացի նշված պարսպից և դարավանդների վրա կառուցվա ծ պաշտպանական համակարգից, այն ունի նաև առանձին հատվածներում ներս և դուրս ընկած մասեր և կեղծ աշտարակներով պարիսպ, որը շարված է արանքները մանր քարերով լցված բնական որձաքարի երկու շարքով։ Պարսպի լայնությունն է 1.8 մ (երբեմն հասնում է 4 մետրի) և կառուցված է լեռան գագաթի եզրագծով, որն առանձին հատվածներում կցված է անմատչելի ժայռերին։ Միջնաբերդն ունի երկու մուտք։ Առաջինը գտնվում է պարսպի հ յուսիս-արևմուտքում և երկու կողմերից պաշտպանված է խոշոր որմահերցերով, որոնք ունեն 4-7 մ երկարություն և 1 մ լայնություն։ Միջնաբերդի պաշտպանական համալիրը լրացուցիչ ամրացված է մուտքից 12 մ հեռավորությամբ կառուցված անկյունաձև և մուտքից 20 մ հեռավորության վրա գտնվող 60 մ երկարությամբ հյուսիսից հարավ ձգվող խուլ պատով։ Սրանց ներառած տարածությունները կատարել են «քարե պարկի» դեր, ուր թշնամին ներխուժելու դեպքում հանդիպում էր խուլ պատերի և չորս կողմից ընկնում հարվածի տակ։ Ամրաշինական այս հնարքը տարածված էր Հայաստանի ուշ բրոնզի և երկաթի ժամանակաշրջանի[2], ինչպես նաև ուրարտական[3] ամրոցներում։ Երկրորդ մուտքը գտնվում է միջնաբերդի արևմտյան պարսպի հարավային հատվածում և ունի 2 մ լայնություն։

Այն ներսի կողմից պաշտպանված է 17 մ երկարությամբ երկու զուգահեռ պատերով, որոնք, հավանաբար, նույն «քարե պարկի» դերն են կատարել։ Այսպիսի «դռներ-միջանցքներ» հանդիպում են հյուսիս-արևելյան Հայաստանի նշված ժամանակաշրջանի մի շարք ամրոցներում, որոնք կառուցված են պարսպի արտաքին կողմում, երբեմն էլ ներսում[4]։ Միջնաբերդում և պահակային ամրոցում պահպանվել են բազմաթիվ ուղղանկյունաձև կացարանների հետքեր, իսկ դրանց միջև եղած տարածությունում այդպիսիք բացակայում են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. С. А. Есаян, Древняя культура племен северо-восточной Армении, Ереван, 1976, с. 115 и сл.
  3. А. А. Мартиросян, Аргнштихннили, Ереван, 1974, рис. 11.
  4. С. А. Есаян, Древняя культура племен северо-восточной Армении, Ереван, 1976, с. 15