Սերապիս
Սերապիս, Սարապիս (հունարե)՝ Σέραπις), պտղաբերության, բնության տարերային ուժերի, ինչպես նաև անդրշիրիմյան աշխարհի աստվածը հելլենիստական Եգիպտոսում։
Եգիպտացի քուրմ Սանեթոնի և աթենացի քուրմ Տիմոթեոսի գործակցությամբ Սերապիսի պաշտամունքը մտցրել է Պտղոմեոս I Սոտեր թագավորը (մ․թ․ա․ 305-283)՝ կրոն, հիմքի վրա Եգիպտոսի բնիկներին և հույն գաղութարարներին մերձեցնելու նպատակով։ Բայց Սերապիսի պաշտամունքը տարածվել է գերազանցապես հունական, (հետագայում՝ հռոմեական) միջավայրում։ Սերապիսի կերպարում միավորվել են եգիպտական աստվածներ Օսիրիսի և Ապիսի (սկզբում հնչել է Օսարապիս) պաշտամունքային գծերը։ Սերապիսին վերագրվել են նաև ջրային ոգու և հեղեղումների (այդ հատկանիշով նմանվել է Պոսիդոնին և նրա պատկերը զետեղել են նավերի պռուկին), ինչպես նաև արևի աստծո (Ապոլլոնի) հարագործություններ։ Սերապիսը դիտվել է նաև իբրև ապագայի իմաստուն գուշակ, հիվանդություններ ամոքող, դժբախտ պատահարներից փրկող ոգի։ Հաճախ նույնացվել է նաև Զևսին։ Սերապիսը պատկերվել է միջին տարիքի, առնացի կերպարանքով, հունական զգեստով, խիտ մազերով ու մորուքով, գլխին՝ պտուղներով լեցուն զամբյուղ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |