Սասունիկ Ավդալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասունիկ Վաղարշակի Ավդալյան
Ծնվել է1920
Ծննդավայրգ. Հոռոմ
Ազգությունհայ

Սասունիկ Վաղարշակի Ավդալյան (1920, գ. Հոռոմ - ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը և անցել ուսուցչական աշխատանքի։ 1940 թվականին կանչվել է զինվորական ծառայության։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսի 22-ից։ Այդ ժամանակ նրանց զորամասը Պրուտ գետի ափին էր, Ունգեն քաղաքի մոտակայքում։ Մեկ ամիս հակառակորդի դեմ կռվելուց հետո նրան գործուղել են Օդեսա՝ հրամանատարական դասընթացների։ Դասընթացները չավարտած՝ նրան ուղարկում են Վոլխովի ռազմաճակատ որպես ականանետի հրամանատար։ Վոլխովի ռազմաճակատում նա մարտնչում է մինչև 1942 թվականի հուլիսի կեսերը, այնուհետև՝ թշնամու թիկունքում, Լենինգրադի մարզում գործող 13-րդ պարտիզանական բրիգադի կազմում՝ որպես հետախուզական խմբի հրամանատար։ 1944 թվականի փետրվարից մինչև պատերազմի ավարտը կռվել է Լենինգրադի, 1-ին Ուկրաինական ռազմաճակատներում, 125-րդ հրաձգային դիվիզիայի 749-րդ գնդի ականանետային մարտկոցում։ Մասնակցել է Լենինգրադի շրջափակման վերացման և Մերձբալթիկայի ազատագրման մարտերին։ Երեք անգամ վիրավորվել է։ Զորացրվել է 1945 թվականի հոկտեմբերին։

Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Երեք ու կես տասնամյակ Արթիկի շրջանի դպրոցներում վարել է ուսմասվարի, տնօրենի պաշտոններ, միաժամանակ դասավանդել հայոց լեզու և գրականություն։

Արժանացել է «Խիզախության համար», «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով, ինչպես նաև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի երկու պատվոգրերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 16-17։