Սալերի տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սալերի տեսություն, առաձգականության տեսության բաժին, ուսումնասիրում է փոքր բարձրություն ունեցող (երկարության և լայնության համեմատ) գլանաձև կամ պրիզմայաձև առաձգական պինդ մարմինների՝ սալերի լարվածա-դեֆորմացված վիճակը։ Բարակ սալերի տեսությունը (կիրառական կամ տեխնիկական տեսություն) հիմնված է հետևյալ վարկածի վրա․ սալը ըստ բարձրության երկու հավասար մասերի բաժանող հարթությանը (միջին հարթություն) ուղղահայաց ուղիղները սալի դեֆորմացիայի դեպքում ուղղահայաց են մնում ուղիղ և կորացած միջին հարթությանը (մակերևույթին)։ Այդ դեպքում առաձգականության տեսության եռաչափ հավասարումները բերվում են երկչափ հավասարումների, իսկ հիմնական խնդիրը՝ սալի առաձգական մակերևույթի երկհարմոնիկ հավասարման ինտեգրմանը։ Այդ հավասարումն ինտեգրելով և հաշվի առնելով սալի հենարանային պայմանները, ստանում են սալի առաձգական մակերևույթի ֆունկցիան, որի միջոցով էլ որոշում են սալի լայնական հատույթներում միավոր երկարության վրա ազդող ներքին ուժերը։ Սալերի տեսությունը կիրառվում է անհեծան ծածկերի, կամուրջների, ճանապարհների, հիդրոտեխնիկական կառույցների, նավերի և ինքնաթիռների իրանի, ինչպես նաև սարքաշինության մեջ՝ արտաքին գրգիռներ ընդունող կամ տատանումներ իրականացնող հարթ տարրերի հաշվարկի ժամանակ։

Հայաստանում Սալերի տեսության բնագավառի ուսումնասիրությունները սկսվել են 1930-ական թվականների վերջին։ Հիմնարար հետազոտություններ են կատարել Սարգիս Համբարձումյանը (անիզոտրոպ սալերի տեսություն), Օգսեն Սապոնջյանը (սալերի ծռման խնդիրներ) և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 117