Jump to content

Ջերմափոխանակիչ ապարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմափոխանակիչ ապարատ, ջերմափոխանակիչ սարք, որում ջերմափոխանակությունն իրականացվում է երկու կամ մի քանի ջերմակիրների, կամ ջերմակրի և պինդ մարմնի մակերևույթի միջև։ Ըստ աշխատանքի սկզբունքի տարբերում են մակերևութային և խառնման տիպի ջերմափոխանակիչ ապարատներ։ Մակերևութային ջերմափոխանակիչ ապարատները լինում են ռեկուպերատիվ և ռեգեներատիվ։ Ռեկուպերատիվ ջերմափոխանակիչ ապարատներում տարբեր ջերմաստիճաններ ունեցող երկու ջերմակիրներ հոսում են միաժամանակ և իրարից բաժանված են պատով։ Ջերմափոխանակությունը կատարվում է ջերմակիրներում տեղի ունեցող կոնվեկցիայի և պատի ջերմահաղորդականության միջոցով (շոգեկաթսա, օդային և ջրատաքացուցիչներ, կոնդենսատորներ են)։ Ռեգեներատիվ ջերմափոխանակության ապարատներում տաքացման միևնույն մակերևույթը պարբերաբար ողողվում է տաք և սառը ջերմակրով (մարտենյան և ապակեհալման վառարանների ռեգեներատորներ, դոմինային վառարանների և կաթսայական ագրեգատների ռեգեներատիվ օդատաքացուցիչներ)։ Խառնման տիպի ջերմափոխանակիչ ապարատներում ջերմափոխանակությունը կատարվում է ջերմակիրների անմիջական շփման պայմաններում (աշտարակային սառնարաններ՝ խտարաններ, լվացիչներ, գազահանիչներ ևն)։ Տարածում են ստացել ջերմության ներքին աղբյուրներով ջերմափոխանակիչ ապարատները, որոնցում օգտագործվում է միայն մեկ ջերմակիր (միջուկային ռեակտորներ, էլեկտրական տաքացուցիչներ ևն)։ Ջերմափոխանակիչ ապարատների նախագծային և ստուգողական հաշվարկները կատարվում են ջերմային հաշվեկշռի և ջերմափոխանցման հավասարումների համատեղ լուծմամբ։ Ջերմափոխանակիչ ապարատները լայնորեն կիրառվում են ջերմաէներգետիկայում (օդատաքացուցիչներ, շոգեգերատաքացուցիչներ, Էկոնոմայզերներ, կոնդենսատորներ), քիմիայի և սննդի արդյունաբերության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 506