Պինչ էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պինչ էֆեկտ (անգլ.՝ pinch-նեղացում, սեղմում), պարպման ինքնասեղմման էֆեկտ, պարպման սեղմումը իր միջով անցնող հոսանքի ազդեցությամբ։

Տեղի է ունենում բավական մեծ հոսանքի ուժի դեպքում։ Երևույթն առաջինը նկարագրել է ամերիկացի գիտնական Ուիլլարդ Բեննետը 1934 թվականին, իսկ տերմինը մուծել է անգլիացի ֆիզիկոս Լ․ Թոնքսը 1937 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինչ էֆեկտի պարզագույն ձևը դիտվում է ուղիղ խողովակներում մեծ հոսանքի ուժի էլեկտրական պարպումները հետազոտելիս։ Այդպիսի գազանման հաղորդիչով (իոնացած գազով) անցնող հոսանքի մագնիսական դաշտի ուժագծերը համակենտրոն շրջանագծեր են, որոնց հարթություններն ուղղահայաց են խողովակի առանցքին։ Հոսանքի և իր ստեղծած մագնիսական դաշտի փոխազդեցության հետևանքով առաջանում է մի ուժ, որը սեղմում է պարպումային սյունը և վերածում նեղ թելի։ Մագնիսական սեղմմանը խոչընդոտում է հաղորդիչ միջավայրի գազակինետիկ ճնշումը, որը պայմանավորված է միջավայրի մասնիկների ջերմային շարժումով։ Սակայն բավականաչափ մեծ հոսանքի դեպքում էլեկտրադինամիկական ուժերը գերազանցում են գազակինետիկ ճնշմանը, և հոսանքային անցուղին սեղմվում է՝ առաջացնելով պինչ էֆեկտ։

Բավականաչափ մեծ հոսանքների դեպքում գազն անցնում է լրիվ իոնացած պլազմային վիճակի։ Պինչ էֆեկտն այդ դեպքում ետ է շպրտում պլազմային թելիկը (հոսանքային անցուղին) պարպման խցիկի պատերից։ Այսպիսով, պայմաններ են ստեղծվում պլազմայի մագնիսական ջերմամեկուսացման համար։ Հզոր ինքնասեղմելի պարպումների (պինչերի) այս հատկությամբ է պայմանավորված հետաքրքրությունը պինչ էֆեկտի նկատմամբ՝ որպես բարձրաջերմաստիճանային պլազմայի պահպանման ամենապարզ ու հուսադրող մեխանիզմի՝ կապված ջերմամիջուկային կառավարվող սինթեզի պրոբլեմի հետ։

Պինչ էֆեկտ տեղի ունի ոչ միայն գազային պարպման մեջ, այլև պինդ մարմինների պլազմայում, հատկապես կիսահաղորդիչների խիստ այլասերված էլեկտրոնախոռոչային պլազմայում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Պինչ էֆեկտ» հոդվածից (հ․ 9, էջ 299 )։