Պարզարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարզարան, ռեզերվուար կամ ավազան՝ հոսքի փոքր արագության դեպքում, ծանրության ուժի ազդեցությամբ կախված մեխանիկական խառնուրդները հեղուկից նստեցումով անջատելու համար։ Պարզարանն օգտագործվում է հիդրոհանգույցների և ոռոգման կառույցների, ջրամատակարարման, կոյուղու համակարգերում՝ ջրի, ինչպես նաև մեքենաներում և տեխնոլոգիական տեղակայանքներում՝ յուղի, բենզինի մաքրման համար։ Ջրաուժային և ոռոգման համակարգերի պարզարանները ծառայում են ՀԷԿ-երի տուրբինների և ոռոգման ջրանցքների մեջ կախույթների թափանցելը կանխելու համար։ ՀԷԿ-երում և պոմպակայաններում պարզարանները պահպանում են հիդրոտուրբինների և պոմպերի թիերը՝ կարծր խառնուրդների մասնիկներով (0,25 մմ և ավելի չափերի) մաշվելուց, որը կարոդ է հանգեցնել տուրբինների և պոմպերի օգտական գործողության գործակցի իջեցմանը։ Ոռոգման համակարգերում պարզարանները պահպանում են ջրանցքները տղմապատվելուց․ ջրի հետ ոռոգիչ համակարգ են մտնում միայն մանր մասնիկները, որոնք կարող են ծառայել որպես պարարտանյութ։ Ջրամատակարարման համակարգի պարզարանները, ըստ դրանցում եղած ջրի հիմնական հոսքի ուղղության, լինում են հորիզոնական, ուղղաձիգ և շառավղային։ Պարզարանն ըստ տեխնոլոգիական սխեմայի և աշխատանքի սկզբունքի նման է ջրատարների պարզարանին՝ միայն օժանդակ սարքավորումների որոշ բարդացմամբ, որը պայմանավորված է կեղտաջրերից թափվող մեծ քանակությամբ նստվածքներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։