Պարագենեզիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարագենեզիս, երկրակեղևում միներալների համատեղ գոյակցություն՝ կապված միաժամանակ կամ հաջորդականորեն առաջանալու հետ։ Տերմինը առաջին անգամ կիրառել է Բրայտհաուպտը (1849)․ իմաստով մոտ է Վ․ Մ․ Սևերգինի «միներալների կցություն» հասկացությանը (1798)։ Կիրառվում է միներալների (միներալներ պարագենեզիս), ապարների (ապարների պարագենեզիս), ֆացիաների (ֆացիաների պարագենեզիս), քիմիական տարրերի (տարրերի պարագենեզիս) նկատմամբ։ Ժամանակակից միներալոգիայի և երկրաքիմիայի մեջ պարագենեզիս միներալների և քիմիական տարրերի ծագումով շաղկապված համատեղ գոյակցությունն է։ Նույն պայմաններում առաջացած ապարներն ու միներալները կազմում են պարագենետիկական շարքեր։ Պարզ համատեղ գոյակցությունը առանց որևէ պայմանի կոչվում է պարաստերեզիս։ Միներալների պարագենեզիս կարևորագույն գործոններից է, որը հնարավորություն է տալիս բացահայտելու միջավայրի քիմիզմը, բնական համակարգերի ֆիզիկաքիմիական և թերմոդինամիկական պայմանները, երկրաբանական զարգացման պատմությունը և այլն։ Միներալների և ապարների Պառագենեզիսի օրինակ կարող են ծառայել կոլչեդանային, պղինձ-մոլիբդենային, ոսկի-բազմամետաղային հանքավայրերի հանքանյութերը, սկառները, մագմատիկ ապարները, պեգմատիտները և այլն։ Կիրառվում է նաև «արգելված պարագենեզիս» հասկացությունը, որը ցույց է տալիս, օրինակ՝ քվարցի և օլիվինի, քվարցի և նեֆելինի, դիոպսիդի և կորդիերիտի ռաջացման անհամատեղելիությունը։ Քիմիական տարրերի պարագենեզիս պայմանավորված է Դ․ Ի․ Մենդելեևի պարբերական համակարգում այդ տարրերի դիրքով ատոմների բյուրեղաքիմիական հատկություններով և միներալների ու ապարների առաջացման ֆիզիկաքիմիական պայմաններով։ Առանձնացվում են գրանիտոիդների (Լ․ Վ․ Տաուսոն), հիպերբոլիւոների (Մ․ Գլազունով) և բազալտների (Լ․ Վ․ Տաուսոն, Ի․ Ն․ Գովորով) երկրաքիմիական տիպեր, օրինակ, գրանիտներ, հազվագյուտ մետաղային գրանիտներ, տոլեիտային և ալկալային օլիվինային (Ti, Ва, V, Со) բազալտներ, ինչպես նաև քրոմիտաբեր, երկաթ-տիտանաբեր, պլատինաբեր հիպերբազիտներ։

Ալկալային հալոցքները ստորաբաժանվում են նաև միասկիտային (Ti,TR, J, Ս) ու ագպաիտային տիպերի։ Լիթոլոգիայի մեջ նստվածքային ապարների պարագենեզիսն ընդգրկում է ռիթմից ընդհուպ մինչև ֆորմացիան ներառյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։