Պավել Սաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Սաֆյան
 
Քաղաքացիություն՝ Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ պատմաբան և պետական գործիչ
Ծննդյան օր 1926
Ծննդավայր Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր փետրվարի 21, 2000(2000-02-21)
Վախճանի վայր Երևան, Հայաստան

Պավել Գևորգի Սաֆյան (1926, Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2000(2000-02-21), Երևան, Հայաստան), կուսակցական, պետական պաշտոնյա: Պատմական գիտությունների թեկնածու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Սաֆյանը ծնվել է 1926 թվականին, Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Սերում է պատմական Սյունիքում հայտնի մելիք Սաֆրազյանների տոհմից: 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1950-1957 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ, այնուհետև՝ ՀԿԿ ԿԿ-ի հրահանգիչ: 1963-1969 թվականներին եղել է ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղարը: Նրա աշխատած ժամանակաշրջանում Սիսիանում մեծ թափով զարգացում է ապրել արդյունաբերությունը, հիմնադրվել են արդյունաբերական նոր ձեռնարկություններ[1][2]:

Aquote1.png Մենք Կենտկոմի համար չենք աշխատում, մեզ համար ենք աշխատում, մեր բնակչության համար: Ում համար անում ենք, նա էլ իրավունք ունի մեզ գնահատել կամ` քննադատել:
- Պավել Սաֆյան
Aquote2.png


1969 թվականին նշանակվել է ՀԿԿ ԿԿ-ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչի պաշտոնում: 1972 թվականին դարձել է Երևանի նորաստեղծ` Խորհրդային շրջանի (այժմ` Նոր Նորք թաղամասի) կուսշրջկոմի առաջին քարտուղար և պաշտոնավարել ավելի քան 11 տարի: Նրա պաշտոնավարման շրջանում Նոր Նորքը դարձել է բնակելի նոր զանգվածներով թաղամաս` շինարարական ժամանակակից կոմունիկացիաներով, ստեղծվել են արդյունաբերական, գիտահետազոտական, նախագծային միավորումներ, գործարաններ, ֆաբրիկաներ, կրթօջախներ, կենցաղային սպասարկման օբյեկտներ, մարզահրապարակներ, հանգստյան գոտիներ, պուրակներ, այգիներ: Սաֆյանի նախաձեռնությամբ գործարկվել են Ջրվեժի հանգույցի շուրջ 39 նորակառույց հիմնարկները: 1972 թվականին պաշտպանել է դիսերտացիա և ստացել է գիտական աստիճան: Հեղինակել է Սյունիքի ժայռապատկերներին նվիրված մեծածավալ և ուշագրավ մենագրություններ[3]:

1983 թվականին նշանակվել է Մասիսի շրջկոմի առաջին քարտուղար, 1987 թվականին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր արխիվային գլխավոր վարչության պետ, 1993 թվականին՝ ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն: Պավել Սաֆյանին շնորհվել է Նոր Նորք թաղային համայնքի պատվավոր անդամի կոչում[4][5]:

Մահացել է 2000 թվականի փետրվարի 21-ին:

Պավել Սաֆյանի կիսանդրիին Նոր Նորքի թաղապետարանի հարևանությամբ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան քաղաքի Խորհրդային շրջանի զարգացման և բարգավաճման գործում ունեցած մեծ ավանդի համար Նոր Նորքի թաղապետարանի որոշմամբ (թաղապետ` Դավիթ Պետրոսյան) և բնակչության ջանքերով` 2004 թվականի մայիսի 28-ին Նոր Նորքի թաղապետարանի տարածքում կանգնեցվել է Պավել Սաֆյանի կիսանդրին (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան):

2017 թվականին Նոր Նորքում բացվել է Պավել Սաֆյանի անունը կրող անցուղի[6]:

«Գործն է անմահ» հուշերի յուրատեսակ ժողովածուն նվիրվել է Նոր Նորք շրջանի հիմնադրման 50-ամյակին և հիմնադրի՝ Պավել Սաֆյանի ծննդյան 90-ամյակին[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]