Ուժագծեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՈՒժագծեր, ուժադաշտերի (էլեկտրական, մագնիսական, գրավիտացիոն) պատկերման համար ծառայող երևակայական գծեր։ Դասավորվում են այնպես, որ ուժագծերին տարված շոշափողները տարածության յուրաքանչյուր կետում ուղղությամբ համընկնում են տվյալ դաշտը բնութագրող վեկտորի (էլեկտրական կամ գրավիտա ցիոն դաշտերի լարվածություն, մագնիսական ինդուկցիա) հետ։ Քանի որ դաշտերի լարվածությունները և մագնիսական ինդուկցիան տարածության կետի կոորդինատների միարժեք ֆունկցիա են, ապա յուրաքանչյուր կետով կարող է անցել միայն մեկ ուժագիծ։ Ուժագծի խտությունը սովորաբար ընտրվում է այնպես, որ ուժագծիին ուղղահայաց միավոր մակերես ունեցող հարթակով անցնող գծերի թիվը համեմատական լինի դաշտի լարվածությանը (կամ մագնիսական ինդուկցիային) այդ հարթակի վրա։ էլեկտրաստատիկ դաշտի ուժագծի միշտ բաց են դրանք սկսվում են դրական լիցքից և վերջանում բացասական լիցքով (կամ հեռանում են դեպի անվերջություն)։ Մագնիսական ինդուկցիայի վեկտորի ուժագծի միշտ փակ են, այսինքն՝ մագնիսական դաշտը մրրկային է։ Մագնիսական դաշտում տեղադրված երկաթի խարտվածքը դասավորվում է ուժագծի երկայնքով և հնարավորություն է տալիս փորձով որոշել մագնիսական ինդուկցիայի ուժագծի տեսքը։ Փոփոխական մագնիսական դաշտի գրգռած մրրկային էլեկտրական դաշտի ուժագծի նույնպես փակ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։