Որակական վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որակական վերլուծություն, որակական անալիզ, հետազոտվող նմուշում (նյութ, խառնուրդ) պարունակվող բաղադրիչների (միացություններ, տարրեր, ռադիկալներ, իոններ) առկայության հաստատումը քիմիական, ֆիզիկական և ֆիզիկաքիմիական եղանակներով։ Որակական վերլուծությունը վերլուծական քիմիայի բաժիններից է։ Որակական վերլուծության եղանակներին հատուկ է ընտրողականությունը և հայտնաբերելիության սահմանի փոքր արժեքը։ Ընտրողականությունը պայմանավորում է որոշվող (կամ նույնականացվող) բաղադրիչի վստահ հայտնաբերումը այլ բաղադրիչների առկայությամբ։ Հայտնաբերելիության սահմանը որոշվող բաղադրիչի այն ամենափոքր քանակությունն է, որը երաշխավորված հավանականությամբ կարելի է հայտնաբերել տվյալ եղանակով։ Սովորաբար այն որոշվում է 1 կաթիլ (երբեմն 1 մլ) լուծույթի համար։ Ըստ որակական վերլուծությունյան համար պահանջվող նմուշի քանակության տարբերում են մակրո-(100 մգ-ից ավելի չոր նմուշ կամ 5 մլ-ից ավելի լուծույթ), կիսամիկրո, միկրո- և ուլտրամիկրովերլուծության (0,1 մգ կամ 0,5 մլ) եղանակներ։ Նմուշում պարունակվող առանձին բաղադրիչների առկայությունը հաստատելու համար կիրառում են որակական վերլուծության կոտորակային եղանակները (նախ հեռացնում են խանգարող իոնները, ապա, օգտագործելով համապատասխան փորձանյութ, հաստատում փնտրվող իոնի առկայությունը և այլն)։ Եթե անհրաժեշտ է հաստատել նմուշում պարունակվող բոլոր բաղադրիչների ինքնությունը, նմուշը ենթարկում են համակարգված վերլուծության (օրինակ, իոնները հայտնաբերում են որոշակի հաջորդականությամբ, ըստ նրանց վերլուծական դասակարգման)։ Դասական որակական վերլուծությունը իրականացվում է «չոր» կամ «թաց» եղանակներով։ Որակական վերլուծության «չոր» եղանակներից են․ տվյալ իոնի առկայության հաստատումը գազայրիչի բոցի գունավորման, բորաքսի կամ «ֆոսֆորական աղի» և նմուշի միահալումով ստացվող ապակեկերպ, «հուլունքի» գույնի միջոցով։ Որակական վերլուծության «թաց» եղանակները սովորաբար հիմնված են ջրային լուծույթներում ընթացող բնորոշ իոնական ռեակցիաների վրա (կատիոնային և անիոնային վերլուծություն)։ Կատիոնների դասակարգումը հիմնված է օգտագործվող փորձանյութի հետ նրանց առաջացրած միացությունները ջրում, թթվի, հիմքի կամ ամոնիակի լուծույթում լուծելի կամ անլուծելի լինելու հատկանիշի վրա։ Օրինակ, ըստ սուլֆիդների լուծելիության կատիոնները բաժանում են 5 խմբի։ Անիոնները դասակարգում են ըստ նրանց բարիումական և արծաթային աղերի լուծելիության։ Որակական վերլուծության դասական եղանակներին զուգընթաց կիրառվում են ֆիզիկական և ֆիզիկա-քիմիական (գործիքային) եղանակներ, որոնք աստիճանաբար ավելի լայն տարածում են գտնում և հիմնված են նմուշի օպտիկական, էլեկտրական, մագնիսական, ջերմային, կատալիտիկ, ադսորբող և այլ հատկությունների չափման վրա։ Գործիքային եղանակներն ունեն այն առավելությունը, որ պահանջում են նմուշի փոքր քանակներ, սովորաբար ավելի ընտրողական են, չեն պահանջում նմուշի նախնական տարրալուծում, բաղադրիչների և վերլուծության արդյունքները կարող են գրանցել ավտոմատ գործիքների միջոցով։ Օրգանական նյութերի որակական վերլուծությունը իրականացվում է տարրային վերչուծության ֆունկցիոնալ խմբերի առկայությունը հաստատելու և նմուշի ֆիզիկա-քիմիական հատկությունները հետազոտելու միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 641