Ով աշխատի` նա կուտի (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ով աշխատի` նա կուտի
ՀեղինակՀայկական ժողովրդական
ԼեզուՀայերեն

Ով աշխատի` նա կուտի, հայկական ժողովրդական հեքիաթ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մոր ու որդու մասին, ովքեր շատ աղքատ են լինում, նրանց ունեցածը մի զույգ եզն է լինում: Մի օր այդ տղայի մայրը հիվանդանում է և ոչինչ չի ուտում: Տղան մորը հարցնում է, թե նրա սիրտը ինչ է ուզում: Մայրն էլ ձեռքը եզների վրա է պահում և խնդրում, որ տղան եզներից մեկին մորթի, ու տա իրեն: Տղան էլ մորթում է: Ժամանակ է անցնում և գալիս է վար անելու ժամանակը, բայց մի եզն է մնացել: Տղան մորը հարցնում է, թե ինչ պիտի անեն առանց երկրորդ եզան: Մայրը մտածում է և ասում, որ մի եզան փոխարեն ինքը կլինի: Այդպես էլ անում են: Այդ օրերին էլ երկրի թագավորը որսի եկած է լինում[1]: Մի թռչուն է հարվածում, տալիս ծառային, որ խորովի, ասելով, որ հանկարծ չվառի: Ծառան կրակ է անում ու միսը դնում կրակի վրա: Տեսնում է, որ մի տղա իր մորը լծել է մի եզան հետ ու հող է վարում: Դա տեսնելուն պես, մոռանում է թագավորի ասածն ու միսը վառվում է: Թագավորը դա տեսնելով շատ է բարկանում: Ծառան նրան բացատրում է, թե ինչու է միսը վառել: Այդ ամենը լսելով թագավորը զարմանում և իր մոտ է կանչում այդ տղային: Տղային հարցնում է, թե ինչու է այդպես վարվում իր մոր հետ, ու տղան ամեն ինչ պատմում է: Թագավորը տղային մի խամ աչառ է տալիս` ասելով, որ եթե տղան կարողանա նրան սովորեցնել` թող տանի լծի: Տղան աչառին տանում է իրենց գոմը, մի լավ կապկպում ու երեք օր, երեք գիշեր սոված է պահում: Հետո գալիս է գոմ, մի քիչ ջուր ու մի բուռ խոտ է տալիս, տանում լծում: Թագավորը նրան նորից է կանչում, հարցնում, թե ինչպես արեց: Տղան էլ ասում է, որ մի կերպ կարողացավ: Թագավորը ասում է, որ նա շատ խելացի և շնորհքով է, իր աղջկան նրան հարս կտա: Տղան գալիս է տուն մորն ասում, որ մայրը գնա թագավորի աղջկան իրենց տուն բերի: Բայց մայրն ասում է, որ պատռված հագուստով պալատ չի գնա: Տղան գնում գեղեցիկ հագուստներ է բերում մոր համար, ու նորից խնդրում, որ մայրը գնա թագավորի աղջկան հարս բերի: Մայրը գնում է պալատի առաջ նստում ամաչում է, որ ներս մտնի: Գնում թագավորին ասում են, որ մի ծեր կին եկել դռան առաջ նստել է: Թագավորը պառավին ներս է կանչում, գնում ներս են բերում: Նա թագավորին ասում է, որ մի խնդրանք ունի, բայց ամաչում է ասել: Հետո ասում է, որ իր տղան թագավորի աղջկան հավանել է և ուզում է ամուսնանան: «Շատ լավ,- ասում է թագավորը: Երբ ցանկանաք եկեք, տարեք»: Օրերն անցնում էին, և թագավորի աղջկան հարս են տանում, բայց նա ոչ մի գործ չէր անում: Տղան մորն ասում է, որ աղջկան հաց չտա: Մի քանի օր միայն մայր ու որդի են նստում հաց ուտելու, իսկ աղջիկը մի կողմ նստած նայում է: Հետո նրան մի կտոր հաց ու մի քիչ էլ ջուր են տալիս: Հաջորդ օրը վեր է կենում, տան կեսը ավլում: Կես հաց ու կես թաս ջուր են տալիս: Մյուս օրը արթնանում է ամբողջ տունը ավլում, դուրս գալիս բակն էլ հետը ավլում: Դա իմանալով` տղան ասում է, որ հիմա աղջիկը կարող է նրանց հետ սեղան նստել: Դրանից հետո աղջիկը շատ էր աշխատում, ամեն առավոտ տունն ու բակը ավլում էր, ջրի էր գնում: Մի օր թագավորը կնոջն ասում է, որ իրենց անբան աղջկան ինչքան ժամանակ է չի տեսել: Գնում է աղջկան հյուր: Նրան լավ են դիմավորում: Դրանք խաշ դրած են լինում: Աղջիկը սխտորը հոր ձեռքն է տալիս, որ կլպի, ասելով, որ եթե գործ չանի, նրան հաց չեն տա: Կեսուրը գալիս տեսնում է` թագավորը սխտոր է կլպում, աղջկա վրա բարկանում է: Իսկ աղջիկը հարցնում է, թե որ հայրը գործ չանի, հաց կտա՞ն: Թագավորն ու տղայի մայրը ծիծաղում են: Տղան տուն է գալիս, մի լավ քեֆ են անում[2]: Իզուր չի ասված` ով աշխատի նա կուտի:

Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ով աշխատի, նա կուտի» արտահայտությունը շատ տարածված ժողովրդական իմաստնություն է:
  • Նույն վերնագրով կա նաև ռուսական ժողովրդական հեքիաթ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, Երևան, 2004, էջ 43
  2. Նույն տեղուն, էջ 45
  3. Ով աշխատի, նա կուտի:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]