Ոստան (տիրույթ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոստան (այլ կիրառումներ)
Ոստան (ենթադրվում է՝ պահլ․ ōstān — գավառ, տիրույթ, կամ պարսկերեն ustan, asitan — շեմք, արքունի դուռ, ապարանք բառերից), թագավորի ժառանգական և անօտարելի տիրույթների (կալվածների) ընդհանրական անվանումը պատմական Հայաստանում։ Մինչև հայ Արշակունի արքայատոհմի անկումը (428) ոստան են կոչվել Այրարատը, ինչպես նաև այլ նահանգների որոշ, արքունապատկան կալվածներ։ Նեղ առումով ոստան են կոչվել Այրարատում գտնվող երկրի վարչաքաղաքական կենտրոնները՝ արքայանիստ քաղաքները (Արտաշատ, Դվին, Վաղարշապատ)։ Ոստանական կալվածները թագավորը տնօրինել է իր կառավարիչների միջոցով, որի եկամուտները մուծվել են արքունի մթերանոցներն ու գանձարանը։ Որում բնակվող կրտսեր ազնվականները կոչվել են ոստանիկներ, որոնց թագավորը հողեր է հատկացրել կամ պարգևել ժամանակավորապես՝ այս կամ այն ծառայության (զինվորական, կառավարչական ևն) դիմաց։ Արշակունյաց թագավորության անկումից և ավատատիրական մասնատվածության խորացումից հետո ոստան են անվանել նախարարական խոշոր տների իշխանանիստ կենտրոնները՝ Դարույնքը (ոստան Բագրատունյաց), Հադամակերտը (ոստան Արծրունյաց), Նախճավանը (ոստան Վասպուրականի), Ոստանը (ոստան Ռշտունյաց) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 639)։ |