Ոսկան Թոփալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1878 |
---|---|
Ծննդավայր | Մարաշ |
Մահացել է | 1915, հունիսի 12 |
Մահվան վայր | Երզնկա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | բժիշկ |
Ոսկան Թոփալյան (Ոսկիան, Օսկան) Էֆոնդի Հ./Գ. (1878, Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 12, 1915, Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկան Թոփալյանը ծնվել է 1878 թվականին, Օսմանյան կայսրության Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում, հայ առաքելական ընտանիքում։
Նախնական կրթությունն ստացել է Մարաշի ազգային (թաղային) վարժարաններից մեկում / ամերիկացի միսիոներների Մարաշի «Ակադեմի» բարձրագույն վարժարանում։
Երկրորդային կրթությունը և «պսակավոր արվեստից» վկայականը ստացել է ամերիկացի միսիոներների Կենտրոնական Թուրքիայի քոլեջում, որ կոչվում էր նաև Այթապ քոլեջ։
1905 թվականին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ուսման տարիներին հետաքրքրվել է վիրաբուժությամբ։ Մի քանի ամիս Մարաշում բժիշկ է աշխատել և, քանի որ տեղի համբավավոր վիրաբույժ, ամերիկացի դոկտ. Շեփըրդի հեղինակությունը սահմանափակում էր նրա վիրաբուժական ձգտումները, տեղափոխվել է Տիգրանակերտ։
1905 թվականի վերջերին հաստատվել է Տիգրանակերտում, վիրաբույժ աշխատել և անվանի դարձել։ 1908 թվականին օսմանյան սահմանադրության վերահաստատումից հետո, խանդավառված ժողովրդական ցույցերով, ազատության և հավասարության նշանախոսքերով, անդամակցել է Իթթիհադվե Թերաքքի կուսակցության տեղի կոմիտեին։
Շնորհիվ իր բժշկական համբավի, ժողովրդի մեջ ունեցած հարգանքի, բարյացակամ զոհողությունների և թուրքերենի գերազանց իմացության, ընտրվել է Իթթիհադի տեղական կոմիտեի կենտրոնական վարչության քարտուղար։ Այդ օրերին Սելանիկից Տիգրանակերտ եկած իթթիհադական քարոզիչ ոմն Վեհիբ բեյի՝ կուսակցական ժողովում հակահայկական ելույթից հետո բժիշկը պատռել է երկերեսանի թուրքի դիմակը և հրապարակայնորեն հեռացել կուսակցությունից։ Այնուհետև իր կյանքի ապահովության նպատակով բրիտանական հյուպատոսարանի թարգմանիչ է աշխատել։ Այդ հարցում նրան օգնել է Տիգրանակերտում երկար տարիներ բրիտանական փոխհյուպատոսի պաշտոնը վարող վերապատվելի Թովմաս Մկրտիչյանը։ Հետագայում տեղափոխվել է Եվդոկիա և շարունակել բժիշկ աշխատել։ Եղել է ՀՅԴ անդամ։
1914 թվականին Առաջին աշխարհամարտի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և ուղարկվել Երզնկա /Կարին՝ Ազիզիեի կենտրոնական զինվորական հիվանդանոցի բժիշկ ծառայելու՝ կապիտանի աստիճանով։
1915 թվականի հունիսի 12-ին, Երզնկայում (Երզնկայի մոտ կամ Կարինում) թուրք զինվորները սրախողխող անելով սպանել են Ոսկան Թոփալյանին մի քանի հայ բժիշկների հետ միասին՝ 37 տարեկանում։
Տիգրանակերտում բժշկի թուրք թշնամիները սրախողխող են արել նրա ողջ գերդաստանը՝ օրորոցի մանուկից մինչև չափահասները։ Այլ տվյալով՝ ծառայության է ուղարկվել Կովկասյան ռազմաճակատ և այդտեղ սպանվել թուրք զինվորների ձեռքով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
- Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934։
- Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
- Ժամկոչեան Բենիամին, Հայնի, Պէյրութ, 1952։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988։
- Ատաշ Ադնան, 20-րդ դարի նահատակ եղած բժիշկները (թուրքերեն), Թուրքիա, 1997։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925 թթ., Լոս Անճելըս, 2001։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Խաչատրյան Լ. և ուրիշն., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Ե., 2004։
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, “Ազդակ”, 01-11 2012
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։