Ողբերգ
Ողբերգ, երաժշտության մեջ ողբը կոչվում է ողբերգ և այն շատ ժողովուրդների ժողովրդական երգի մի տեսակ է, որը կապված է հուղարկավորության, հարսանիքի, ինչպես և ծեսից դուրս՝ կենցաղային այլ հանգամանքներում լացի արարողության հետ, հիմնված ավանդական խոսքային և մեղեդիական բանաձևերի հանպատրաստից տարբերակման վրա։ Հայկական իրականության մեջ, հնում, կազմել է թագավորների, զորավարների և այլ նշանավոր անձանց կորուստը սգալու-ողբալու ծեսի գլխավոր բաղկացուցիչը։ Կատարել են մասնագետ, ողբասաց կանայք հանդիսավոր իրադրության մեջ, «լալով, երգելով ու նվագելով․․․ պարելով ու կաքավելով»։ Բուն ժողովրդական տեսակը կենցաղային երևույթ է և մինչև այժմ էլ գոյատևում է։ Սրանք որոշակի ելևէջային պաշարի վրա հիմնվող, բայց իմպրովիզացիայի սկզբունքով զարգացող մեղեդիական դարձվածքներ են, որ միավորվելով, այնուամենայնիվ, ավարտուն երգային ձև են ընդունում։ Նկատելի դեր է կատարում ասերգային-արտասանական տարրը, ռիթմն ամբողջապես կապված է խոսքային տեքստից, հուզականությունը, որպես կանոն, զուսպ է։ Բնույթով բոլորովին այլ են ծնողական տնից բաժանվելու կապակցությամբ հարսի կամ մոր հրաժեշտի տխուր երգերը, որոնք հարսանեկան ծեսի մաս են կազմում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 610)։ |