Շրջանառու միջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շրջանառու միջոցներ ձեռնարկության (միավորման) դրամական միջոցներ, որ օգտագործվում են ընթացիկ տնտեսական գործունեության ֆինանսավորման համար, շրջանառու ֆոնդերն ու շրջանառության ֆոնդերը դրամական արտահայտությամբ։ Վերարտադրության պրոցեսում շրջանառու միջոցների առանձին մասերը միաժամանակ գտնվում են շրջապտույտի տարբեր փուլերում (արտադրության, շրջանառության) և ձևերում (արտադրողական, ապրանքային, դրամական)։ Դրանց մի մասն ընդունում է արտադրական պաշարների ձև, գտնվում ձեռնարկության պահեստում և ծախսմանը զուգընթաց լրացվում նորերով, մյուս մասը, որպես անավարտ արտադրանք, գտնվում է պատրաստման տարբեր փուլերում, երրորդը՝ պատրաստի արտադրանքի պաշարներն են, որոնք անընդհատ առաքվում են, բայց կրկին լրացվում նորերով, չորրորդ մասը, դրամական միջոցների ձևով, պահվում է բանկում ձեռնարկության հաշվարկային հաշվում և դրամարկղում, ծախսվում է աշխատավարձի վճարման, մատակարարների հետ հաշվարկների ու այլ նպատակների համար և մշտապես լրացվում դրամակաև նոր միջոցներով։ Շրջանառու միջոցները բաժանվում են նորմավորվողի (ապրանքանյութական արժեքների պաշարները, ներառյալ՝ անավարտ արտադրությունը, պատրաստի արտադրանք և այլն) և չնորմավորվողի (առաքված ապրանքները, միջոցները հաշվարկներում և դրամական միջոցները)։ 1980 թվականի սկզբին ԽՍՀՄ ժողտնտեսության շրջանառու միջոցներ կազմել են 402,1, այդ թվում նորմավորվողները՝ 299,8 միլիարդ ռուբլի։ Ըստ գոյացման աղբյուրների դրանք ստորաբաժանվում են սեփականի (և դրանց հավասարեցվածի) ու փոխառուի (ժամանակավոր կարիքների բավարարման համար բանկի վարկերը և մինչև պետական բյուջեի, մատակարարների և այլ կրեդիտորների հետ հաշվարկների ավարտումը ձեռնարկության շրջանառության մեջ ժամանակավորապես գտնվող միջոցները)։ Սեփական Շրջանառու միջոցների չափը որոշվում է մեկ տարվա համար, արտացոլվում ձեռնարկության կանոնադիր ֆոնդում, իսկ այն գերազանցող մասը լրացվում է բանկի կարճաժամկետ վարկերի և մատակարարների նորմալ պարտքի հաշվին։ Արտադրանքի իրացման պրոցեսի ֆինանսավորման համար անհրաժեշտ Շրջանառու միջոցները ամբողջովին վարկավորում է բանկը։ Սեփական Շրջանառու միջոցների նորմատիվը որոշվում է արտադրանքի մատակարարման, արտադրման և իրացման պլանների հիման վրա՝ հաշվի առնելով տնտեսական գործունեության կոնկրետ պայմանները։ Դրանց աճն ապահովվում է ստացված շահույթի, կայուն պասսիվների ավելացման, վերադաս տնտեսական կազմակերպությունների միջոցների վերաբաշխման, ինչպես նաև պետբյուջեի միջոցների հաշվին։ Սեփական Շրջանառու միջոցների լավագույն օգտագործման նպատակով դրանց միջին տարեկան արժեքի որոշակի տոկոսի չափով վճար է կատարվում պետբյուջե։ Շրջանառու միջոցների օգտագործման արդյունավետությունն արտացոլվում է դրանց պտույտի արագության՝ շրջանառելիության ցուցանիշում, որը որոշվում է մեկ տարում իրացված արտադրանքի արժեքի և Շրջանառու միջոցների միջին մնացորդի հարաբերությամբ։ Այն բնորոշում է Շրջանառու միջոցների պտույտների թիվը և, միևնույն ժամանակ, դրանց հատույցը, այսինքն՝ Շրջանառու միջոցների 1 ռուբլուն ընկնող իրացված արտադրանքի գումարը։ Ժողտնտեսության յուրաքանչյուր ճյուղում և ստորաբաժանման մեջ Շրջանառու միջոցների պտույտի տևողությունը կախված է արտադրական ցիկլի առանձնահատկությունից (երկարատևությունից, ծավալից, կազմակերպումից և այլն), նյութերի ծավալից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 589 CC-BY-SA-icon-80x15.png