Շինարարական ձայնագիտություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Շինարարական ձայնագիտություն, գիտության բնագավառ, որը ճարտարապետա-հատակագծային և շինարարա-ձայնագիտական մեթոդներով ուսումնասիրում է շինությունները, շենքերը և բնակավայրերի տարածքները աղմուկից պաշտպանելու հարցեր։ Շինարարական ձայնագիտությունը դիտվում է ինչպես կիրառական ձայնագիտության բնագավառ, այնպես էլ շինարարական ֆիզիկայի բաժին։ Ճարտարապետահատակագծային մեթոդներն են․ շենքերի և շինությունների տարածական-հատակագծային ռացիոնալ (աղմուկից պաշտպանելու իմաստով) լուծումը, պաշտպանության ենթակա օբյեկտներից աղմուկի աղբյուրների հեռացումը, միկրոշրջանների թաղամասերի, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների տարածքների օպտիմալ հատակագծումը։ Շինարարա-ձայնագիտական մեթոդները ներառում են աղմուկի մակարդակի արդյունավետ իջեցումն ապահովող կոնստրուկցիաների և սարքավորումների կիրառումը։ Այս մեթոդները սերտորեն կապված են տեխնոլոգիական, սանիտարա-տեխնիկական և ինժեներական սարքավորումների, տրանսպորտի միջոցների, մեքենայացված գործիքների ու կենցաղային սարքերի աղմուկի նվազեցման պրոբլեմների հետ։ Շինարարական ձայնագիտության խնդիրներից են նաև ձայնամեկուսիչ նյութերի հետազոտումն ու մշակումը։
Հայաստանում շինարարական ձայնագիտության ուղղությամբ աշխատանքներ են կատարվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ամբիոնին կից ձայնագիտության, ինչպես նաև՝ ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտի հանրապետական ձայնագիտական կենտրոնի շինարարական և ճարտարապետական ձայնագիտության լաբորատորիաներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 500)։ |