Շասսի
Արտաքին տեսք
(Վերահղված է Շասիից)
Շասսի (ֆր.՝ chassis, լատին․՝ capsa — արկղ, զետեղարան),
- ավտոմոբիլի և տրակտորի, փոխհաղորդակի, ընթացքային մասի և կառավարման մեխանիզմների ագրեգատների համախումբ։ Տանող թափքով ավտոմոբիլներում շասսին է համարվում ավտոմոբիլի հիմքը, որը միավորում է բոլոր նշված ագրեգատները։
- Ինքնաթիռի, օդանավակայանով ինքնաթիռի շարժման, նրա վերսլացքի և վայրէջքի ժամանակ առաջացող հարվածների մեղմման համար ծառայող ինքնաթիռի մաս։ Շասսիիի հիմնական տարրերն են․ մեղմիչ կանգնակները, արգելակներով հանդերձված անիվները (պնևմատիկ դողերը), գետնի հակազդումներն ընդունող ու մեղմիչ կանգնակները և անիվները թևին ու ֆյուզելաժին ամրացնող շեղմույթների (ձողերի) համակարգը։ Վերսլացքից հետո շասսին, հիմնականում, հավաքվում է ֆյուզելաժի կամ թևի մեջ։ Փոքր ինքնաթիռների շասսին, որպես կանոն, չի հավաքվում և ունի պարզ կոնստրուկցիա, որը հնարավորություն է տալիս անիվները փոխարինել դահուկներով կամ լողաններով։ Ծանր ինքնաթիռների շասսիի անիվների թիվը երբեմն հասնում է 2–3 տասնյակի։
- Վահան, որի վրա հավաքվում են սարքավորման, ապարատի, բազմանիվ շասսիներ սարքի (ռադիոընդունիչի, ԷՀՄ–ի բլոկների, ուղղիչի ևն) առանձին դետալները։ Սովորաբար պատրաստվում է թերթավոր նյութից (ալյումինից, արույրից, գետինաքսից, տեքստոլիտից ևն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 455)։ |