Շանիդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շանիդար

Շանիդար, քարեդարյան հնավայր-քարայր Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում, Տավրոս և Զագրոս լեռնաշղթաների միացման վայրում, Մեծ Զավ գետի վերին հոսանքի շրջանում (Ռևանդուզ քաղաքից 80 կմ հյուսիսարևմուտք)։

1951-1960 թվականներին պեղել է Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանի արշավսախումբը։ Քարայրի առավելագույն բարձրությունը 8 մետր է, երկարությունը՝ 40 մետր, լայնությունը 4 մինչե 53, մուտքի լայնությունը՝ 25 մետր։ 14 մետր հաստությամբ նստվածքներն ընդգրկում են 4 մշակութային շերտ, վերին երկուսը վերաբերում են Էպիպալեոլիթին, նեոլիթին, ինչպես նաե հետագա մշակութային փուլերի, երրորդը (բարրադոսյան պալեոլիթյան մշակույթ) ունի 28—26 հազար, իսկ չորրորդը (պատկանում է մուստիերյան մշակույթին)՝ 100—40 հազար տարվա հնություն։ Ամերիկյան արշավախմբի պեղումների ժամանակ քարայրի ներկայիս մակերեսից 8 մ խորությամբ հայտնաբերվել է վյուրմյան վաղ սառցակալման շրջանի ստալագմիտային կեղև, որը գոյություն է ունեցել մոտավորապես 65,000 տարի առաջ։

Այդ շերտում բացվել է նեանդերթալյան երեխայի կմախք և քարե չորս ծայրապանակ, որոնք հիշեցնում են Քարմել լեռան քարայրի գործիքները։ Քարայրի տարբեր շերտերում գտնվել է պեղածո մարդկանց 6 կմախք, որոնց գոյության հարատևությունը հասնում է 20,000 տարվա՝ 65-60,000-ից մինչև 40-35,000 թվականներ։ Դրանք եղել են հորդաներով ապրող նեանդերթալյան մարդիկ, որոնք լիովին տիրապետել են կրակին և զբաղվել որսորդությամբ։ Այդ մասին են վկայում քարայրում հայտնաբերված կենդանական ոսկորները և օջախների մնացորդները։

Շանիդարը արժեքավոր է հատկապես հնէամարդաբանական հայտնագործություններով ստորին շերտում հայտնաբերվել են նեանդերթալյան մարդկանց (7 մեծահասակ և 2 երեխա) ոսկրային մնացորդներ։ Շանիդարի բնակիչները մարդաբանորեն առավել մոտ են դասական նեանդերթալյան մարդկանց։ Քարայրից 4 կիլոմետր հարավ գտնվում է մ․թ․ա․ մոտ 10-րդ հազարամյակին պատկանող Զավի-Չեմի-Շանիդար հնավայրը՝ մոտ 5 հեկտար տարածքով և 2 մետր առավելագույն հաստատությամբ մշակութային շերտով։ Այնտեղ բացվել են կլորավուն հատակագծով բնակարանների գլաքարե հիմքեր, հայտնաբերվել բուսական մթերքների մշակման և հավաքչության գործիքներ (կայծքար, ոսկոր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 449 CC-BY-SA-icon-80x15.png