Նպատակահարմարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նպատակահարմարություն , նեղ իմաստով՝ մարդկային գործունեության ընթացքի համապատասխանությունը դրված նպատակին, որով բնութագրվում է գործունեության և ընդհանրապես հասարակական կյանքի գիտակցական բնույթը։ Որոշակի նմանության հիման վրա նպատակահարմարություն է կոչվում նաև կենդանի օրգանիզմների կառուցվածքի ու կենսագործունեության հարմարվողականությունը։ Լայն (կիբեռնետիկական) իմաստով նպատակահարմարություն է կոչվում ամեն մի ինքնակարգավորվող (բնական կամ արհեստական) համակարգի այնպիսի կառուցվածքը և նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածությունը, որոնք ապահովում են համակարգի որոշակի վերջնական վիճակ։ Նպատակահարմարություն կենսաբանության մեջ օրգանիզմների և առանձին օրգանների հարմարվածությունն է գոյության պայմաններին և իրենց ֆունկցիաների կատարմանը։ Օրինակ, տարբեր ողնաշարավոր կենդանիների վերջավորությունները հարմարվել են պինդ կամ փխրուն հողի վրա շարժվելուն, ոստյունների, ծառեր մագլցելուն, լողալուն, զգայության օրգանները՝ լույսի (աչքեր), ձայնային տատանումների (լսողության օրգաններ), քիմիական նյութերի (հոտառության և համի օրգաններ) ընկալմանը, ատամների կառուցվածքը՝ սննդառության բնույթին են։ Նպատակահարմար հատկանիշներից են նաև պաշտպանական և զգուշացնող գունավորումը, օրգանիզմների փոխադարձ հարմարվածությունը (օրինակ՝ խաչաձև փոշոտումն ապահովող միջատների և բույսերի, մակաբույծի և տիրոջ կառուցվածքների առանձնահատկությունները)։ Տարբեր թելեոլոգիական ուսմունքեր, կենդանի բնության մեջ նպատակահարմարությունը բացարձակ համարելով, նպատակահարմարությունը դիտում էին որպես օրգանական աշխարհի նախասկզբնական հատկություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 396