Jump to content

Նոր հավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր հավ
ՀեղինակՆար-Դոս
Ժանրպատմվածք
Լեզուհայերեն
ԵրկիրՀայաստան
Հրատարակման տարեթիվ1889
ՎիքիդարանՆոր հավ

«Նոր հավ», Նար-Դոսի պատմվածքը մի երիտասարդի մասին, որը կեղծ ազատասիրական գաղափաներով արդարացնում է իր բաժանումը կնոջից և երեխայից։

Պատմվածքի անհեռանկարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալ-հոգեբանական նկարագրի կրողներն այն մարդիկ են, որոնք մեծ գաղափարների ազատամիտ ճառաբանությամբ սքողում են իրենց ներքին դատարկությունը։ Նրանք, որպես կանոն, ավելի խիստ են ենթարկված գրողի անզիջում ծաղրին։ «Նոր հավը» պատմվածքի Մասխարյանցը բարձրավեհ ճառեր է ասում նոր ժամանակների ազատամիտ պատկերացումների, կնոջ իրավունքների մասին, բայց տանը անլուրջ ու մանր պատրվակներով ծեծում է կնոջը։ Կան նաև նախանշումներն այն կարգի հերոսների, որոնց մեջ գրողը ցանկանում է տեսնել նույնիսկ ազգափրկիչ գաղափարների ու անձնազոհության, նաև կայուն ինքնահաստատումների կրողներին։ Համանուն պատմավածքի հերոս Մինաս Փափախչյանը, գյուղից քաղաք գնալով, սկսում է արհամարհել գյուղացիներին, գյուղ չէր գալիս, որովհետև հոր վրայից հոտ է գալիս, իսկ գյուղի շներն էլ շատ կատաղած են[1]։

Պատմվածքը սկսում է գլխավոր հերոսի՝ Մասխարյանցի ճառով։ Ճառը վերաբերում է ապահարզանի խնդրին։ Մասխարյանցը վերջացնում է իր ոգևորված ճառը։ Փոքր սենյակում հավաքված էին առաջադեմ գաղափարներով ոգևորված պարոններ և օրիորդներ, որոնք հիացած ծափահարում էին ճառախոսին, որը մոտ կես ժամ ոգևորված խոսում էր։ Մասխարյանցն առնվազն էլի մի երկու րոպե շարունակ գլուխ էր տալիս սրան ու նրան, չէր հասկանում ինչպես արտահայտի իր շնորհակալությունը; Վերջապես դադարում են ծափահարությունները, քանի որ արդեն ժամը տասներկուսն էր, այդ իսկ պատճառով հավաքվածները վեր են կենում իրենց տեղերից, սեղմում տանտիրոջ ձեռքը և հեռանում իրենց տները։ Մասխարյանցը շտապ քայլերով հեռանում է։ Ճանապարհին նրա միտքը զբաղված էր իր ճառի տպավորություններով։ Նա միտք ուներ իր բերանից քարոզած նոր գաղափարները քարոզել և՛ գրավոր ձևով, սակայն վստահ էր, որ հալածվելու էր։ Այդ փաստը նրան երկյուղ չէր պատճառում․ ընդհակառակն, այն գիտակցումը, որ նա պիտի «զոհվեր» իր սրբազան գործի համար, ավելի էր ներշնչում անցնել իր ընտրած ճանապարհով։ Մասխարյանցն այն աստիճան ոգևորված էր իր գաղափարով, որ բոլորովին չի հասկանում, թե ինչպես է անցնում ճանապարհը և հասնում հյուրանոց, ուր ամեն գիշեր սովորություն ուներ գնալու։ Նա բարձրանում է աստիճաններով, անցնում երկար միջանցքով և բացում է սենյակներից ամենափոքրի դուռը, որը փակ չէր և ներս է մտնում։ Սենյակում սեղանի վրա լամպը վառ էր։ Մահճակալի վրա, շորերը հագին, ձեռքերը գլխի տակ դրած, գանգուր, շեկ մազերով երեսն ի վեր պառկած էր մի գեղեցիկ, նորատի կին։ Կինը քնած էր։ Մասխարյանցը դուռը կամաց բացում է, ոտքերի թաթերի վրա կամաց մոտենում է կնոջը և խոնարհվելով համբուրում նրա շրթունքները։ Կինը արթնանում է, վեր թռչում տեղից՝ կարծելով, թե այլ տղամարդ է ներս մտել։ Կինը հետաքրքրվում է, թե որտեղ է եղել Մասխարյանցը, որ ուշացել էր։ Մասխարյանցը պատասխանում է, որ ժողովի է եղել և այժմ բավականին հոգնած է։ Նորատի կինը նոր արդուզարդի համար գումար խնդրելուց հետո ընթրիք է պատվիրում և կես ժամ հետո Մասխարյանցն ու Մաշան ընթրում են, խմում։ Գիշերվա ժամը երեքն էր արդեն, որ Մասխարյանցը գնում է իր տուն։ Անհաստատ քայլերով բարձրանում է երկար պատշգամբը, կանգ է առնում, բռնում փոքր սենյակի դռնից և ամուր բախում։ Գիշերվա հագուստով, ցրտից կուչ եկած նրա կինը՝ Թամարան, դուռը բաց է անում։ Մասխարյանցը, չնայեց կնոջ դեմքին, ներս է մտնում։ Կինը կրկին փակում է դուռը։ Անհամարձակությամբ կինը ամունուն հարցնում է, թե ինչու է այդքան ուշացել։ Մասխարյանցը բարկանում է կնոջ հարցից և վիճում են։ Նա գնում է իր սենյակը, բայց նույն րոպեին դարձյալ վերադառնում է և վերջին անգամ կնոջը զգուշացնում է, որ այլևս իրեն ավելորդ հարցեր չտա։ Մասխարյանցն կնոջն ասում է, որ այլևս չի ուզում տեսնել նրան։ Կինը ցնցվում է և աղերսագին նայում է ամուսնուն։ Կինը հարցնում է, թե ինչու է այդպես ուզում ամուսինը։ Ամուսինը պատասխանում է, որ պատճառը կնոջ տգիտություն է։ Կինը ասում է, որ իրեն սովորեցնի ինչ հարկավոր է։ Նա պատասխանում է, որ իրեն հարկավոր չէ այնպիսի կին, որ նոր պետք է սովորի։ Կինը ասում է, որ ամուսինը առաջ տեղյակ էր, որ ինքը տգետ է և դա իմանալով հանդերձ ամուսնացել է նրա հետ։ Կնոջ այդ համարձակ պատասխանից ամուսինը ավելի է բորբոքվում։ Թամարն ընկնում է դռան մոտ՝ ծնկների վրա, զսպած հեկեկանքը խեղդում է նրա կոկորդը։ Փոքրիկը, երեք տարեկան աղջիկը, որ հոր գոռում–գոչյունների ձայնից արթնացել էր, նստում է մահճակալի վրա, ոչինչ չէր հասկանում։ Աղջիկը՝ լսելով մոր հեկեկանքը, ինքն էլ է սկսում լաց լինել։ Հետևյալ օրը գիշերը Թամարը հավաքում է իրերը և փոքրիկի հետ գնում հոր տուն։ Թամարի աչքերը լացելուց կարմրել էին, սիրտը լցված էր, ամեն րոպե կարող էր հեկեկալ։ Թամարը մտածում է, որ ամուսինը սիրում է ուրիշին, այդ իսկ պատճառով է այդ կերպ վռնդում նրան տնից։

  • Գրիգոր Մասխարյանց
  • Թամար՝ Մասխարյանցի կինը
  • Մասխարյանցի երեքամյա դուստր
  • Մաշա՝ Մասխարյանցի սիրուհին
  • օրիորդներ
  • պարոններ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան ԵՊՀ. էջ 261.