Նավզիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավզիկե
Ժանրպոեմ
Ձևչափածո
ՀեղինակԵղիշե Չարենց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1936
Առաջին ներկայացում1936
ՎիքիդարանՆավզիկե

Նավզիկե, հայ գրող Եղիշե Չարենցի պոեմներից, գրված 1936 թվականին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նավզիկե» պոեմը Եղիշե Չարենցը գրում է իր կյանքի դժվարին ժամանակներում և կոչել է իր «ամենաչքնաղ երկը»։ Պոեմը բնույթով քնարական է։ Հեղինակը պոեմը նվիրել է իր երկու կանանց՝ Արփենիկին և Իզաբելային։ Պոեմում ներկայացված է գունավոր, անհասանելի, առեղծվածային, մերթ աղջկա նման, մերթ եգիպտուհու, մերթ կնոջ և մերթ արվեստի գլուխգործոց կանանց նկարագիրը։ «Նավզիկե»-ում Չարենցը իր երազանքները նկարագրող բոլոր կանանց կերպարները ամբողջացրել է մի կնոջ մեջ[1]։

Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,

Բիլ ծովերում նավող նավակի մեջ`

Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –

Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն[2]

Պոեմում ներկայացվում է բեկբեկվող սիրո և մարդկայնության աննինջ կարոտների խորությունը[3]։

Սիրո իդեալի փնտրտուք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով,

Մերթ որպես կին՝ տեսած երազի մեջ,—

Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո —

Պատկերացել է ինձ — իմ Նավզիկեն[2] ։

Սա մի խոստովանություն է, որը ամենաբնութագրական գծերով նկարագրում է կնոջ ու սիրո իդեալի որոնման պատմությունը։ Այս որոնումների ճանապարհը Չարենցի մոտ ընթացել է բարդ ու հակասական, սխալներով, գտնումներով և կորուստներով։ Այս ամենին զուգահեռ նրա սիրո երգը մե՛կ բեկբեկուն թրթռացել է, մե՛կ զրնգացել հստակ, մեկ էլ տխուր ղողանջել։ Հեղինակի մոտ առաջացած բազմաթիվ ապրումներ՝ կարոտ, հիասթափություն ու վայելքի տարբեր ելևէջներ, պայմանավորված են եղել նրա խառնվածքով, ապրած կյանքով, ընթերցած գրքերով և այդ գրքրերից ստացած ազդեցություններով։ Չարենցը բռնում է անվերջ որոնումների ուղին։ Այդ որոնումները նրա մոտ սկսվում են անորոշ, թախծոտ ու տարտամ երազանքից։ Իր սիրո իդեալի փնտրտուքի ճանապարհը ձգվում է «Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ից մինչև «Նավզիկե»[4]։ Չարենցի, ինչպես նաև յուրաքանչյուր տղամարդու երազանքն է իր Նավզիկեն, ում կարոտում է ու չի հասնում երբեք։ Չարենցը ներկայացնում էր ամբողջ կյանքում իր որոնած և այդպես էլ չգտած Նավզիկեի մասին[1]

Նայադների՜ նման, նայադների՜ նման

Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,

Խոստանալով սիրո անհատնելի հմայք

Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ…[2]

Անվան մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր։ Իթակե նավարկելու ժամանակ նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի։ Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, այնուհետև նրան ներկայացնում հորը։ Երբ պարզվում է Ոդիսևսի ով լինելը, արքան օգնություն է տալիս Ոդիսևսին և նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք։ Ահա 1930-ական թվկաններին մղձավանջի մեջ գտնվող Չարենցն իր Նավզիկեին էր որոնում։ Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը։ Նա ևս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց՝ ի տարբերություն Ոդիսևսի։ Նա մահացավ բանտում՝ իր երազանքների հանգրվանին չհասած[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Եղիշե, Չարենց. «Նավզիկե».
  2. 2,0 2,1 2,2 Եղիշե, Չարենց (1987). Երկերի ժողովածու, չորս հատորով. Երևան: Սովետական գրող. էջեր 307-312։.
  3. Եղիշե, Չարենց (1983). Երկեր. Երևան: Սովետական գրող հրատարակչություն. էջեր 22։.
  4. Ժենյա, Քալանթարյան (2012). Եղիշե Չարենց, ուսումնասիրություններ. Երևան: ԵՊՀ Հրատարակչություն. էջեր 111։.