Նախալարված կառույցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախալարված կառույցներ, շինարարական կառույցներ, որոնցում նախապես (պատրաստման, խոշորացված հավաքման կամ մոնտաժի ընթացքում) ստեղծվում են կոնստրուկցիայի տարրերում օպտիմալ բաշխված լարումներ։ Ժամանակակից շինարարությունում նախնական լարումներն առավել լայնորեն կիրառվում են երկաթբետոնե կոնստրուկցիաներում և շինվածքներում, ինչպես նաև մետաղական կոնստրուկցիաներում։ Նախալարված կառույցները խիստ արդյունավետ են բարձրամուր նյութերի կիրառման և դրանց ֆիզիկամեխանիկական հատկությունների առավել լրիվ օգտագործման շնորհիվ։ Երկաթբետոնե նախալարված կառույցներում, որպես կանոն, նախապես ստեղծվում են սեղմման լարումներ՝ բետոնում և ձգման լարումներ՝ ամրանում։ Բարձրամուր պողպատների օգտագործման շնորհիվ այս կոնստրուկցիաներում ձեռք է բերվում ամրանային պողպատի զգալի տնտեսում (մինչև 70%), ապահովվում է դրանց դիմադրությունը ճաքերի առաջացմանն ու ընդարձակմանը (ճաքակայունություն), էապես մեծանում է կոնստրուկցիաների կոշտությունը (սովորական՝ նախալարված կոնստրուկցիաների համեմատությամբ)։ Երկաթբետոնե նախալարված կառույցներ նպատակահարմար է կիրառել այնպիսի թռիչքներով, բեռնվածքներով և աշխատանքի պայմաններով շենքերի ու ինժեներական կառույցների համար, երբ չնախալարված ամրանով կոնստրուկցիաների օգտագործումը զուգակցվում է զգալի տեխնիկական դժվարություններով կամ պողպատի ու բետոնի մեծ ծախսով։ Այս կոնստրուկցիաների կիրառումը նպատակահարմար է նաև ճնշումային խողովակաշարերի, ռեզերվուարների և այլ տարողությունների պատրաստման համար, որտեղ պահանջվում է անթափանցելիության ապահովում։ Մետաղական նախալարված կառույցները կիրառվում են կամուրջների թռիչքներում, ենթամբարձիչային հեծաններում, կայմերում, աշտարակներում, էլեկտրահաղորդման գծերի հենարաններում և այլ կառույցներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 156