Մուհամեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուհամեդի (որոշ աղբյուրներում՝ Մուհամեդի Հարավի Հերաթցի, 16-րդ դարի 2-րդ կես), պարսիկ նկարիչ-մանրանկարիչ։

Ոչ մի տեղեկություն չի պահպանվել նրա իսկական անվան վերաբերյալ, և ոչ էլ՝ որևէ կենսագրական մանրամասնություն, բացառությամբ ՝ծայրահեղ սակավ և կցկտուր տվյալների։ Օսմանյան պատմիչ Մուստաֆա Դավթանին, ով 1487 թվականին գրել է «Մանանիբ ի-Հունարվարան» տրակտատը (հայ՝ «Գովք տաղանդավոր մարդկանց որակների»), սխալմամբ նրան նույնականացրել է թավրիզցի նկարիչ, 1510-1576-ական թվականներին ապրած և հոր՝ Սուլթան Մուհամադի կողմից «Մուհամեդի» նիսբա ունեցող Միրզա Ալիի հետ։ Արդյունքում տվյալ սխալը հայտնվել է մի շարք ժամանակակից գիտական հրապարակումներում[1]։

Աշխատելով շահ Աբաս 1-ինի պալատում՝ նա, ինչպես համարվումէ, եղել է ուսուցիչ և ազդեցություն է ունեցել պարսիկ պալատական շատ նկարիչների վրա, որոնց թվում՝ նաև Ռեզա-ի Աբասի։

Հետազոտող Ա. Ուելչը գտնում է, որ Մուհամեդին աշխատել է Սեֆյանների պալատում, ընդ որում՝ 1570-ական թվականներին՝ Կազվինում, իսկ 1578 թվականից մինչև 1587 թվականը՝ Հերաթում[2]։ Բ. Ռոբինսոնը, հակառակը, ենթադրում է, որ նկարիչը ստեղծագործել է մոտավորապես 1560 թվականից 1590 թվականն ընկած ժամանակահատվածում և միայն Հերաթում[3]։

Մուհամեդին հայտնի էր առաջին հերթին որպես իր ժամանակներում ձեռագրերի նշանավոր նկարազարդիչ, ով ուներ իր ուրույն ոճը և, ինչպես ընդունված է համարել, առաջինն էր պարսիկ նկարիչների մեջ, որ իր մանրանկարները սկսեց պատկերել գրքերի առանձին էջերի վրա։ Նրա աշխատանքներից է Նիզամիի «Համսե»-ի նկարազարդերը՝ ստեղծված 16-րդ դարի 2-րդ կեսերին։ Այժմ դրանք պահպանվում են Ստամբուլի Տոպկանի պալատի թանգարանում։

Մուհամեդիի աշխատանքները ներկայացված են տարբեր թեմատիկաներով արված նկարներում՝ եղերերգա-հովվերգական («Համերգ Համզա Միրզայի համար» կտավը), երիտասարդ տղայի և աղջկա բանաստեղծական կերպարներով («Սիրահարները» նկարը, նաև՝ նախորդիվ հիշատակվածը այժմ պահպանվում են Բոստոնի նուրբ արվեստների թանգարանում), «Գեղարդով երիտասարդ դերվիշը» (պահվում է Հնդկաստանի Ազգային գրադարանում), ինչպես նաև դիմանկարներ, որոնցից առավել հայտնին Ալիկուլի-խանի դիմանկարն է՝ նկարված մոտ 1584 թվականին, այժմ գտնվում է Տոպկանի պալատի թանգարանում։

Մուհամեդին ունեցել է գեղանկարչության իր սեփական ոճը (երբեմն «խորասանյան» կոչվող), որի բնութագրական հատկանիշները համարվում են պատկերների համամսնությունները և նրանց դիրքերի թեթև անկայունությունը։ Նրա աշխատանքներին բնորոշ են նկարներում առկա էլեգանտ գծերը, տոնային մեղմ կոլորիտը,դետալների գեղագրական ճշգրիտությունը և նրբագեղության և էքսպրեսիայի համադրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Persia (RLE Iran A): History and Heritage. John A Boyle, 2012. P.84.
  2. [Welch A.W. Painting and patronage under Shah Abbas I.//Studies of Isfahan. Chestnut Hill. 1974. Vol.2.]
  3. [Robinson B.W. Muhammadi and the Khurasan style.//Iran, 1992. Vol.30.]